Ռուսական expert.ru պարբերականը ծավալուն անդրադարձ է կատարել 2016թ. հունիսի 20-ին Ռուսաստանի Դաշնության հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի միջև կայացած հանդիպմանը։
Վերը նշված պարբերականը արտահայտել է այն համոզմունքը, որ կողմերը որևէ արդյունքի չեն հասել պետերբուրգյան հանդիպման ընթացքում և դա բնական էր, որովհետև բոլոր սթափ վերլուծաբանների պնդմամբ՝ հնարավոր էլ չէր, որպեսզի Սանկտ Պետերբուրգի բանակցությունները որևէ արդյունքի բերեին։
Հոդվածի համաձայն` խիստ անհավանական է, որ ադրբեջանցի փախստականները կարող են վերադառնալ Արցախ, որովհետև հայերի հանդեպ ատելության մթնոլորտը, որ ձևավորվել է Ադրբեջանում, կարող է նոր բախումների և կոտորածների հիմք հանդիսանալ։
Նշվում է նաև, որ ատելության մթնոլորտը առկա է նաև հայերի շրջանում։ Սա նշանակում է, որ փախստականների անվտանգությունն Արցախում պարզապես անհնար կլինի ապահովել «նույնիսկ այն դեպքում, եթե յուրաքանչյուր փախստականի հսկի մեկ զինվոր»։
Կարդացեք նաև
Ռուսական պարբերականի պնդմամբ՝ հակամարտության կարգավորման հնարավոր միակ տարբերակը Ադրբեջանի և Արցախի համաձայնությունն է «ճանաչում՝ հողերի վերադարձի դիմաց» բանաձևին։ Դրա շրջանակներում Ադրբեջանը ճանաչում է Արցախի Հանրապետությունը, իսկ Հայաստանը վերադարձնում է ազատագրված տարածքները, թողնելով միայն ցամաքային կապ Հայաստանի և Արցախի միջև։ Ուշագրավ է, սակայն, որ հակամարտության այսպիսի ելքին համաձայն չէ կողմերից և ոչ մեկը։
Հոդվածում նշվում է նաև, որ պետերբուրգյան հանդիպման միակ տրամաբանությունը ռազմական հնարավոր նոր բախումներից ապահովագրվելն էր։