Վերջին տարիներին աշխարհասփյուռ հայությունը ականատես եղավ նրան, թե ինչպես է հայկական բռնապետությունը քայլ առ քայլ չեզոքացնում ազատամարտիկների ցանկացած համախմբում, ովքեր այլևս չեն հանդուրժում համատարած անօրինականությունները Հայաստանում և բացահայտ արտահայտվում են ռեժիմի դեմ: Նրանցից շատերը շինծու մեղադրանքներով այսօր զրկված են ազատությունից՝ որպես քաղաքական բանտարկյալ:
Սփյուռքի երկու հերոսներ՝ Մոնթե Մելքոնյանը և Ժիրայր Սեֆիլյանը, Արցախի հերոսամարտին մասնակից լինելով, դարձել են սփյուռքահայության, հատկապես` երիտասարդության համար փարոս, որոնց երազում է նմանվել օտար երկրում ապրող ցանկացած հայրենասեր հայ, բայց նրանց էլ դաժան բաժին հասավ բռնապետության գործելաոճից՝ Մոնթե Մելքոնյանը հավերժացավ թիկունքից դավաճանական գնդակ ստանալու հետևանքով, իսկ Ժիրայր Սեֆիլյանը՝ հերթական անգամ անհիմն մեղադրանքով բանտարկվելով։
Մոնթեն այսօր մեր պատմության ամենամեծ ազգային հերոսներից է։ Նրա անունը մնաց հավերժ՝ պատմության էջերին։ Ժիրայրը շարունակեց Արցախյան պայքարը և հերոսացավ՝ մինչ այսօր թշնամիների դեմ անվախ մենամարտելու իր ոգով։ Ժիրայրին նույնպես խփում են մեջքից, սակայն նրան տապալել չի հաջողվում։
Այսօրվա իրականությունն այն է, որ վարչախումբը այլ հնարավորություն չի թողել պայքարի համար, քան համատարած անհնազանդություն է, հետևաբար ԵՀՄՖ-ի նախագահությունը դիմում է Հայաստանի բոլոր հայրենասիրական ուժերին կոչով՝ սկսել քաղաքացիական անհնազանդություն «Մենք բոլորս Ժիրայր ենք» նշանաբանով։ Բոլոր հայրենասիրական ուժերին՝ սկսած ընդդիմությունից, վերջացրած իշխանության մեջ աշխատող, սակայն ժողովրդի գլխին չարիք դարձած այս ռեժիմին ընդվզող հայրենասերներին կոչ ենք անում սկսել քաղաքացիական անհանդուրժողականության շարժում և պահանջել ՀՀ նախագահի պաշտոնը զավթած անձնավորությունից անմիջապես ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին և մնացյալ ազատամարտիկ-քաղբանտարկյալներին։
Կարդացեք նաև
Բոլորիս համար պարզ է, որ Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը դրական պատասխան էր Ադրբեջանին և Մինսկի խմբի համանախագահող երկրներին՝ ազատագրված տարածքները Ադրբեջանին վերադարձնելու, այն ազերիներով վերաբնակեցնելու և Ղարաբաղը ազերիներով լցնելու պահանջին։ Սա Կազանում ստորագրված փաստաթղթի էական կատարման առաջին քայլն է․ վերադարձնել արյունով ձեռք բերված և ազատագրած տարածքները թշնամուն։
Այդ փաստաթղթի մյուս անհանդուրժելի կետը Արցախը ազերիներով վերաբնակեցնելուց հետո ռեֆերենդում կազմակերպելու ծրագիրն է, որի արդյունքում, բնական է՝ Արցախը կվերադարձվի թշնամուն։ Ահա սրա կասեցմանն է նվիրված Ժիրայր Սեֆիլյանի և իր համախոհների գործունեությունը, որի համար այսօր նրանք արժանացել են ազատազրկման։
ԵՀՄՖ-ի Նախագահությունը հայտարարում է, որ Ժիրայր Սեֆիլյանին անհապաղ ազատ արձակելու պահանջը չկատարելու դեպքում կսկսի գործընթաց՝ սփյուռքում բոլոր ակտիվ զանգվածներին Հայաստանի իշխանական ռեժիմի դեմ հանելու և Եվրոպայի մարդու իրավունքների պաշտպանության բոլոր մարմիններին, ինչպես նաև եվրոպական բոլոր երկրների համապատասխան ատյաններին կոչով դիմելու՝ Հայաստանի նախագահի կողմից երկրում ստալինյան ռեժիմին անցնելու գործը կասեցնելու կոչով։
ԵՀՄՖ Նախագահություն