Լրահոս
Օրվա լրահոսը

«Տղայիս մի աչքը չի տեսնում, ամիսը 6 անգամ ուշագնաց է լինում». Նորակոչիկի ծնողների բողոքն ու զինկոմի գնահատականը

Հունիս 20,2016 18:30

2016թ. ամառային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության եւ օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներում եւ բողոքներում բարձրացված հարցերի արագ լուծման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով:

Այսօր հանձնաժողովի նիստում քննվեցին բազմաթիվ բողոքներ:

Գեղամ Դոլուխանյանը բողոք էր ներկայացրել, որ «որդիս ողնաշարի գրիժա ունի»: Հանձնաժողովի անդամները հղում արեցին ՊՆ նախարարի 410 հրամանին: Հանձնաժողովի նախագահ Գեղամ Հարությունյանի խոսքերով՝ «Բանակում զորակոչվում են միայն կատարելապես առողջ տղաները եւ առողջական որոշակի խնդիրներ ունեցողները, խնդիրն այն է, թե դրանք արտահայտվածության ինչ աստիճան ունեն: Ըստ այդմ` ընդունվում են որոշումները: Ձեր որդին ենթակա է զորակոչի: Ճողվածքը, եթե 4 մմ եւ ավելի լինի, դեռ կարելի էր մտածել, իսկ ձեր որդու մոտ 3 մմ-ից փոքր է»:

IMG_6401

Նորակոչիկի հայրն ընդդիմացավ. «Ես բանակից հեռու մարդ չեմ: Ես 64 կգ-անոց ակղը ձորի բերանից 3 անգամ տարել եմ տանկ եմ լիցքավորել, իմ երեխեն կարա՞ նման բան անի ու օգտակար լինի:. Բժիշկներն ասել են՝ ուժեղ փռշտալ նույնիսկ չի կարելի քո տղուն: Եթե մի բան եղավ, բա էդ ժամանակ ո՞նց է լինելու: Բա որ գնա բանակ, խախտումները կլինեն, մենք ուղիղ նամակով նախարարին կդիմենք: Չեմ պատրաստվում տղես հաշմանդամ դառնա, հետո սաղ կյանքս հաշմանդամ պահեմ»:

Գեղամ Հարությունյանը բացատրեց, որ դրա համար սահմանափակումով ծառայության համար պիտանի են ճանաչում. «Նրան ոչ մեկը բանակում չի կարող ասել, որ այդ արկղերը վերցրու ու տար: Չի կարելի նրան ծանրաբեռնվածության տակ դնել»:

Գեղամ Հարությունյանը նորակոչիկին հարցրեց. «Տղա ջան, դո՞ւ ինչ կասես քո հիվանդության մասին, ի՞նչ գանգատներ ունես»:

Նա պատասխանեց. «Շուտ հոգնածություն ա մոտս լինում, ոտերս ա թմրում: Նենց չի, որ ինչ-որ շատ բողոքներ ունեմ, որ ցավերից չեմ կարողանում, ուղղակի էն չեմ կարողանում անեմ, ինչ իմ ընկերները»:

Հայրն էլ արձագանքեց. «Ես բանակին մոտիկ մարդ եմ, տանկի հրամանատար եմ եղել, ես չգիտեմ՝ բանակում սահմանափակ ծառայություն կա՞»: Գեղամ Հարությունյանն էլ ասաց՝ կա ԶՈՒ գլխավոր շտաբի պետի որոշում, թե ինչքանով է կատարվում՝ այլ քննարկման հարց է:

Մի նորակոչիկի մայր էլ՝ Աննա Մուրադյանը բողոք էր ներկայացրել, որ որդու՝ Սարգիս Մուրադյանի մի աչքն ընդհանրապես չի տեսնում, «միայն սեւ ու սպիտակ է տեսնում» եւ ամիսը 2-6 անգամ ուշագնաց է լինում: Հանձնաժողովի նախագահը հարցրեց՝ փաստ ունե՞ք, որ ուշագնաց է լինում, դա ահռելի մեծ թիվ է՝ ամսական 6 անգամ ուշագնաց լինել, շտապօգնություն կանչե՞լ եք: Մայրն ասաց՝ չէ, ուշագնաց է լինում, հետո ուշքի է գալիս, էլ բժիշկ չենք կանչել:

Հանձնաժողովի անդամներից մեկը տեղում ստուգեց տղայի աչքերը եւ ասաց՝ բիբերի լայնացում կա, դա ակնհայտ է, տղան հեռատես է, բայց այն աստիճան չէ, որ ազատվի բանակից: Մայրն սկսեց պատմել, որ որդին ճնշում ունի, գլխացավեր եւ այլն: Հանձնաժողովի նախագահը զարմացավ՝ հիմք պետք է լինի այդպես ամեն մեկն էլ կարող է ասել, որ ամսական մի քանի անգամ գիտակցության կորուստ է ունենում:

Հանձնաժողովի նախագահի խոսքերով՝ «Դիցուք, իրենք ճիշտ չեն ասում, այդքան գիտակցության կորուստ չի ունենում, կարող է չափազանցնում է, բայց եթե այնուամենայնիվ, մարդիկ ճի՞շտ են ասում, տղան թույլ էր ընդհանուր, գունատ»:

Հանձնաժողովը որոշեց միջնորդություն ներկայացնել զինկոմին, որ լրացուցիչ հետազոտեն տղային՝ ուշագնացությունների հետ կապված:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930