Լրահոս
Օրվա լրահոսը

Էժան տաքսին՝ լուրջ այլընտրանք անգամ հասարակական տրանսպորտին. Վիլեն Խաչատրյան

Հունիս 20,2016 21:30

«Բարքեմփ» 2016»-ի ընթացքում հայտարարվեց, որ «Յանդեքս» տաքսին մուտք է գործում հայկական շուկա նոր սակագներով, որին հետեւեց «Ջիջի» տաքսիի համահիմնադիր Խաչատուր Գրիգորյանի ելույթը, որտեղ ընդհանուր առմամբ, վերջինս իր մտահոգությունն էր արտահայտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Aravot.am-ը այս հարցի շուրջ զրուցեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի հետ:

Տնտեսագետը համարում է, որ հեղափոխական սակագինը իր մեջ դեմպինգային քայլի տարրեր է պարունակում, այսինքն՝ առաջարկում է այնպիսի գին, որ մյուս ընկերությունները հնարավորություն չունենան աշխատել. «Կարծում եմ՝ եթե նման ցածր գնային քաղաքականությամբ կարողանան մուտք գործել, դրական ներգործություն կունենա, եւ եթե հատկապես կարճ տարածություններ անցնելու տեսանկյունից են իրենք խնդիրը դիտարկում, նշանակում է, որ ընդլայնված ցանց պետք է ունենան: Եվ եթե ընդլայնված ցանցը կարողանան ապահովել, ձեռնտու կլինի, բայց այստեղ խնդիր է մնում, թե ովքեր կհամաձայնեն այդ ծառայությունները մատուցել, ինչպիսին կլինի պարկի մեծությունը եւ այլն:

Այսինքն՝ խնդիրը բոլոր դեպքերում դիտարկվելու է այդ կտրվածքով, եւ մինչեւ ինքը ընդլայնված տարածում կստանա վերջնական արդյունքով` մյուս ծառայությունները կարողանալու են մրցել: Եթե կա ծրագիր, վարորդը բեռնելու է, ենթադրենք ե՛ւ «Յանդեքս» ծրագիրն է ունենալու, ե՛ւ «Ջիջին», որով պատվեր ստացավ, պատվերը կկատարի: Այսինքն՝ իր համար էական նշանակություն չունի, թե որի համար է ծառայություն մատուցում: Իր համար կարեւորը իր շահույթը կամ եկամուտն է»:

Հետաքրքրվեցինք, թե այս նոր սակագինը ի՞նչ ազդեցություն կունենա անհատ վարորդների վրա, Վիլեն Խաչատրյանը պատասխանեց, որ կարծում է՝ այդ նոր սակագինը ձեռնտու կլինի սպառողներին, իսկ վարորդները կձգտեն սմարթֆոնների միջոցով պատվերներ ստանալ. «Եթե ոչ, մնալու է նույն կարգավիճակում, դեռ ավելին՝ վատանալու է վիճակը, որովհետեւ արդեն պատվերների մեծ մասը փոխվելու է այդ ծառայությունների մոդելով: Նման մոդելով է աշխատում, օրինակ՝ համաշխարհային հայտնի «Uber» ընկերությունը, որը աշխարհի առաջատարն է: Այսինքն՝ կարելի է ասել «Uber»-ի փորձն են ե՛ւ «Յանդեքսը», ե՛ւ «Ջիջին» իրականացնում Հայաստանում»:

Վիլեն Խաչատրյանը նկատեց, որ «Յանդեքս տաքսին» մեկ օրում կամ մեկ ամսում չի կարող տարածում ստանալ, մարդիկ եւս պետք է հարմարվեն. «Շուկայում կայանալու խնդիր կա, սովորությունները հաղթահարելու՝ մարդիկ կան, որ նախընտրում են իրենց տան մոտի ծառայությունից օգտվել, այլ ոչ թե սպասել, որ 10-15 րոպե հետո հասնի: Մի խոսքով՝ շատ հանգամանքներ կան, միայն այդ գնային առաջարկը, որը հեղափոխական է, նույն տրամաբանությամբ, երթուղային տաքսիների «գործին էլ կխփի». եթե երեք հոգով պետք է երթեւեկեն եւ անցնեն ընդամենը 3-4 կիլոմետր, ձեռնտու է այդ տաքսին կանչել, ոչ թե երթուղային տաքսիից օգտվել»:

Տնտեսագետը համարում է, որ ստեղծված իրավիճակից օգուտ կունենան տաքսու վարորդները, իսկ թե դա ինչքանով կազդի տեղական ընկերությունների վրա, հետագայում պարզ կլինի. «Սկզբնական շրջանում նրանք անգամ զրոյական շահույթ հետապնդելով ցանկանում են շուկայում իրենց մասնաբաժինը ավելացնել, որովհետեւ նման գնային առաջարկը, կարծում եմ, շահույթով ապահովված չէ, եւ առաջին հերթին՝ ինքը պետք է իր աշխարհագրությունը եւ հաճախորդների քանակը ընդլայնի: Հետագայում գուցե այդ 200 դրամը դարձնի 300, 400, այսինքն՝ նման մոդելներ կիրառի, բայց այնուամենայնիվ, տվյալ պահի դրությամբ ես կարծում եմ, որ դա ուղղված է հարված հասցնելու մյուս ընկերություններին, որպեսզի շուկայում իրենք կարողանան իրենց մասնաբաժինը, դիրքերը եւս ունենալ:

Իսկ ազգայինը պահելու գաղափարը՝ հիմա մարդիկ այնքան սոցիալական խնդիրներ ունեն, որ օրինակ՝ նույն ինքը՝ աշխատողը, կնախընտրի ոչ թե երթուղայինով, այլ տաքսիով հասնել աշխատանքի, որովհետեւ մեր տրանսպորտային համակարգում կան մի շարք անհարմարություններ: Քանի մեր ընդհանուր տրանսպորտային համակարգը՝ հասարակական տրանսպորտը, չի ապահովում բարձրորակ ծառայություններ սպառողների համար, բնականաբար, վերջիններիս համար էժան տաքսի ծառայությունը դիտարկվելու է որպես լուրջ այլընտրանք անգամ հասարակական տրանսպորտին: Սա է խնդիրը, այսինքն՝ այստեղ ազգայինի խնդիրը չէ՝ մարդը իր բարեկեցության հաշվին ազգային գործոնը հաշվի չի առնելու»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930