Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պատմականորեն դատապարտված «ռուսական» համակարգը եւ մենք

Հունիս 21,2016 22:00

Մենք նույնիսկ երկար մտածելու ժամանակ չունենք

Մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ջանք ու եռանդ չի խնայում՝ փորձելով համոզել Արեւմուտքին վերականգնել հարաբերություններն իր երկրի հետ: Միեւնույն ժամանակ, նա պատրաստ չէ եւ չի կարող պատրաստ լինել որեւէ քայլի, որն ուղղված կլինի իր երկրում որեւէ էական համակարգային փոփոխության: Իսկ դա նշանակում է, որ հնարավոր չէ խոսել նաեւ արտաքին քաղաքական ռազմավարության փոփոխության մասին:
Սանկտ Պետերբուրգում օրերս տեղի ունեցավ հերթական Միջազգային տնտեսական համաժողովը, որին ներկա էին մի շարք բարձրաստիճան եւ ազդեցիկ անձինք. Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին, ինչպես նաեւ համաշխարհային բիզնեսի եւ ինտելեկտուալ վերնախավի ամենավառ ներկայացուցիչները` «Բոինգ» կորպորացիայի նախագահ Մարկ Ալենը, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) պրոֆեսոր Լորեն Գրեհեմը եւ այլք:

Ինտելեկտուալ դաշտում բախվեցին ոչ միայն երկու աշխարհայացքներ, այլեւ երկու դարաշրջաններ. 21-րդ դարի ազատ, մարդակենտրոն, պայմանականորեն՝ «արեւմտյան» մտածողությունն ու ավտորիտար, իշխանակենտրոն, մարդու առաջնահերթությունը մերժող, պայմանականորեն՝ «ռուսականը»: Այո՛, պայմանականորեն, քանզի նույն «ռուսական» համակարգում ծնվում են նաեւ Անդրեյ Սախարով եւ Յուրի Աֆանասեւ, իսկ «արեւմտյանում»` նաեւ Հիտլեր եւ Բրեյվիկ:

Անշուշտ, Պետերբուրգյան հանդիպումն ուներ ընդգծված քաղաքական ենթատեքստ, որը վաղուց ծանոթ է եւ անփոփոխ: Չնայած ՌԴ նախագահ Պուտինն առաջին անգամ կայսերապաշտ ականջին խորթ հայտարարություն արեց՝ ասելով, որ ԱՄՆ-ն աշխարհի միակ գերտերությունն է, եւ «մենք դա ընդունում ենք», սակայն ասաց նաեւ, որ «մեզ պետք չէ, երբ նրանք խառնվում են մեր գործերին» եւ «խանգարում են» Եվրոպային՝ «հարաբերություններ կառուցել մեզ հետ»:

Համաձայն հաղորդագրության՝ ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Տիգրան Սարգսյանը նույնպես քարոզում էր «ոչ թե պատեր կառուցել, այլ կամուրջներ»՝ առանձնապես չխորանալով, թե ինչ պատեր, ինչ պատճառով եւ ով է կառուցում: Պարզ է, որ Եվրոպային ԱՄՆ-ը չի կարող «խանգարել», եթե կես միլիարդ բնակչություն ունեցող Եվրոպան ինքը Ռուսաստանին սպառնալիք չհամարի: Ղրիմի դեմ մեկ տարով երկարաձգելով առանձին կոշտ պատժամիջոցները՝ Եվրոպան առաջիկա օրերին երկարաձգելու է եւս կես տարով պատժամիջոցները նաեւ բուն Ռուսաստանի նկատմամբ: Այնպես որ՝ հռետորաբանությունը ոչ ոքի էապես չտպավորեց, եւ ընդհանրապես, 21-րդ դարում տպավորում են միայն արդյունքները:
Իսկ արդյունքների մասին ուշագրավ մտքեր արտահայտեց պրոֆեսոր Լորեն Գրեհեմը, ինչն ըստ մեկնաբանների՝ ուղղակի «պայթեցրեց» դահլիճը, չնայած, ըստ էության, այդտեղ որեւէ նոր բան չկար: Նա ընդամենը պարզ հարց տվեց. ի՞նչն է խանգարում, որպեսզի Ռուսաստանում, որտեղ ծնվում են հրաշալի գաղափարներ, այդ գաղափարները ներդրվեն եւ վաճառվեն: Եվ այդ հարցի պատասխանն ամենեւին էլ ռուսների մոտ տաղանդի բացակայությունը չէ, ընդհակառակը՝ ռուս մասնագետները հրաշալի պրոֆեսիոնալներ են: Պատասխանը նրանում է, որ Ռուսաստանին այդպես էլ չհաջողվեց կառուցել մի հասարակություն, որտեղ քաղաքացիների փայլուն նվաճումները կարող են ելք գտնել տնտեսական զարգացման մեջ:

Ռուսաստանի բոլոր ղեկավարները, ասում է պրոֆեսորը, սկսած սոցիալիզմից մինչեւ մեր օրերը՝ համարել են, որ արդիականացման հիմնախնդրի պատասխանը բուն տեխնոլոգիաների մեջ է, այլ ոչ թե հասարակական-տնտեսական միջավայրի, որը նպաստում է նրանց զարգացմանը եւ կոմերցիալիզացմանը: MIT-ի հաջողության բանալին ոչ թե իր սեփական մշակույթում է, այլ Բոստոնի եւ ընդհանրապես՝ ԱՄՆ մշակույթում: Այդ ի՞նչ մշակութային գաղտնիքներ են, որոնք թույլ են տալիս գաղափարներին վերածվել բիզնեսի տեսակետից հաջողակ ձեռնարկությունների:
Եվ Լորեն Գրեհեմն ինքն էլ տալիս է այդ հարցի պարզ պատասխանը. կառավարման ժողովրդավարական համակարգ, ազատ շուկա, որտեղ ներդրողները նոր տեխնոլոգիաների կարիքն ունեն, ինտելեկտուալ սեփականության պաշտպանություն, հսկողություն կոռուպցիայի եւ հանցավորության նկատմամբ, իրավական համակարգ, որտեղ ամբաստանյալը հնարավորություն ունի ապացուցելու իր անմեղությունը: Այդ մշակույթը թույլ է տալիս քննադատական արտահայտություններ, անկախություն, այնտեղ կարելի է ձախողվել, որպեսզի կրկին փորձել:

Ներկայումս, ասում է ամերիկացի պրոֆեսորը, Ռուսաստանի ղեկավարները փորձում են արդիականացում իրականացնել, սակայն, ավա՜ղ, իրենց նախորդների հունով փորձում են առանձնացնել տեխնոլոգիաները հասարակական-քաղաքական համակարգերից: Նրանք ասում են, որ սատարում են Սկոլկովոյին՝ Սիլիկոնե հովտի այդ թանկարժեք կլոնին, բայց միեւնույն ժամանակ, շարունակում է Գրեհեմը, ներողամտություն հայցելով՝ արգելում են ցույցերը, ճնշում քաղաքական ընդդիմախոսներին եւ ձեռներեցներին, որոնց մոտ կուտակվել է բավականաչափ իշխանություն, որպեսզի նրանց մարտահրավեր նետեն: Նրանք ստորագրում են օրենքներ, որոնք մեղադրում են ռուսաստանցիներին, ինչ է թե՝ նրանք համագործակցում են ուրիշների հետ, ինչպես նաեւ սատարում են ավտորիտար ռեժիմներին: Այդպիսի քաղաքականությունը չի կարող բերել հասարակության զարգացման, որտեղ բարգավաճում են ռիսկային ձեռներեցները եւ նորարարները: Այդպիսի քաղաքականությունը կարող է բերել միայն մի հասարակության, որտեղ մարդիկ գլուխները կորցնում են` զգուշանալով պատժից: Արդիականացումը, ցավոք սրտի, նրանց համար նշանակում է նոր տեխնոլոգիաների ստացում՝ հրաժարվելով տնտեսական եւ այլ սկզբունքներից, որոնք առաջ են տանում այդ տեխնոլոգիաները եւ հասցնում հաջողության ուրի՛շ վայրերում: «Նրանց պետք է կաթ՝ առանց կովի», – եզրափակում է Լորեն Գրեհեմը…

…Իր վարչապետության տարիներին նույն Տիգրան Սարգսյանն էլ էր խոսում «գիտելիքահեն» տնտեսության, բարձր տեխնոլոգիաների մասին, նույն բաներից խոսում է նաեւ Հովիկ Աբրահամյանը:

Բայց, կրկնենք, խոսքերը ոչ ոքի չեն տպավորում, տպավորում են արդյունքները: Իսկ արդյունքները հայտնի են: Հանձնելով ռուսական պետությանը քաղաքական որոշումներ ընդունելու լծակները կարեւորագույն ոլորտներում՝ անվտանգություն, պաշտպանական քաղաքականություն, արտաքին քաղաքականություն, տնտեսություն, ներմուծում, արտահանում, մաքսային եւ հարկային քաղաքականություն՝ Հայաստանը դրա դիմաց ստացել է «ռուսական» համակարգի ներքին ախտերի ողջ համալիրը՝ օլիգարխիա, կոռուպցիա, բիզնեսի եւ քաղաքականության սերտաճում, մենաշնորհներ, պետական կամայականություններ ընդդեմ բիզնեսի եւ քաղաքացու եւ այլն: Իհարկե, բարեբախտաբար, կյանքն ապացուցել է, որ Հայաստանը Ռուսաստան չէ՛ եւ Ռուսաստան չի՛ դառնա: Որքան էլ մեզ մոտ նույնպես ընդդիմախոսին եւ ըմբոստ ձեռներեցին փորձեն խեղճացնել հարկային-մաքսային-ԴԱՀԿ-դատախազ-քննիչ-ոստիկանով, այնուամենայնիվ, Հայաստանն ուժեղ է իր հասարակությամբ:

Հայաստանում աշխատում է 15000 ՏՏ-ոլորտի մասնագետ, որոնք կախում չունեն պետությունից, իշխանությունից եւ նրանց «սիրելիներից»: Նրանց մեծ մասը երիտասարդներ են, եւ նրանց հաջողությունները, ընդ որում՝ ոչ միայն մասնագիտական, այլեւ ինչու ոչ՝ քաղաքական ոլորտում, դեռ առջեւում են:
Սակայն այստեղ առայժմ առկա է նույն վտանգը. կա՞ արդյոք այդ շրջանակում այն գիտակցումը, որ առանց արմատական հասարակական-քաղաքական փոփոխությունների նրանց մասնագիտական առաջխաղացումը կդառնա Հայաստանում անհնարին, կամ նրանք էլ ստիպված կլինեն արտագաղթելու: Հետեւաբար՝ առանց քաղաքական շահի հստակ ձեւակերպման, այդ շահի «ինստիտուցիոնալացման» եւ հետագա կյանքի կոչման՝ Հայաստանը ներկայիս «միջանկյալ» վիճակից առաջ, դեպի ապագա չի գնա: Ավելին, լինելով հակառակը, այն կխփի ոչ միայն իրենց մասնագիտական ոլորտին, այլեւ ուղղակի տասնամյակներով կընկղմի հետամնացության ճահճի մեջ ողջ պետությունը: Ի վերջո, մենք չենք կարող սպասել, թե երբ է մեր ռազմավարական դաշնակիցը բարեհաճելու դարին համաքայլ եւ համահունչ ընթանալ կամ ընդհանրապես՝ բարեհաճելո՞ւ է, թե՞ ոչ, երբ աշխարհը զարգանում է գնալով արագացող տեմպերով:

Բացի երկրի ինքնիշխանության էական կրճատումից եւ այդ ուղղությամբ առայժմ բացասական միտումներից՝ էական է նաեւ այն, որ իշխանության էական հատվածի մոտ, հատկապես քրեական եւ օլիգարխիկ մտածողության կրող հատվածի, ներքաղաքական շահը, ինչպես նաեւ «մեծ եղբոր» օրինակով եւ նմանությամբ՝ մեծ է գայթակղությունը, որ «գիտելիքահեն» հռետորաբանության ծխածածկույթի ներքո շարունակեն հումքի քվոտավորված եւ անխնա թալանի պրակտիկան՝ պահպանելով պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ձեւակերպմամբ՝ «պոմիդորահեն» տնտեսության օլիգարխիկ հիմքերը: Ուղղակի նայեք եւ ունկնդրեք մեր «գիտելիքահեն» օրենսդիրներին եւ կառավարությանը՝ առանց մեկնաբանությունների…
Եթե ԽՍՀՄ օրոք «սոցիալիզմի» ուղով ընթանալու մասին այս կամ այն երկրի ղեկավարների հայտարարությունները եւ գործելակերպը մեծ ոգեւորություն էին առաջացնում ԽՍՀՄ զառամյալ պոլիտբյուրոյի դոգմատիկ անդամների մոտ, իսկ այդ ուղուց շեղվելն, ասենք, Չեխոսլովակիայի օրինակով՝ զայրույթ ընդհուպ մինչեւ ներխուժում, ապա ներկայիս Ռուսաստանի գաղափարազուրկ, նյութապաշտ վերնախավն իրեն չի ծանրաբեռնում ինչ-ինչ գաղափարական պայմանականություններով: Սակայն այստեղ յուրային-ոչ յուրայինի ջրբաժանը յուրովի «գաղափարական» է. որքան հակաազատական, հակաարեւմտյան, կոռումպացված, քրեականացված, օլիգարխիկ, այնքան «յուրային»: Եվ այդ «արժեքներից» հետքայլը նույնպես ընկալվում է այսօրվա Մոսկվայում թշնամաբար, ընդհուպ միչեւ ներխուժում, ինչպես, ասենք, Վրաստանում կամ Դոնբասում, որակվում որպես «ռուսատյացություն» կամ «ծախվել Պետդեպին», կամ էլ ուղղակի «ֆաշիզմ»:

Պրոֆեսոր Գրեհեմի գնահատականները, ցավոք սրտի, նույնչափ առնչվում են նաեւ Հայաստանին, նրա հասարակական-քաղաքական համակարգին, այդ համակարգի արատներին, ինչպես նաեւ իշխանությանը, որն առնվազն ֆորմալ առումով պատասխանատու է այս ամենի համար:

Եվ եթե Ռուսաստանն իր բոլոր հասարակական «էքսպերիմենտների» արդյունքում ԽՍՀՄ հետքերով կփլուզվի, ապա Հայաստանը, եթե շարունակի հետեւել նրա օրինակին, կհասնի նրան, որ ուղղակի կմնա այդ փլատակների տակ: Ուստի օր առաջ է պետք գիտակցել, որ այս՝ պատմականորեն դատապարտված «ռուսական» համակարգն ուղղակի կենսականորեն հակացուցված է Հայաստանի Հանրապետությանը եւ իրենից ներկայացնում է մեր պետականության հետագա գոյության թիվ մեկ սպառնալիքը:

Մի շարք կուսակցություններ եւ քաղաքական նախաձեռնություններ Հայաստանում այսօր իսկ գիտակցում են այդ վտանգները եւ համագործակցում ՏՏ-ոլորտի քաղաքականապես ակտիվ շրջանակի հետ՝ կառուցելով դրական իմաստով հավակնոտ ծրագրեր 2017թ. ընտրություններին ընդառաջ: Դրական միտումներով հանդերձ, այնուամենայնիվ, պետք է ասել, որ առայժմ այդ գործունեության մասշտաբները բավարար չեն որակական փոփոխությունները նշմարելի դարձնելու համար: Կընդունի, թե ոչ Ռուսաստանը եւ նրա՝ հասարակությունից ավանդաբար կտրված ղեկավարությունն ամերիկացի պրոֆեսորի հորդորը՝ դա իրենց խնդիրն է, իսկ Հայաստանին անհրաժեշտ է այս ամենն ուղղակի օր առաջ «ականջին օղ անել», քանզի մենք նույնիսկ երկար մտածելու ժամանակ չունենք:

 
ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ»

21.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930