Լրահոս
Օրվա լրահոսը

Վիրավոր զինվոր Արման Լազգիյանի բուժման համար կրկին գումար է հարկավոր (Տեսանյութ)

Հունիս 20,2016 18:03

«Մեր պետությունը մեր զինվորի կողքին չէ, օրենքով սահմանված կարգով պետությունը բյուջեից որեւէ լումա, որեւէ գումար չի տրամադրել Գերմանիայում բուժվող զինվորներին, ամբողջը եղել է մասնավորների տրամադրած գումարներով»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը:

Նրա դիտարկմամբ՝ հեռուստատեսությամբ պաշտպանության նախարարությունը գովազդ է անում եւ խնդրում բանակի հարցերը չքննարկել, չհանրայնացնել. «Համաձայն եմ, չքննարկենք, բայց որպեսզի չքննարկենք, պիտի մենք տեսնենք, որ օրենքը աշխատում է: Եթե օրենքը աշխատեր, զինվորին տրվեր անհրաժեշտ օգնությունը բուժման նպատակով, մենք էլ չէինք հանրայնացնի: Եթե չկա, ստիպված ենք հանրայնացնել, որը պատիվ չի բերում պետությանը: Պետությունը նույնիսկ պետպատվերի գումարը չի փոխանցել «Էրեբունի» հիվանդանոցին», որտեղ բուժվում եւ բուժվել են զինվորները: Նախարարությունն ասել է՝ հիվանդանոցը հայտ չի ներկայացրել դրա համար»:

Մանրամասն՝ տեսանյութում

Հիմա Գերմանիայի կլինիկաներից մեկում գտնվող ապրիլյան պատերազմի օրերին ծանր վիրավորում ստացած Արման Լազգիյանի հայրը՝ Միքայել Լազգիյանն էլ ասուլիսի ժամանակ կրկին ասաց, որ որդու հետագա բուժման համար նորից գումար է հարկավոր, ու բավականին մեծ գումար՝ 160 հազար եվրո:

Միքայել Լազգիյանի խոսքերով՝ առաջին փուլում Արմանի կերակրափողի, ստամոքսի, թոքերի եւ աղիների հետ կապված խնդիրները կարգավորվել են, բայց շնչափողի, պառկելախոցերի եւ ողնաշարի հետ կապված դեռ խնդիրներ կան եւ հնարավոր է՝ վիրահատության կարիք լինի: Հիմա, ըստ Լազգիյանի, հրատապ 60 հազար եվրո է հարկավոր, եւ արդեն 10 օր է՝ դադարեցված է Արմանի բուժման ընթացքը, նրան պետք է տեղափոխեին վերականգնողական կլինիկա, սակայն քանի որ գումար չկա, հոր ասելով՝ Արմանն ուղղակի պառկած է հիվանդանոցում:

Անահիտ Բախշյանն ասաց, որ միայն Արմանն ու Ռուբեն Առաքելյանը չեն, որ ծանր վիրավորում ստացած էլի զինվորներ կան, որոնք դրսում բուժվելու կարիք ունեն:

Բախշյանի խոսքերով՝ «Մուրացանի հոսպիտալում բուժվող տղաները՝ Ավետիս Զարգարյանն եւ Ռոլանդ Սահակյանը, հենց հոսպիտալի պետն է ասել, որ քննարկում են նրանց արտերկիր ուղարկելու հարցը: Այսինքն, նա փաստում է, որ Հայաստանում այս տղաներին չեն կարողանալու բուժել: Հարգելի կառավարություն, ընդունածդ օրենքը հարգի, եւ տղաների բուժումը կազմակերպի պատշաճ՝ արտերկրում: Ասել, թե բալը թանկ է, դա անբարոյականություն է»:

Մանրամասն՝ տեսանյութում

Միքայել Լազգիյանն էլ ասաց, որ այսօր որդու ընկերները փորձում են դրամահավաք կազմակերպել, սակայն, նրա խոսքերով՝ «Մոլերում ու այլ տեղերում չեն թողնում, խոչընդոտում են: Ես, երեւի, որ ասել եմ էս համակարգը սխալ է, դրա համար էլ ճնշումներ են անում. «Սխալ եմ արել, որ ասել եմ՝ համակարգը սխալ է գործում, համակարգը լավ էլ գործում է, բայց հօգուտ իրենց, ի վնաս ժողովրդի է:

Եթե պետությունն ուզենար աջակցեր իր զինվորին, կարող էր պետական ապարատներով հրահանգ տալով աներ, ու չխոչընդոտեր, պատգամավորներ ու նախարարներ լավ էլ կաջակցեին»:

Լազգիյանն ասաց, որ միշտ էլ հնարավորություն է ունեցել արտագաղթելու, բայց չի գնացել հայրենիքից. «Հայրենասիրությունս ինձ գցել է քացու տակ, հայրենասիրությունս իմ ընտանիքին վերցրել ու փորձում է ջարդի, փշրի»:

Լազգիյանը նաեւ պատմեց, որ որդին՝ Արման Լազգիյանը մարտի դաշտում իր հրամանատարին միայնակ չի թողել, երբ հրամանատարը վիրավորվել է, Արմանն իր մարտական ընկերների հետ վիրավոր հրամանատարին ռմբակոծության տակից հանել է. «Կյանքը վտանգելով հանել է, համոզված լինելով, որ ինքն էլ վիրավորվի, պետությունը կհոգա, կբուժի իրեն: Էրեխես ասում է՝ պապ, թող արի: Որ չբուժվի էլ, գալու է թքի երեսներին, ասի՝ դուք նամուս-թասիբ ունե՞ք, ապրելու իրավունք ունե՞ք: Ես ո՞ւմ էի վատություն արել»:

Մանրամասն՝ տեսանյութում

Aravot.am-ի այն հարցին, որ կառավարությունը պատճառաբանում է, որ Հայաստանում էլ հնարավոր է բուժել, ուստի մերժում են արտերկիր ուղարկել զինվորներին՝ բուժվելու, արդյոք որոշումն ի սկզբանե այնպես չէ՞ գրված, որ «խաղալու» տեղիք տա, եւ ի՞նչն է իրականում պատճառը, որ պետությունը չի ֆինանսավորում նրանց բուժումը, տիկին Բախշյանն ասաց. «Էն որ ասում եմ՝ բալը թանկ է, չեմ կարող, չունեմ, փաստորեն զինվորի համար էլ գումար չունեն»:

Տիկին Բախշյանը նաեւ ասաց, որ Գերմանիա տեղափոխվելուց անմիջապես հետո եւ Արմանի, եւ Ռուբենի մոտ առողջության առաջընթաց է գրանցվել. «Առաջինը տարել են՝ լողացրել են, էլեկտրական, հարմարավետ սայլակ են տրամադրել: Ռուբենը ձախ ձեռքը մինչեւ գլուխը բարձրացնում է: Աջ ոտքի զգայունություն է նկատվում: Հիմա շնչառության հետ կապված դեռ խնդիր կա, որպեսզի կոկորդի անցքը փակվի ու սկսի խոսել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930