Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրա քրտինքից անգամ ալերգիա ունի». նորակոչիկի մայրը հանձնաժողովին համոզում էր, որ որդին պիտանի չէ ծառայության

Հունիս 20,2016 18:52

«Տղայիս պոչուկը 15 տարեկանում վիրահատել են, տակը թարախային պրոցես ա, չի կարողանում պառկի»,- այսօր ՊՆ-ին առընթեր հասարակական խորհրդի նիստում այսպիսի բողոք ներկայացրեց նորակոչիկներից մեկի՝ Արմեն Կեցոյանի հայրը՝ Հարություն Կեցոյանը:

Հիշեցնենք, որ 2016թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներում եւ բողոքներում բարձրացված հարցերի արագ լուծման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով:

Արմեն Կեցոյանի ծնողները նաեւ բողոքեցին, որ իրենց որդին ալերգիա էլ ունի, բայց Կենտրոնական բժշկական հանձնաժողովը դա հաշվի չի առել:

Թե ինչի՞ց ունի՝ ալերգիա՝ տղան պատասխանեց՝ «դեղերից ու եղանակից»: Մայրն էլ կողքից հուշեց՝ «իրա քրտինքից էլ ունի անգամ»:

Հայրը վստահեցնում էր՝ «Մի քիչ եղանակը սառավ՝ ձեռքերը կարմրում, ճաքում, ականջների մեջ խշշում ա»: Մայրն ավելացրեց, որ որդու ձեռքերը կապտում են, ցրտահարված են:

Kecoyan_2- Kecoyan_3- Kecoyan_4-

Հանձնաժողովի նախագահ Գեղամ Հարությունյանն էլ պատասխանեց, որ այդ ամենը ստուգելու ձեւ կա. «Արդեն ստուգել են ձեր որդու ձեռքերը, սառեցնում են, հետո թողնում են իրեն-իրեն հետ գա, ստանդարտներ կան, թե քանի րոպեում պետք է հետ գան: Ձեր որդու ձեռքերը 3-3.5 րոպեից հետ են եկել, դրա համար չեն կարող ծառայության համար ոչ պիտանի համարել տղային:

Մոր խոսքերով՝ 2013-ից իր տղայի մոտ նաեւ դեղորայքային ալերգիա են հայտնաբերել՝ անալգինի նկատմամբ: Հանձնաժողովի անդամներն էլ փաստաթղթերն ուսումնասիրեցին ու ասացին՝ անալգինից ալերգիա ունի, իբուպրոֆենից չունի, այնպես որ, դա հիմք չէ՝ զինծառայությունից ազատելու համար:

Հանձնաժողովի անդամները նաեւ տղայի պոչուկն ուսումնասիրեցին, ասացին՝ արտաքին զննությամբ չոր վերք է, մաքուր է, թարախային պրոցես չկա: Այնուամենայնիվ, հանձնաժողովը որոշեց, որ պոչուկի հետ կապված միջնորդությամբ հանդես գա եւ զինկոմը նորից հարցն ուսումնասիրի. «Պոչուկի խնդիրը երբ վերացվի՝ նա պիտանի է զինծառայության»:

Հայրը սկսեց նեղսրտել, թե զորամասում ո՞նց է լինելու տղայիս հարցը, բա որ ծանր մի բան տան, բա ալերգիան: Հանձնաժողովի անդամներն էլ բացատրեցին. «Ալերգիայից ձեր տղայի մոտ շոկային վիճակ չկա, անալգինից թեթեւ ռեակցիա է եղել, ինչի՞ եք ծանրացնում ձեր որդու վիճակը: Մի՛ կոմպլեքսավորեք ձեր տղային, մի՛ ներշնչեք, որ նա առողջական խնդիրներ ունի, նորմալ տղա է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930