Հանրապետությունում առաջին փուլի արդյունքներով դիմորդների թիվը 10 390 է, որոնցից 3193-ը դիմել են Երևանի պետական համալսարան (ԵՊՀ) ընդունվելու համար:
Այս մասին այսօր «Արմենպրես» լրատվական գործակալությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը:
Նրա խոսքով՝ դիմորդների նախասիրություններում փոփոխություններ են կատարվել. «էլիտար» մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրությունը նվազել է:
«Միջազգային հարաբերություններում այս տարի 140 վճարովի տեղի համար 82 դիմորդ ունենք, նախորդ տարի նույնքան տեղի համար 116-ն էին դիմել: Իրավագիտության 130 վճարովի տեղի համար 242 դիմորդ է դիմել՝ նախորդ տարվա 310 դիմումի փոխարեն»,- տեղեկացրեց Գալստյանը:
Կարդացեք նաև
Նրա փոխանցմամբ՝ զգալիորեն մեծացել է հետաքրքրությունը ինֆորմատիկայի, կիրառական մաթեմատիկայի, ֆիզիկայի, կովկասագիտության, հայոց լեզվի և գրականության նկատմամբ:
Հայաստանի ֆրանսիական համալսարանը մասնագետներ է պատրաստում չորս ֆակուլտետներում՝ իրավաբանություն, կառավարում, մարկետինգ և ֆինանսներ:
Համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստի խոսքով՝ բոլոր այդ մասնագիտությունների գծով իրենց մոտ դիմորդների թվի աճ է նկատվում:
«Իրավաբանության ֆակուլտետ դիմողների թիվը մյուսների համեմատ մի փոքր գերակշռում է: Ընդհանուր առմամբ, այս տարի դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 8 տոկոսով»,- ասաց Ժան-Մարկ Լավեստը:
Իսկ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն այս տարի 956 դիմորդ ունի՝ նախորդ տարվա 919-ի փոխարեն:
«Գրեթե նույն ցուցանիշն է: Անվճար տեղերի թիվը մնացել է նույնը՝ 262: Վճարովի տեղերի թիվն այս տարի մի փոքր նվազեցրել ենք: Ամենաշատ դիմորդներ ունենք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում»,- նշեց բուհի պրոռեկտոր Կարեն Արզումանյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ