Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմությունը կուլ տվեց իշխանության մատուցած խայծը, քաղհասարակությունը կողքի քաշվեց

Հունիս 21,2016 12:55

Ընտրական օրենսգրքի շուրջ ընդդիմություն-քաղհասարակություն-իշխանություն հայտնի բանակցությունները (նախկինում ոչ հաճախ հանդիպող), որոնք ընթանում էին տարաբնույթ ձևաչափերով և իշխանության համառ դիմագրավումներով, տևեցին ամիսներ և սկզբնական փուլում՝ ընդդիմության և քաղհասարակության բազմաթիվ առաջարկություններից ընդունվում էին մի փոքր մասը միայն՝ այն էլ վերապահումներով:

Ազգային ժողով մտնելուց որոշ ժամանակ առաջ, բանակցությունների արդյունքում ձևավորեց նոր ձևաչափ՝ 4+4+4 (իշխանություն, ընդդիմություն, քաղհասարակություն) և բանակցությունները շարունակվեցին այդ ձևաչափով: Այդ ընթացքում, որոշակի՝ էական փոխհամաձայնություն ձեռք չբերվեց և ընտրական օրենսգրքի իշխանական տարբերակը (չնչին՝ կոսմետիկ փոփոխություններով) մտավ Ազգային Ժողով ու համապատասխան ընթերցումներով հաստատվեց: Փաստացի, ընդդիմությանն ու քաղհասարակությանը չհաջողվեց դիմակայել օրենսգրքի իշխանական տարբերակի ԱԺ մտնելուն ու հաստատվելուն:

Ինչպես հայտնի է, մինչև Ազգային Ժողովի հերթական ընտրությունները քիչ ժամանակ է մնացել (դրանք տեղի կունենան 2017թ. ապրիլի 2-ին), այնպես, որ ընդդիմությունն ու քաղհասարակությունը պարտադրված են ամեն ջանք գործադրել, որպեսզի ի հնարավորին փորձեն փոխել ընտրական օրենսգրքի բովանդակային վեկտորի ուղղությունը:

Այս առումով, այդ ջանքերի առհավատչյան՝ հունիսի 16-ի երեկոյան ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի և այսպես ասած 3 ընդդիմադիր Բարգավաճ Հայաստան, ՕԵԿ, ՀԱԿ կուսակցությունների համատեղ ստորագրած փաստաթուղթն է՝ ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպման տեխնիկական մեխանիզմների սահմանման շուրջ փոխհամաձայնության մասին: Այս փաստաթղթի ստորագրումը մի շարք առումներով դիվանագիտական հետընթաց արձանագրեց՝ ընդդիմության ու քաղհասարակության ջանքերի հաջողության առումով, քանի որ դրանով լիովին լեգիտիմացվեց իշխանությունների կողմից ընտրությունների ընթացքում ընտրախախտումներ թույլ տալու հնարավորությունը (իհարկե, եթե իշխանությունները նման ցանկություն ունենան):

Նշված փաստաթղթի ստորագրումից հետո, ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները հայտարարեցին. բացի այն, որ սա դրական առաջընթաց էր, սա նաև նոր մշակույթի ձևավորում է՝ իշխանություն-ընդդիմություն հետագա համագործակցության ձևաչափում: Մասնավորապես, ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը բառացի հնչեցրեց, որ ստորագրված համաձայնագիրը ընդդիմության պատմական հաղթանակն է:

Համոզված հայտարարում եմ, որ իրականում, ստորագրված համաձայնագիրը ընդդիմության պատմական պարտությունն է: Փորձեմ հիմնավորել: Եթե ընդդիմության ու քաղհասարակության ջանքերն այդպես էլ ոչ մի արդյունք չարձանագրեին և իշխանությունը նրանց կողմից արված ոչ մի առաջարկություն չընդուներ ու ոչ մի փաստաթուղթ չստորագրվեր, և այդպես էլ ընդունված ընտրական օրենսգրքում ոչ մի փոփոխություն չկատարվեր, ապա ընդդիմությունն ու քաղհասարակությունը և մինչև ընտրությունները, և ընտրություններից հետո, ցանկացած պահի կարող էին դիմել հասարակությանն ու համապատասխան միջազգային կառույցներին և հնչեցնել ընտրական օրենսգրքի բազմապիսի խութերի մասին, ինչպես նաև ընտրական օրենսգրքի փոփոխության ուղղությամբ իրենց բազմաթիվ ջանքերի ապարդյուն անցնելու և իշխանությունների կողմից դրանց բանի տեղ չդնելու մասին, որի արդյունքում էլ ԱԺ-ում ունենալով բացարձակ մեծամասնություն, իշխանություններն ընդունեցին օրենսգրքի՝ իրենց համար ձեռնտու տարբերակը:

Այս պարագայում, ընդդիմությունը և քաղհասարակությունը հնարավորություն կունենային օրենսգրքի բազմաթիվ թերությունների մասին համապատասխան բացատրություններ տալ ժողովրդին և այլ հնարավորության բացակայության պարագայում, գոնե կփորձեին ժողովրդին ոտքի հանել (չնայած մեր ժողովուրդն առ այս պահը սարսափելի պասսիվ է դարձել) և ընդվզել օրենսգրքի այս տարբերակի դեմ: Սակայն, նման համաձայնագրի ստորագրումը ակնհայտորեն փակեց նաև այդ քայլի ճանապարհը և բերեց հետևյալին. ընդդիմությունը լուռ համաձայնեց օրենսգրքի իշխանական տարբերակին, դրանով կարծես ուղղակի ցանկություն հայտնեց, որ միայն թե, մի քանի գրավոր խոստումների (անհայտ որակի տեսանկարահանումներ, որոնք ամեն վայրկյան կարող են խաթարվել բազմաթիվ պատճառներով, նույնականացման քարտեր, որոնց առկայությունն իրականում ոչինչ չի տալիս և այսպես շարունակ) միջոցով (օրենքի ուժ չունեցող) իշխանություններն իրենց վստահեցնեն, որ ընդդիմությանը տալու են տեխնիկական միջոցներով վերահսկողության հնարավորություններ, որով նրանք կարող են հսկել ընտրական գործընթացները:

Լավ, մի պահ պատկերացնենք, թե այդ տեխնիկական միջոցներով վերահսկելու հնարավորությունը տրվել է ընդդիմությանը և Մալաթիա-Սեբաստիա համայնքում՝ վարկանիշային քվեարկության ընթացքում, որտեղ քվեարկվելու են Սամվել Ալեքսանյանը և իր թիմի բազմաթիվ հեղինակություններ՝ ի օգուտ ՀՀԿ-ի ու ենթադրենք նաև, որ նրանք չեն փորձելու նույնիսկ որևէ ընտրախախտում թույլ տալ, նման դեպքում այդ տարածքում ուրիշ որևէ կուսակցություն՝ բացի իր անդամների և լավագույն դեպքում, նրանց ընտանիքների անդամների ձայների, գոնե մեկ հատ այլ ընտրողի ձայն կարո՞ղ է տանել: Իհարկե, ոչ: Բնական է, որ այս մեխանիզմը գործելու է հանրապետության ողջ տարածքում, իսկ մարզերում՝ սրան ավելացրած նաև մեծաթիվ ընտրախախտումները: Այս պարագայում, Լևոն Զուրաբյանը թող բարի լինի մեզ բացատրել, թե այս համաձայնագիրն ի՞նչ է տալու ընդդիմությանը:

Տալու է այն, որ ընդամենը, եթե ընտրություններից հետո նույն Լևոն Զուրաբյանը և մնացածները փորձեն բողոքել (որը կլինի մի դեպքում միայն, եթե այս համաձայնագրի ստորագրումից առաջ, իշխանությունների կողմից ընդդիմադիր որոշ կուսակցությունների կամ բոլորին՝ ԱԺ անցնելու խոստումներ և երաշխիքներ չեն տրվել), ապա իշխանությունները հանգիստ կարող են պատասխանել. չէ՞ որ դուք համաձայնել եք օրենսգրքի այս տարբերակին՝ պայմանով, որ մենք համատեղ ստորագրենք տեխնիկական վերահսկողության մեխանիզմների վերաբերյալ համաձայնագիր, ինչի արդյունքում ընդդիմությանը հնարավորություն տրվի համապատասխան տեխնիկական միջոցներով, ընտրական գործընթացների ընթացքում իրականացնելու վերահսկողություն, որին և իշխանությունները՝ ոչ միայն չեն խանգարել, այլև աջակցել են: Այնպես, որ բարի լինեիք նորմալ կազմակերպել վերահսկողության գործընթացը և չփորձեիք մեղքը գցել իշխանության վրա:

Փոխանակ, ընդդիմությունը և քաղհասարակությունը արագ կողմնորոշվեին՝ գլխի ընկնեին, որ մեծ թվով առաջարկությունների պարագայում, իշխանությունները կամ չեն ընդունում որևէ առաջարկություն, կամ էլ ընդունում են ամենաթույլ՝ ոչ էական առաջարկությունները և հենց այդ պատճառով էլ, պետք էր ընդամենն առաջարկել և մինչև վերջ պահանջել միայն մեկ որոշիչ փոփոխություն. ընտրական օրենսգրքից հանել դե ֆակտո մեծամասնական՝ վարկանիշային և տարածքային ընտրակարգի վերաբերյալ հոդվածները, որի պարագայում կվերանար նաև չերևացող մեծամասնական ընտրակարգը, որն այն գլխից՝ նախապես ՀՀԿ-ին բերելու է մոտ 50 տոկոս ձայն, որին էլ գումարվելու է մնացած 50 տոկոսից վերցրած ձայները, որի արդյունքում բոլորին է հայտնի, թե ինչ ձայներ կարձանագրի ՀՀԿ-ն և ինչպես արդեն նշվեց վերևում, հետագայում՝ բողոքների դեպքում, գոնե իշխանությունները չէին կարողանա պատճառաբանել, որ դուք եք ձեր կամքով (ավելին, դուք եք նախաձեռնել) համաձայնել դրան և իշխանության կողմից ցուցաբերած բացարձակ աջակցության պարագայում, դուք ինքներդ եք թերացել՝ նորմալ վերահսկողություն իրականացնելու հարցում:

Սա ընդամենը մի պատմություն է այն մասին, թե ինչպես 2016թ. հունիսի 16-ին միամիտ ընդդիմությունը կուլ տվեց խորամանկ իշխանության խայծը…

 

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Քաղաքագետ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930