Լրահոս
Օրվա լրահոսը

Կարճաժամկետ մարտավարության խոտանը

Հունիս 21,2016 09:58

Հայաստանում կուսակցությունները լինում են երեք տեսակի՝ 1/ իշխող (ՀՀՇ, հիմա ՀՀԿ)՝ դա մի խումբ է, որի նպատակը, պարզ ասած, «ուտելն» է, 2/ իշխողի արբանյակ (տարբեր ժամանակներում տարբեր էին), որոնք նպատակ ունեն «կողքից օգտվել», եւ 3/ ընդդիմադիր (էլի փոփոխական են): Վերջիններս 25 տարի է՝ նույն բանն են ասում՝ «հեսա մի քանի ժամից, մի քանի օրից կամ մի քանի ամսից մենք իշխանությունը կվերցնենք եւ մեր ժողովրդի համար երջանիկ, բարեկեցիկ կյանք կապահովենք»: Հարցնում ես՝ «իսկ ինչո՞ւ է կյանքն այդքան ուրախ դառնալու»: Պատասխան. «Ո՞նց թե ինչու: Որովհետեւ սրանք գող-ավազակ են, իսկ մենք ազնիվ, պարկեշտ, ազգիս նվիրված մարդիկ ենք: Հեսա մենք այնպիսի ծանր, այնպիսի խոցող բառեր կասենք իշխանությունների հասցեին, որ ժողովուրդը կգրգռվի, դուրս կգա փողոց, եւ մենք կիրականացնենք իշխանափոխություն»:

Այդպիսին է Հայաստանի 25 տարվա քաղաքական համակարգը, որը բոլոր երեք խմբերին քիչ թե շատ հանգիստ կյանք է ապահովում, որովհետեւ առաջին երկուսին հաճելի է «ուտելը», երրորդին հաճելի է պառլամենտական եւ այլ ամբիոններից վերոհիշյալ բառերը հնչեցնելը («սպիտակ ջարդ», «թուրքից բեթար», «դավաճանություն», «երկիրը կործանվում է»), իսկ քաղաքացիների մեծ մասին հաճելի է լսել այդ բառերը՝ սիրտը հովացնելու առումով: Այդ համակարգի պայմաններում իրավիճակն իսկապես գնալով վատանում է՝ թե՛ տնտեսական եւ թե՛ արտաքին քաղաքական առումով:

Ընդդիմությունը եւ հասարակության մեծամասնությունը հույսերը կապում են կարճատեւ մարտավարության՝ արագորեն «գող ավազակներին» «ազնիվ մարդկանցով» փոխարինելու վրա: Գուցե արժե հարցին մոտենալ այլ կերպ: Պատկերացրեք, գալիս է մի կուսակցություն, որն ասում է. «Ես լավ տղա եմ թե վատն եմ, նվիրված եմ ազգին թե նվիրված չեմ, դրա հետ դուք, սիրելի քաղաքացիներ, բացարձակապես գործ չունեք: Ինձ նաեւ առանձնապես չի հետաքրքրում՝ ներկայիս իշխողները լավ տղաներ են, թե վատ: Դուք լսեք միայն, թե ինչ եմ ես առաջարկում՝ համակարգը փոխելու համար: Օրինակ՝ ես առաջարկում եմ եկամուտների նկատմամբ հարկային բեռն իջեցնել, իսկ ծախսերի, գույքի վրա բեռն ավելացնել: Ես չեմ խոստանում, որ վաղը, մի ամսից կամ մեկ տարուց ես իշխանափոխություն եմ անելու եւ «վլաստ եմ վերցնելու»: Ես ծրագրում եմ, որ իմ կուսակցությունը 2022 թվականի ընտրությունների արդյունքում Ազգային ժողովում կունենա 5-6 պատգամավոր, իսկ 2027-ի խորհրդարանում՝ 20 տոկոս, որպեսզի ազդեմ ընդունվող որոշումների վրա»:
Գիտեմ, որ շատերի մոտ դա քմծիծաղ կառաջացնի՝ մենք միշտ երազանք ենք փայփայում, որ երեք հատ «դու շեշ» կքցենք ու մարս կանենք, երկարատեւ ռազմավարությունը մեր սրտով չէ: Գիտեմ նաեւ, որ կասեք՝ «պահը օրհասական է, այսքան հաշվարկելու ժամանակ չունենք, երկիրը դատարկվում է, թուրքը սպառնում է եւ այլն»: Բայց չե՞ք նկատել, որ «դու շեշ»-ի հաշվարկով պահն ավելի օրհասական է դառնում:

…Վերջերս կարդացի «Մոխրոտիկի»՝ Գրիմ եղբայրների տարբերակը: Այնտեղ հանգուցալուծումը շատ ավելի դաժան է, քան տարածված՝ Շարլ Պյերոյի մշակման մեջ՝ հավանաբար, հաշվի առնելով գերմանական մշակույթում հաճախ հնչող մեղքի եւ հատուցման թեման: Մասնավորապես, երբ արքայազնը բերում է կոշիկը փորձելու եւ այն չի հարմարվում ավագ քրոջ ոտքին, մայրը նրան հրահանգում է՝ «կտրիր ոտքիդ բութ մատը՝ երբ թագուհի դառնաս, քայլելու անհրաժեշտություն չես ունենա»: Իսկ երբ նույնը տեղի է ունենում միջնեկ աղջկա հետ, մայրը հրահանգում է կտրել կրունկը՝ նույն հիմնավորումով: Ինչպես հայտնի է, նրանցից ոչ մեկը թագուհի չի դառնում: Բայց եթե նույնիսկ դառնային, միեւնույն է՝ դա չէր բացառի քայլելու անհրաժեշտությունը: Կարճաժամկետ մարտավարության խոտանից է գալիս:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    … և քանի որ ընդդիմադիրները այդքան կարճատես են, ապա Սերժ Սարգսյանը միանգամայն իրավունք ունի երկիրը չոքեցնել թե՛ բարոյապես, թե՛ տնտեսապես, թե՛ ռազմականապես, թե՛……..
    Առա՜ջ, Հայաստան, դեպի ապահով քարքարուտներն ու շահութաբեր թակարդները…
    Կհանդիպենք 2022 թվականին… / եթե հանդիպենք /

  2. Լավատես says:

    Ես ոչ կառավարությանը, ոչ էլ ընդդիմությանը ոչ մի բանում չեի մեղադրի, նրանք նույն մակարդակին են, ինչ մեծամասնություն կազմող քաղաքացու մակարդակն է, ստացվում է բարձրացնելով այդ քաղաքացու մակարդակը դրանով կբարձրացնենք կառավարության ու ընդդիմության մակարդակը։ Ո՞վ պետք է զբաղվի այդ քաղաքացու դաստիարակությամբ, ո՞ր գաղափարախոսությունը պետք է այդ դաստիարակության հիմքում լինի, իսկ մենք որպես քաղաքացի պատրա՞ստ ենք զինվորի նման ենթարկվել այդ դաստիարակների հրամաններին ու օրենքներին։ Դրանով պետք է զբաղվի ազգային մտավորականությունը՝ մեկը պետք է մասնագիտական օրենք գրի ուժեղի ու հարուստի համար, մյուսը՝ մասնագիտական ուժով պաշտպանի օրենք գրողին ու հարուստին, երրորդն էլ օրենք գրողին ու ուժեղին մասնագիտական նյութական ու դրամական միջոցներով պաշտպանի։ Մենք հիմա էլ ունենք ուժեղ, հարուստ եւ օրենքի մասնագետներ, մնում է ընդամենը նրանց միավորել, իսկ քաղաքացիները նույնպես կդառնան ուժեղ եւ հարուստ ու նրանց կհարգեն, նրանցով կհպարտանան, կաջակցեն, որ նրանք ավելի ուժեղ ու հարուստ լինեն՝ ենթարկվելով օրենքին։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930