Սամվել Ֆարմանյանի ելույթը ԵԽԽՎ–ում:
Հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք:
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը չորս օրից այցելելու է Հայաստան: Նա բոլոր հավատացյալներին խնդրել է աղոթել Հայաստան կատարելիք իր առաջիկա այցի համար: Թույլ տվեք հղում կատարել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին. «Ես խնդրում եմ Ձեզ աղոթել ինձ համար, ով մի քանի օրից ուխտագնացության է մեկնելու արևելքի երկիր՝ Հայաստան, պետություններից առաջինը ում հասու դարձավ Քրիստոսի ավետարանը»: Ֆրանցիսկոս Պապի այցը գալիս է արձանագրելու ինչպես Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև առկա փայլուն և առանձնաշնորհյալ հարաբերությունները, այնպես էլ հին եկեղեցիներից երկուսի՝ Հռոմի Կաթոլիկ եկեղեցու և Հայ Առաքելական եկեղեցու միջև առկա գերազանց համագործակցությունը:
Հազարամյակների պատմության քառուղիներում քրիստոնեությունը եղել է հայերի ազգային ինքնության անկյունաքարերից մեկը: Հայերը բացառիկ և մեծարժեք ներդրում են ունեցել Քրիստոսի հետևորդների միասնության գործում, իսկ միլիոնավոր հայորդիներ նահատակվել և իրենց արյունն են տվել հանուն Քրիստոսի: Այդ նահատակների արյունը, այդուհանդերձ, դարձել է նորոգված հավատի, խոհեմության, հանձնառության և միասնության սերմ, և Հայաստանն ու միլիոնավոր աշխարհասփյուռ հայորդիները Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին կդիմավորեն Երևանում, Սուրբ Էջմիածնում և Գյումրիում վերածնված և առաջընթաց ապրող պետականությամբ, խաղաղության հանդեպ ուժգին հանձնառությամբ, ուրիշների հանդեպ վերանորոգ սիրով և լուսավորված հոգիներով՝ աղոթելով աշխարհի ամեն անկյուններում ապրող Քրիստոսի բոլոր երեխաների համար:
Կարդացեք նաև
Գործընկերներ,
Պապ Ֆրանցիսկոսը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ Երևանում գտնվող Ցեղասպանության հուշահամալիր, որը կոչված է վառ պահելու Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության մեկուկես միլիոն սուրբ նահատակների հիշատակը: Մարդիկ, ովքեր սպանվեցին, որովհետև նրանք տարբեր էին, նրանք հայեր էին, նրանք քրիստոնյաներ էին: Հռոմի Պապի այցելությունը Ցեղասպանության հուշահամալիր կդառնա էրդողանյան Թուրքիայի ոչ իմաստուն և գնալով ավելի վտանգավոր դարձող ժխտողական քաղաքականությանն ուղղված մի մեծ հարցական նշան: Այս այցելությունը վերանորոգ ուժով կհղի Նորին Սրբության ուղերձը. «հերքել կամ ժխտել չարը նման է նրան, որ բաց թողնես արյունաքամ վերքը՝ առանց վիրակապ դնելու»: Կյանքին ուղղված սպառնալիքները, շանտաժը, նացիստական ոճով կատարված կոչերը՝ ստուգելու Գերմանական Բունդեսթագի բոլոր այն պատգամավորների արյան մաքրությունը, ովքեր քաջություն ունեցան կողմ քվեարկելու Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևին, նախագահ Էրդողանի հայտարարությունները՝ Թուրքիայում դեռևս բնակվող ազգությամբ հայերին արտաքսելու հնարավորության վերաբերյալ վտանգավոր ազդակ են և նույնքան վտանգավոր նախազգուշացում՝ հիշեցնելու միջազգային հանրությանը՝ բաց պահել իր ականջները լսելու Հռոմի Պապի պատգամը:
Նորին Սրբության այցը Հայաստան նաև խաղաղության ուղերձ կլինի հարավկովկասյան ողջ տարածաշրջանի համար, որը դեռևս տառապում է Ադրբեջանի կողմից ձեռնարկվող ռազմական սադրանքներից և այդ երկրում ծաղկող ատելության ու հակահայկականության քարոզից: Մինչ Հայաստանի ու Ռուսաստանի նախագահները հենց այս պահին Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքում փորձում են միջազգային ողջ հանրության պատգամը փոխանցել և Ադրբեջանի նախագահ Ալիևին բացատրել, որ չի կարող ռազմական լուծում լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ես հուսով եմ, որ Ադրբեջանի սովորական քաղաքացիները, նաև մեր գործընկեր՝ գեղեցկուհի Փաշաևան, իրենց ականջները բաց կպահեն՝ լսելու Հռոմի Պապի և միլիոնավոր հավատացյալ հայորդիների առաջիկա աղոթքները հանուն խաղաղության, հույսի և սիրո, լսելու մի շատ պարզ ուղերձ, որ «մթությունը հնարավոր չէ ցրել մթությամբ, և ատելությունը հնարավոր չէ ցրել ատելությամբ»:
Շնորհակալություն: