«Այս ամեն ինչն արդեն հիվանդության է նմանվում, երբ փորձում են ամեն ինչի տակ մի բան գտնել»,- Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր, ԱԺ Պետա-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն այսպես արձագանքեց Սերժ Սարգսյան-Ալիեւ-Պուտին հանդիպումից հետո ընդդիմադիրների այն քննադատությանը, որ փոխանակ Արցախին բերեինք բանակցությունների սեղան, ռուսական կողմին ենք բերել:
Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումից հետո 3 նախագահները համատեղ հայտարարությամբ հանդես եկան, որում ասվում է, որ կողմերը պայմանավորվել են իրենց շփումները շարունակել նման ձեւաչափով՝ ի լրումն Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի:
Հովհաննես Սահակյանը գտնում է, որ այստեղ ձեւաչափ ասելով՝ նկատի են ունեցել խաղաղ բանակցությունները. «Եթե նկատել եք, ապրիլյան պատերազմից առաջ եւ հետո իրավիճակը բավականին փոխվել է: Նաեւ մեր պահանջով եւ մեր օրակարգով է, որ հետաքննության մեխանիզմներ պետք է ներդրվեն, արդեն հրադադարը խախտող կողմի հետ կապված կստանան ռեալ գնահատականը: Նախագահն առաջ քաշեց իր մոտեցումները, որ պետք է մեխանիզմներ ներդրվեն, որից հետո կարող ենք վերադառնալ բանակցային գործընթաց: Հիմա արդեն մեխանիզմները, կարծես, ներդրվում են եւ վերադառնում ենք բանակցային գործընթացին»:
Մեր հարցին՝ Սերժ Սարգսյանը հստակ հայտարարեց, որ առանց Արցախի կողմի մասնակցության քննարկում չի լինելու, բայց այդ հարցը, կարծես թե, հիմա անտեսվում է՝ Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Մենք գիտենք, որ դիվանագիտությունը, նման հանդիպումները գործընթաց են, որոնք ունենում են շարունակականություն: Նաեւ կան բաներ, որ քննարկվում են եւ միայն մի հարմար պահի կարող են բոլորը տեղեկանան, իմանան»:
Կարդացեք նաև
Մեր դիտարկմանը, որ ընդդիմադիրները հետաքննող մեխանիզմների արդյունավետության հետ կապված լուրջ կասկածներ ունեն, ասում են՝ եթե հետաքննեցին ու պարզեցին,որ Ադրբեջանն է խախտել, դրան ի՞նչ է հետեւելու. «Եթե ընդդիմադիրները չեն ուզում տեսնել, թե ինչ է հետեւելու դրան, ապա ասեմ, որ լինելու է միջազգային հանրության ռեալ, հստակ գնահատականը, վերաբերմունքը, պատժամիջոցը, հազար ու մի բան կարող հետեւել: Վերջապես մենք չենք խախտել, դուք եք խախտել՝ այս հարցերը հստակ իրենց պատասխանը կունենան: Եթե լինի հստակ վերաբերմունք՝ իրավիճակը լրիվ այլ կլինի: Դա շատ կարեւոր պայման է՝ բանակցային գործընթացների միջոցով խնդիրը լուծելու համար»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ