Լրահոս
Օրվա լրահոսը

Ղազախստանի դեսպանը՝ Հայոց ցեղասպանությունը չճանաչելու մասին

Հունիս 21,2016 12:42

Այսօր «Արմենպրես» մամուլի սրահում ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւը խոսում էր ահաբեկչության դեմ պայքարում Ղազախստանի դերի մասին: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ահաբեկչության դեմ պայքարն առաջին հերթին պետք է լինի ցեղասպանության ճանաչումը, բայց ոչ Ղազախստանը, ոչ Ուկրաինան դա դեռ չեն արել, ինչպե՞ս կբացատրեք դա:

Դեսպանը պատասխանեց՝ առաջին անգամ անկեղծ կասեմ Ղազախստանի դիրքորոշումը՝ ցեղասպանության ճանաչման հետ կապված. «Նախ Ղազախստանը ցավում է անմեղ զոհերի համար, որոնք 1915-ին եղան՝ հանուն ազատության, անկախության: Հարցը շատ զգայուն է հայ ժողովրդի համար մենք դա գիտենք: Նախ, երբ խոսում ենք ցեղասպանության ճանաչման մասին, պետք է այդ հարցն առաջին հերթին ուղղել, հասցեագրել նրան, ով մեղադրվում է դրանում: Հետո Ղազախստանն էլ բավականին մեծ զոհեր է տվել 1920-30-ականներին, գիտեք, որ Ղազախստանում էլ սովից մահացել է 40 տոկոսը բնակչության: Բայց դրանով հանդերձ, չնայած Ղազախստանում էլ քննարկումներ են գնում դա ղազախ ժողովրդի հանդեպ ցեղասպանություն հռչակելու, մեր կառավարությունը չի գնում այդ ճանապարհով: Եթե մենք սկսենք խոսել ցեղասպանության դատապարտման մասին, դա միշտ երկրորդ հարցն է առաջ բերում՝ իսկ ո՞վ է դրանում մեղավոր: Մենք չէինք ուզենա այնպիսի քայլեր անել, որոնք չեն բարելավի ընդհանուր իրավիճակը ոչ միայն այլ երկրների հետ Ղազախստանի հարաբերությունների հարցում, այլեւ առհասարակ ընդհանուր իրավիճակը տարածաշրջանում ու ԵՏՄ-ի շրջանակներում: Դա միայն հավելյալ տարաձայնություններ, խնդիրներ կառաջացնի: Կարծում ենք, կգա ժամանակ, որ այդ հարցում Հայաստանն ու Թուրքիան կգան համաձայնության, փոխըմբռնման»:

Դեսպանն ասաց, որ Հայոց ցեղասպանության հարցում պատմական գնահատականները շատերն են տվել ու հայտնի են բոլորին. «Իսկ քաղաքական գնահատականները կարելի է տալ այն ժամանակ, երբ դրա համար կան համապատասխան անհրաժեշտ պայմաններ: Այս իրավիճակում նման քաղաքական գնահատականը տարածաշրջանում խաղաղություն, մեր կարծիքով, չի բերի»:

Դեսպանը հույս հայտնեց, որ ՀՀ-ն ու Թուրքիան, այսպես ասած, լեզու կգտնեն իրար հետ:

Ասուլիսի մյուս բանախոսի՝ Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի խոսքերով՝ «Ցանկացած հայի համար սա շատ կարեւոր հարց է, որովհետեւ ամենամեծ ողբերգությունն է մեր ժողովրդի համար: Մեզ համար շատ կարեւոր է ստանալ տարբեր երկրների բարոյական աջակցությունը: Ուզում եմ նշեմ, որ գործընթացը նախ պետք է հասունանա: Ուկրաինայում առաջին անգամ ապրիլի 24-ին Գերագույն ռադայում հարգեցին զոհերի հիշատակը 1 րոպե լռությամբ: Մենք պետք է միջազգային հանրությանը բերենք դրան: Մենք մեր ցավը չպետք է փաթաթենք, բայց ուզում ենք, որ մեզ ոչ թե խղճան, այլ՝ հասկանան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930