«Փաստարկ» մամուլի ակումբում հունիսի 21-ին քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն անդրադարձավ նաեւ սանկտպետերբուրգյան հանդիպումից առաջ Ադրբեջանում մեկնարկած զորավարժություններին` դրանք որակելով որպես Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության դրսեւորում. «Այդպես Ադրբեջանն անվստահության մթնոլորտ է ստեղծում եւ դժվարացնում հարցի կարգավորման հետ կապված որոշակի առաջընթացը: Կարեւոր է այս փուլում Ադրբեջանին զսպել: Հայկական կողմի դժգոհություններից մեկը, որ միջնորդներն իրենց քաղաքական կողմը չեն օգտագործում` Ադրբեջանին զսպելու տեսակետից, արդեն իրականություն է դառնում. մասնավորապես, Սանկտ Պետերբուրգում տեսանք, որ Ադրբեջանին որոշում պարտադրվեց»:
Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով` թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների հիմքում շանտաժի եւ վախեցնելու տրամաբանությունն է. «Եթե Ալիեւը գալիս է Սանկտ Պետերբուրգ նման շանտաժի լեզվով, դա խնդիր է համանախագահների համար»:
Ինչ վերաբերում է մինչեւ սանկտպետերբուրգյան հանդիպումն Ալիեւի` զորքերը դուրս բերելու մասին հայտարարությանը, քաղաքագետի խոսքով. «Ալիեւի վարչակազմի եւ նրա լեքսիկոնը չի փոխվել` ոչ Վիեննայից հետո, ոչ Սանկտ Պետերբուրգից առաջ: Նա շարունակում է սպառնալիքներով հանդես գալ: Երեք օր առաջ էլ հայտարարել էր, թե չի պատրաստվում գնալ բանակցությունների: Սանկտպետերբուրգյան հանդիպման տրամաբանության վրա Ալիեւի նման հայտարարությունները չեն կարող ազդել: Տեսանք, որ հայկական եւ ռուսական կողմերի մեկնաբանություններն ուղղված էին իրավիճակի կայունացմանը»:
Բանախոսի դիտարկմամբ` երաշխիք չկա, որ Ադրբեջանն այս անգամ էլ հետ քայլ չի անի, սակայն ձեռք բերված պայմանավորվածությունն արդեն իսկ կարեւոր է:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ