Լրահոս
Օրվա լրահոսը

Բուժաշխատողներն իրենց մեկ միլիոնանոց մրցանակները տվեցին զինվորական հոսպիտալին

Հունիս 21,2016 15:25

«Ծննդալուծել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդ 150 կին, ե’ւ ոչ մի նորածին վարակ չկրի, դա, իսկապես, հերոսություն է»,-այսօր Բժշկական համալսարանի դահլիճում ասաց առողջապահության նախարարության գլխավոր գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը:

Բուժաշխատողի օրվա առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ բժիշկ Աբրահամյանը ոլորտի այլ հաջողություններ էլ թվարկեց: Ասաց, որ եթե 2000 թ.-ին մայրական մահացության ինդեքսը մեր երկրում 40-ն էր, ապա 2012-2014 թթ. այն նվազել է` դառնալով 18:

Ըստ նրա, հաղթահարել են մեր երկրի համար կարեւոր`անպտղության խնդիրը. «Եթե 2000-ին երկրորդային անպտղությունը կազմում էր 28 %, առաջնայինը` 4, ապա 2015-ին հանրապետական ուսումնասիրության արդյունքում այն նվազել է երկու եւ կրկնակի անգամ` ժամանակակից մեթոդների կիրառման շնորհիվ, լապարոսկոպիան, արտամարմնային բեղմնավորումը եւ այլն»:

Գլխավոր գինեկոլոգի խոսքերով, զգալի պակասել է նաեւ հղիության ընդհատումների թիվը: Եթե 2000 թ.-ին ամեն մի ծննդաբերությանը բաժին էր ընկնում 5 հղիության ընդհատում, ներկայումս, ամեն մի հղիության ընդհատմանը բաժին է ընկնում 5 ծննդաբերություն. «Տարեկան ունենում ենք 8 հազար հղիության ընդհատում, բայց ունենք 40-42 հազար ծննդաբերություն»:

Ռազմիկ Աբրահամյանը, սակայն, գտնում է, որ դեռեւս չենք հաղթահարել հղիության ախտաբանության բարձր մակարդակը, պտղի զարգացման արատները, դեռահասների առողջության հետ կապված խնդիրները: Նա ասաց, որ դրանց լուծման ուղիները վերարտադրողական առողջության ռազմավարությունով են ամրագրված, որը սահմանվել է 2016-2020 թթ.-ի համար: Ռազմավարությամբ ամրագրված է նաեւ ծնելիության բարձրացման խնդիրը:

Բուժաշխատողի օրը մի քանի բուժհիմնարկներ` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչը», Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտը, «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնը» եւ Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական հոսպիտալը պարգեւատրվեցին «Էմիլ Գաբրիելյանի» անվան մրցանակներով:

1Մեկ մրցանակ էլ ստացավ Բժշկական համալսարանի դեղագործության ֆակուլտետի ուսանողուհի Լիլիթ Թադեւոսյանը` «Տարվա ուսանող» անվանակարգում: Մրցանակները, որը նաեւ գումարային էր, տրամադրել էր «Էմիլ Գաբրիելյան» հիմնադրամը: Այն ստեղծել են առողջապահության նախկին նախարար, ականավոր բժիշկ, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների գործակալության հիմնադիր, ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի հարազատները:

IMG_9019 IMG_9018Հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանին մրցանակը հանձնեց գրող, հրապարակախոս Զորի Բալայանը: Նրա խոսքերով. «Էմիլ Գաբրիելյանը 4 տարեկան էր, որ Ստալինը նրա հորը տարավ, ես երկու տարեկան էի, իմ հորը եւս Ստալինը տարավ: Էմիլ Սամսոնիչը Աստծո շնորհքով ծնվել է, որպեսզի դառնա բժիշկ»:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի տնօրեն Արա Մինասյանն ասաց, որ հիմնադրամի կողմից տրված գումարին էլ բուժհիմնարկն իր կողմից կավելացնի եւս մեկ միլիոն եւ կտա հոսպիտալին:

Նրա օրինակին հետեւեց նաեւ Ռազմիկ Աբրահամյանը, որը Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի (Հանրապետական ծննդատուն) տնօրենն է:

Armen MuradyanԱռողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շնորհավորելով բուժաշխատողներին՝ ասաց. «Սովորաբար ես առանձնահատուկ շնորհավորում եմ այն բուժաշխատողներին, որոնք տոնական օրն անցկացնում են վիրահատարաններում, վերակենդանացման բաժանմունքներում` հիվանդի մահճակալի կողքին, շտապօգնության մեքենաներում, ինչպես նաեւ ռազմական բժիշկներին, որոնք հոգ են տանում մեր երկրի անառիկությունը պահող հայ զինվորների առողջության մասին։ Բայց այս անգամ առավել մեծ երախտիքով ուզում եմ հիշել բոլոր այն բուժաշխատողներին, որոնք մասնագիտական ու մարդկային բարձր մղումներով նվիրվեցին ապրիլյան քառօրյա պատերազմում վիրավորված զինվորների ու կամավորների ինչպես հիվանդանոցային, այնպես էլ` վերականգնողական բուժման գործին»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930