Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով տուժած եւ գործում որպես մեղադրյալ ներգրավված Արթուր Գեւորգյանի փաստաբան Հովիկ Արսենյանի գնահատմամբ, գործի նախաքննությունն ընթանում է օբյեկտիվ ու բավարար:
Մեր հարցին, թե այդ դեպքում ինչու էր իր պաշտպանյալի մայրը՝ Հասմիկ Սահակյանը ՀՀ նախագահին, ոստիկանապետին եւ ՀՔԾ պետին նամակ ուղարկել՝ խնդրելով միջադեպի արդար քննություն ապահովել, պարոն Արսենյանն ասաց. «Խնդիրն այն է, որ ծնող է ու իրականությունն իրեն հայտնի լինելով, իր որդուն լավ ճանաչելով՝ նման բողոք-դիմումներ է ներկայացրել: Ինչի մասին է խոսքը: Իսկ ով պետք է վարույթ իրականացնող մարմնին անձնականի, ընդհանուր հասարակականի վերաբերյալ տեղեկատվություն տար, այդ միջոցով է չէ՞ վարույթ իրականացնող մարմինը հավաքում ապացույցները, որից հետո նոր գնահատական է տալիս: Հիմա մայր է, նման բաներ է գրել, անհանգստություն ապրեց որդու համար՝ մտածելով, որ որդին որեւէ մեկի հանդեպ նախահարձակ չի եղել, ոստիկանի ընտանիքում ծնվել, մեծացել է ու հանկարծ դուրս է գալիս, որ բռնում են, ձերբակալում, կալանավորում ոստիկանության աշխատակցին դիմադրություն ցույց տալու մեղադրանքով: Դե ծնող դիմացիր»:
Արթուր Գեւորգյանն ավելի վաղ news.am-ին հայտնել էր, որ այսօր նրա մորը ՀՔԾ են կանչել հարցաքննության, այս մասին փաստաբան Արսենյանը տեղեկություններ չուներ. «Ամենայն հավանականությամբ իր կողմից գրված դիմումների հետ է կապված, բնականաբար, վարույթ իրականացնող մարմինը պետք է հրավիրեր հարցաքննության, իսկ թե տեղի է ունեցել հարցաքննությունը, թե՝ ոչ, ես տեղյակ չեմ»:
Երբ Գորիսի ոստիկանապետի մասնակցությամբ ծեծկռտուքի տեսանյութը հրապարակվեց, սովորական դիտողի համար ակնհայտ էր՝ ով էր ծեծկռտուքում նախահարձակ ու ագրեսիվ ու ով ամենից շատ տուժեց այդ միջադեպում, պարոն Արսենյանից հետաքրքրվեցինք՝ օբյեկտիվ քննության արդյունքում արդյոք այս փուլում մեղադրյալների փոփոխություն կա, առնվազն գործում նոր մեղադրյալների ներգրավվում չպետք է լիներ, ի պատասխան փաստաբանն ասաց. «Չեմ պատկերացնում, էդ երկիրը չենք դեռ: Բոլոր դեպքերում, տեսանյութն ուղարկվել էր փորձաքննության, փորձագետներն իրենց եզրակացությունում հայտնել են, որ մասնակիցներին նույնականացնել հնարավոր չէ: Լավ չի երեւում, չենք կարող պարզել՝ ով, ով է»:
Կարդացեք նաև
Մեր հարցին, իսկ այդ դեպքում օբյեկտիվ քննություն հնարավո՞ր է, ասաց. «Դե կներեք, քննիչը մեղք ունե՞ր, որ փորձագետը նման եզրակացություն է տվել»:
Մեր հարցին, իսկ գործում մեղադրյալ ներգրավված ձեր պաշտպանյալի կարգավիճակի փոփոխության ակնկալիք ունե՞ք, ասաց. «Դե որ մեղադրյալ է ներգրավվել, հո չի նշանակում՝ հանցանք է կատարել, քննություն է ընթանում…երեւույթը շատ տհաճ է, հեղինակազրկող, մեղավորներ չեմ փնտրում»:
Ի դեպ, այս գործով մյուս փաստաբան Համլետ Դավթյանը, ընդհակառակը, դժգոհ էր գործի քննությունից. «Էդ առաջին օրերը, որ անցան, էլ ընդհանրապես քննություն չի արվել, հենց գործը մտավ ՀՔԾ, մենք այլեւս գործողություններին չենք մասնակցել: Այս պահին որեւէ տեղեկություն էլ չունենք ընթացքի վերաբերյալ»:
Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որտեղ երեւում էր, թե ինչպես է Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը ծեծում մի քաղաքացու: Armlur.am-ը պարզել էր, որ միջադեպը տեղի է ունեցել հետեւյալ կերպ. մարտի 8-ի երեկոյան մի խումբ երիտասարդներ գնացել են Գորիսի «Դիանա» ռեստորան, բայց նրանց թույլ չեն տվել ներս մտնել՝ ասելով՝ փակ է։ Երբ երիտասարդները նստել են ավտոմեքենան, որ դուրս գան, ռեստորանի դարպասներով, անարգել ներս է մտել Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը, ինչից հետո սկսել է միջադեպը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Ես չհասկացա, էդ առաջինը պաշտպան է՞ր, թե՝ անպաշտպան…