Քննչական կոմիտեն երկուշաբթի՝ հունիսի 20-ին, հայտարարություն էր տարածել, թե մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը եւ պահելը կազմակերպելու կասկածանքով Ժիրայր Սեֆիլյանը ձերբակալվել է: Շրջանառվեցին կարծիքներ, որ Սեֆիլյանի ձերբակալումը քաղաքական հալածանք է եւ կապ ունի Սարգսյան-Պուտին-Ալիեւ հանդիպման հետ:
Հունիսի 21-ին լրագրողները Մամուլի ազգային ակումբում Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովին խնդրեցին մեկնաբանել կատարվածը:
«Քննչական գործողությունները շարունակվում են, հետաքննությունը իրականացնում են, դեռ չի ավարտվել: Պարոն Ժիրայր Սեֆիլյանը ունի փաստաբան, ամեն ինչ հրապարակային պետք է լինի, եւ սա այն հարցը չէ, որը ես պետք է մեկնաբանեմ: Իմ խնդրանքը ձեզ՝ հղում անել միայն փաստերին, ի վերջո ամեն ինչ պետք է լինի հրապարակային, ե՛ւ դատավարությունը, ե՛ւ փաստաբանը կխոսի: Ես զերծ կմնամ որեւէ գնահատականներ հնչեցնելուց, առավել եւս քաղաքական դրդապատճառներ, իմ կարծիքը թո՛ղ մնա ինձ, բայց մարդկանց իրավունքն է տեսնել կամ չտեսնել: Խնդիրը իրավական տիրույթում է, եւ իրավապահ մարմինների մենաշնորհն է բացառությամբ զբաղվել այս հարցով»,- ասաց նա:
Նա հորդորեց հարգել անմեղության կանխավարկածը եւ հնարավորություն տալ դատական մարմիններին կատարել օրենսդրությամբ սահմանված իրենց պարտականությունները. «Իմ կարծիքով՝ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական հալածանքների ժամանակները անցյալում են»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ