«Տպավորությունը բավականին դրական է, բայց ժամանակ է պետք հասկանալու համար` պայմանավորվածությունները որքանո՞վ իրական կդառնան»,-«Փաստարկ» մամուլի ակումբում հունիսի 21-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման եւ ձեռք բերված պայմանավորվածության շուրջ նման հարցադրում արեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Նրա դիտարկմամբ` երբ Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները վերսկսվեն, Մինսկի խմբի համանախագահողների կողմից ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի վրա ճնշումները կմեծանան. «Պարզ է, որ նրանք պետք է ուզենան ինչ-որ «բավարարող բան» տալ Ադրբեջանին: Դա կարող է այսպես լինել` կմշակեն համապարփակ համաձայնագիր, որը կարող է այլ հետեւանքներ ունենալ: Եթե այն մշակեն առանց հիմնական սկզբունքների շուրջ համաձայնությունների, կարող է գալ մի պահ, որ համանախագահներն ասեն` «լավ, եթե այսքանի շուրջ համաձայնվել եք, եկեք այսքանն էլ իրագործենք»: Այսինքն, մադրիդյան սկզբունքները, որոնք ընկալվում էին որպես փաթեթային լուծում, կարող են դառնալ որպես հանգրվանային լուծում, ինչը մեր շահերից չի բխում»:
Կիրո Մանոյանը չի բացառում, որ Ադրբեջանը համաձայնի հետաքննական սարքավորումների տեղադրման պայմանին, բայց դա կլինի այդ երկրի վրա ճնշումների արդյունք. «Հիմա ճնշումն ավելի շատ Ադրբեջանի վրա է, հետո կլինի Հայաստանի վրա»:
Բանախոսը նաեւ փաստեց, որ հակամարտող կողմերին բանակցային սեղանին բերելու հարցում Ռուսաստանն ավելի ակտիվ է մյուս համանախագահող երկրներից, որոնք էլ իրենց հերթին կփորձեն այդ հարցում մրցակցել եւ դրական ազդել գործընթացի վրա:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները` տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ