«168 ժամի» հետ զրույցում ռուս փորձագետ Պավել Ֆելգենգաուերն ասաց, որ Ադրբեջանը բավականին ընդլայնել է իր ռազմական ներուժը՝ վերջին տարիների ընթացքում զինտեխնիկայի ձեռքբերումների շնորհիվ։ Զորավարժությունները, նրա խոսքով, հնարավորություն են տալիս ցուցադրել այդ հզորությունը ողջ աշխարհին, մասնավորապես հակառակորդ կողմին՝ Հայաստանին։ «Հերթական նախագահական հանդիպումից առաջ մեկնարկող զորավարժությունները, ակնհայտորեն, իրենցում ուղերձ են պարունակում, քանի որ անցկացվում են համարյա թե շփման գծում և Նախիջևանում, ինչը, բնականաբար, չի կարող վրիպել հայկական կողմի ուշադրությունից։
Ադրբեջանի հույսը, ամենայն հավանականությամբ էլ, հենց դա է եղել։ Ադրբեջանը ցանկացել է յուրատեսակ ճնշում բանեցնել հայկական կողմի նկատմամբ նախագահական գագաթաժողովից առաջ՝ կուտակելով որոշ միջոցներ շփման գծում՝ դրանով իսկ անհանգստություն հաղորդելով հակառակորդին նաև հոգեբանորեն, որպեսզի իբրև թե հակառակորդը որոշակի զիջումների գնա բանակցային որոշ հարցերում»,- նման տեսակետ հայտնեց Ֆելգենգաուերը՝ շարունակելով, որ նման պլանային զորավարժությունները կարող են անցկացվել՝ ընտրելով դրանց անցկացման ժամանակահատվածը՝ ըստ նպատակահարմարության։ Ու այս դեպքում, նրա որակմամբ, ադրբեջանական կողմն այսպես է նպատակահարմար համարել։ Վերջինիս համոզմամբ, նման զորավարժությունների փորձը ցույց է տվել, որ դրանք չեն ունենում հետևանքներ և չեն տալիս իրենց արդյունքը։
Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում