Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի գնահատմամբ, երեկ Սանկտ Պետերբուրգում Ալիեւ-Պուտին-Սարգսյան եռակողմ հանդիպումից բոլոր կողմերը ստացան այն, ինչ սպասում էին:
«Այն, ինչ նախատեսված էր ռուսական կողմի նախաձեռնությամբ, բանակցային գործընթացի շարունակության ցուցադրումն էր, ցույց տալ, որ ստեղծվել են որոշ լծակներ, որոնք կարող են բացառել ապրիլյան դեպքերի կրկնությունը: Ադրբեջանական կողմին ուզում էին ցույց տալ, որ դա չի նշանակում բանակցային գործընթացի լիակատար սառեցում, այլ պարզապես պետք է ստեղծել նախադրյալներ, որ իրական բանակցային գործընթացը սկսվի»,- այսօր «Զարկերակ» ակումբում ասաց քաղաքագետը:
Նրա խոսքով, այս հանդիպմանն էլ էր ակնհայտ, որ ՌԴ-ն ցանկանում է իր առաջատար դերը ցույց տալ, բայց ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը տապալելը նույնպես նպատակ չէ, որովհետեւ այն հարթակ է՝ Արեւմուտքի ու ՌԴ-ի համար խոսելու, մոտ տեսակետներ ունենալու:
Ըստ քաղաքագետի, չարդարացան ներհայաստանյան մտավախությունները, թե ՌԴ-ն պետք է պարտադրի Հայաստանին միակողմանի զիջումների գնալ. «ՌԴ-ում նույնպես հասկանում են, որ այդ ճանապարհով ինչ-որ քայլեր բերելն ավելի դժվար իրավիճակ է ստեղծելու ՌԴ-ի համար, հիմա ունենք միգուցե ավելի վտանգավոր ստատուս քվոյի իրավիճակ, երբ Ադրբեջանը փորձում է շարունակել իր ռազմական ճնշման ու սպառնալիքների ռազմավարությունը՝ փորձելով խուսափել մադրիդյան սկզբունքների առաջխաղացումից:
Կարդացեք նաև
Բայց հայկական կողմը փորձելու է Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ ինչ-որ ավելի տեսանելի երաշխիքներ ստեղծել՝ բացառելով հնարավոր հետագա սրումը շփման գծում, համանախագահներն էլ փորձելու են իրենց աշխարհագրական դիրքը ցույց տալ ու հնարավորություն տալ թեկուզ ձեւական, բայց այս բանակցությունների շարունակությանը»:
Այս հանդիպումից հետո կունենա՞նք ավելի հասկանալի ու երաշխավորված հրադադարի ռեժիմ, ըստ քաղաքագետի՝ ոչ, որովհետեւ դա պայմանավորված է ռազմաքաղաքական բաղադրիչներով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ