Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի միակ դոկտորը

Հունիս 20,2016 20:58

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, ինստիտուտի Միակ դոկտոր Հ. Դեմոյանն իր մեկնաբանության մեջ հայտարարում է, որ ինքը հպարտ է իր ինստիտուտի սիրուն աղջիկներով, և որ իր հիմնարկում աշխատում են թեկնածուական պաշտպանած 5 գիտաշխատող, իսկ 2 աղջիկներ էլ սովորում են արտասահմանում:

Շատ կուզենայի, որ ինստիտուտի Միակ դոկտորը նշեր իր կողմից արտասահման ուղարկված երկու աղջիկների անունները, որովհետև ես գիտեմ, որ նրանցից առնվազն մեկը վաղուց այլևս չի համարվում ինստիտուտի գիտաշխատող, և սովորում է ԱՄՆ-ի բուհերից մեկում՝ սեփական ուժերով հաղթահարելով քննական բավականին բարդ ընթացակարգը: Եթե կոնկրետ անուններ նշի՝ պարզ կլինի, թե ում է ուղարկել, և այստեղ կարծես մի քիչ ստի հոտ է փչում:

Հաջորդը. Միակ դոկտորը նշում է ընդամենը 5 գիտթեկնածուի մասին: Շատ բարի: Ինստիտուտի կայքում նշվում է 6 բաժին և, եթե վերջին բաժինը (արտաքին կապերի և լրատվության) համարենք ոչ գիտական, ապա ամեն բաժնին բաժին է ընկնում ընդամենը մեկ գիտթեկնածու: Հիմա ես բոլորին խորհուրդ եմ տալիս բացել Միակ դոկտորի կողմից անխնայորեն դատափետվող ԳԱԱ պատմության ինստիտուտի կայքը, և մտնել օրինակ, Նորագույն պատմության բաժինը, որտեղ աշխատում են յոթ գիտության դոկտորներ, ինը գիտության թեկնածուներ, ինչպես նաև միակ դոկտորի հպարտության առարկա հանդիսացող աղջիկներ (թվով 4 կրտսեր գիտաշխատող և լաբորանտ): Եվ սա ընդամենը մեկ բաժնում, իսկ Պատմության ինստիտուտն ունի 8 բաժիններ, որտեղ բազմաթիվ երիտասարդներն աշխատում են պատկառելի փորձ և պատմագիտության ոլորտում ճանաչված անձանց հետ:

Վահե Սարգսյան

Վահե Սարգսյան

Մի հանգամանք ևս. Պատմության ինստիտուտի կայքում անուն առ անուն նշվում է, թե յուրաքանչյուր բաժնում ովքեր են աշխատում, տրված են նաև շատերի կենսագրականները, որը պարբերաբար թարմացվում է: Իսկ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքում դրված է ընդամենը Միակ դոկտորի ուղերձը, իսկ «կապ մեզ հետ» բաժնում դրված է տնօրինության մաս կազմող 4-5 անուն: Ուշագրավ է, որ դեռ այստեղ թանգարան-ինստիտուտի մամուլի քարտուղար է նշվում Արևիկ Ավետիսյանի անունը, որն արդեն տևական ժամանակ է, ինչ ինստիտուտը լքածների ցանկում է:

Հիշեցնեմ, որ Միակ դոկտոր Դեմոյանն աշխատանքի էր ընդունել նաև իր երկու հարազատ եղբայրներին, որոնց գործառույթներն առնչվում էին հիմնարկի վարչատնտեսական մասին, գնումներին և այլն: Առայժմ սահմանափակվենք այսքանով:

Միակ դոկտոր Դեմոյանն իր արձագանքում հանդես եկավ սիրուն աղջիկների պաշտպանյալի դիրքերից, մեզ մեղադրեց ռասիզմի մեջ՝ այս անգամ էլ ցույց տալով, որ իրեն մեր օրերի պատմագիտության «ռահվիրա» համարող Միակ դոկտորը չգիտի անգամ «ռասիզմ» բառի իմաստը: Իրականում մենք չենք թերագնահատում սիրուն աղջիկների կատարած աշխատանքը, բայց որ գիտական լուրջ ուսումնասիրություններ կատարելու համար նրանց կողքին անհրաժեշտ են ծանրակշիռ գիտնականներ՝ դա քննարկման ենթակա չէ, և Միակ դոկտորի ներկայությունն այստեղ բնավ էլ բավարար չէ: Մեր ասածը ընդամենը սա էր, որը Միակ դոկտորը ձևախեղեց ու որակեց որպես «ռասիզմ»…

Ավարտելով՝ փաստենք, որ մենք ամենևին էլ մտադիր չէինք քննարկելու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, առավել ևս այդ հիմնարկի տնօրենի կամ այնտեղ աշխատող սիրուն աղջիկների գործունեությունը: Այդուհանդերձ, երբ այդ հիմնարկի Միակ դոկտոր-խանն իրեն իրավունք է վերապահում ամենածայրահեղ վիրավորանքները հնչեցնելու Պատմության ինստիտուտի հասցեին, ինչպես և վիրավորում բոլոր պատմաբաններին, այստեղ կարևոր համարեցինք հասարակությանը ներկայացնել իրերի իրական պատկերը:

 

պ.գ.թ. Վահե ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930