Այսօր «Արմենպրես» մամուլի սրահում ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին լրագրողները հարցրեցին՝ Ղազախստանը ՀԱՊԿ անդամ է, նաեւ ԵՏՄ անդամ, ի՞նչ կարծիք ունեք Ղարաբաղյան հարցի կարգավորման հետ կապված եւ խոսում եք ահաբեկչության դեմ ձեր պայքարի մասին, չպե՞տք է գնահատական տայիք, թե հայ-ադրբեջանական պատերազմում ով է իրական մեղավորը:
Դեսպանը պատասխանեց. «Նախ, ԵՏՄ-ն համագործակցություն է տնտեսական հարցերի շուրջ, մենք չպետք է քաղաքականացնենք մեր տնտեսական ինտեգրումը, քանի որ ցանկացած քաղաքականացում կբերի տնտեսական ինտեգրացման խնդիրների եւ ԵՏՄ-ն չի տա այն արդյունքը, ինչ մենք ակնկալում ենք ունենալ: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, կարող եմ ասել, որ Ղազախստանի կառավարությունը միշտ շատ պատասխանատու է մոտենում ՀԱՊԿ-ում ստանձնած իր պարտականություններին»:
Ինչ վերաբերում է ղարաբաղյան հարցին՝ դեսպանն ասաց, որ իրենք խաղաղ կարգավորման կողմնակից են. «Ուզում ենք, որ շփման գծում այլեւս կրակ չլինի, պահպանվի հրադադարի ռեժիմը: Ինչ վերաբերում է այն գործողություններին, որոնք այստեղ ընդունված է անվանել քառօրյա պատերազմ, դա մեզ, իհարկե, շատ մտահոգում է: Այդ բախումները առաջին հերթին բերել են մարդկային կորուստների եւ մենք, անկեղծ ասած, ցավում ենք երկու կողմերի զոհերի համար էլ: Այդպես չպետք է լինի, սա 21-րդ դարն է: Ինչ վերաբերում է գնահատականներին, մենք, ցավոք, ավելի ճիշտ՝ այդպես ստացվել է, որ մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի մեջ չենք մտնում»:
Նա ասաց, որ իր համար էլ, որպես անձ, որը գտնվում է ՀՀ-ում, տեղեկատվական այս պատերազմների դարում դժվար է հասկանալ պատերազմների, բախումների մոտիվները, հեշտ չի գլուխ հանել դրանից, ինչ վերաբերում է ապրիլյան դեպքերին, նա վստահեցրեց, թե արդեն վաղուց իրենց աջակցությունն են հայտնել՝ բացառապես խնդրի խաղաղ կարգավորման համար:
Կարդացեք նաև
Դեսպանը հիշեցրեց, որ 1992-ին Ելցինի հետ Նազարբաեւը գնացել է Ստեփանակերտ՝ տեղում փորձելով լուծել հարցը. «Բայց դրանից հետո, երբ այդ հարցով զբաղվում է Մինսկի խումբը, մենք չունենք ոչ թե բարոյական, այլ իրավական տեսանկյունից իրավունք՝ խառնվելու եւ գնահատականներ տալու: Անկեղծ ասեմ՝ մեր նախագահը պատրաստ է իր ուժերի սահմաններում հակամարտության լուծմանը նպաստել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ