Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռուսաստանը չի կարող աջակցել, մեր տեսանկյունից, եղբայրասպան այդ պատերազմի կողմերից որևէ մեկին. Եվգենի Սատանովսկի. Haqqin.az

Հունիս 21,2016 13:45

Ադրբեջանական Haqqin.az լրատվամիջոցը ծավալուն հարցազրույց է հրապարակել Ռուսաստանի Դաշնության ամենահայտնի արևելագետներից մեկի՝ Եվգենի Սատանովսկիի հետ, որը նաև գլխավորում է ՌԴ Մերձավոր Արևելքի ինստիտուտը։

Սատանովսկին վերջերս այցելել էր Հայաստան և Արցախ և ադրբեջանական լրատվամիջոցին պատմել է իր տպավորությունների մասին։ Առաջին իսկ հարցում լրագրողն ասել է, թե զարմացած է, որ ռուս արևելագետը որոշել է այցելել «ադրբեջանական բռնազավթված հողեր» և խնդրել է պարզաբանել, թե որն էր Սատանովսկիի այցի նպատակը։ Ռուս արևելագետը պատասխանել է. «Չեմ հասկանում Ձեր զարմանքը։ Ես սովոր եմ ամեն ինչին նայել սեփական աչքերով։ Եթե կա հակամարտություն, անհրաժեշտ է նայել դրան սեփական աչքերով։ Ինչ վերաբերվում է հարցին, թե ինչ նպատակով եմ մեկնել Արցախ՝ առաջին հերթին այն պատճառով, որ այնտեղ ապրում են մարդիկ։ Ադրբեջանի համար դրանք անջատողականներ են, իսկ Մոսկվայում տարբերություն չեն դնում Բաքվում, Երևանում կամ Ստեփանակերտում ապրողների միջև»։

Լրագրողը խնդրել է արևելագետին ներկայացնել, թե ինչ եզրահանգումների է եկել Արցախ կատարած այցից հետո։ Սատանովսկին հարցին պատասխանել է հետևյալ կերպ. «Կարո՞ղ է արդյոք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակել պատերազմը, ինչպես դա տեղի ունեցավ ապրիլին։ Կարող է։ Կարո՞ղ է արդյոք հաղթել պատերազմը։ Իմ կարծիքով՝ ոչ։ Այսօր այդ տարածքը (նկատի ունի Լեռնային Ղարաբաղը,-խմբ.) բաժանվել է Ադրբեջանից և չի վերադառնա դրա կազմ։ Որպեսզի Ղարաբաղը վերադառնա Ադրբեջանի կազմ, անհրաժեշտ է այդ տարածքների ամբողջ բնակչության ֆիզիկական բնաջնջում։ Եթե Ադրբեջանը կարողանա դա անել, այդ դեպքում Ղարաբաղը կվերադառնա իր կազմ։ Պարզապես հարկավոր է ինքդ քեզ հարց տալ՝ ինչպիսի՞ն կլինեն հետևանքները, և կարո՞ղ է արդյոք Ադրբեջանը անել դա։ Հասկանո՞ւմ եք՝ հարցեր կան, որոնք անհնար է լուծել, և Ղարաբաղյան հակամարտությունը հենց այդ դեպքն է։ Միակ բանը, որ կարելի է անել՝ դադարեցնել այն, դադարել սպանել միմյանց և հասկանալ, որ դա, ինչպես ձեզ մոտ են ասում՝ ղըսմեթ է (բառը թարգմանաբար նշանակում է բախտ, ճակատագիր,-խմբ.)։

Լրագրողը հարցրել է Սատանովսկիին՝ արդյոք Հայաստան և Արցախ կատարած այցի ընթացքում նկատե՞լ է ռուսատյացության դրսևորումներ։ «Իհարկե նկատել եմ, բայց ես դա չէի անվանի ռուսատյացություն, դա ավելի շուտ վիրավորանք է և մեծ վիրավորանք։ Բայց Ռուսաստանը չի կարող աջակցել մեր տեսանկյունից եղբայրասպան այդ պատերազմի կողմերից որևէ մեկին»,- պատասխանել է Սատանովսկին։

Նա ասել է նաև, որ Արցախում բնակվող հայերին ոչնչացնելու համար Ադրբեջանի կրած կորուստների չափը անհամատեղելի կլինի այդ պետության բնականոն գոյության համար։

Շարունակելով միտքը՝ ռուս արևելագետն ասել է. «Ադրբեջանը ոչ բարեկամ շատ հարևաններ ունի։ Առաջին հերթին՝ Թուրքիան և Իրանը։ Անջատողականությունը կարող է ծագել ոչ միայն հայերի հետ հարաբերություններում։ Պատերազմը, անխոս, կթուլացնի Ադրբեջանը, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ դուք հիանալի ավար եք բոլոր նրանց համար, որոնց հարկավոր է ձեր նավթն ու գազը, ապա ձեզ վրա տարբեր կողմերից կհարձակվեն այնպիսի քանակությամբ բարեկամներ և թշնամիներ, որ կստեղծվի շատ տխուր իրավիճակ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930