«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, գիտակցելով Արցախի հարցի կենսական կարեւորությունը հայ ժողովրդի հետագա ճակատագրի համար, հարկ է համարում շարադրել իր դիրքորոշումը Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակի եւ հետագա զարգացումների մասին:
- Անկախ Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության պաշտոնական ճանաչման հանգամանքից, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության միջեւ պետք է հաստատվեն բնույթով միջպետական հարաբերություններ: ՀՀ-ի կողմից Արցախի Հանրապետության դե յուրե ճանաչումը ընդունելի եւ անհրաժեշտ քայլ է, որը սակայն պետք է իրականացվի այնպիսի աշխարհքաղաքական պայմաններում, որ ոչ թե խոչընդոտի, այլ նպաստի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը:
- Հայաստանի Հանրապետությունը եւ նրա զինված ուժերը պետք է լինեն Արցախի անկախության եւ անվտանգության երաշխավորը:
- Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության միջեւ հաստատված միջպետական հարաբերությունների նպատակը պետք է լինի ՀՀ եւ Արցախի վերամիավորումը՝ մեկ պետության՝ Հայաստանի Հանրապետության կազմում:
- ՀՀ եւ Արցախի Հանրապետության դե յուրե միավորումը պետք է տեղի ունենա Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացից հետո կամ դրան զուգընթաց:
- Հայաստանի Հանրապետության որեւէ ներկայացուցիչ չպետք է Ադրբեջանի հետ բանակցի Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ, եթե այդ բանակցության մեջ ներգրավված չէ Արցախի պաշտոնական ներկայացուցիչը:
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վկայակոչում է Արցախի Հանրապետության Սահմանադրության 142-րդ հոդվածը, որտեղ ասվում է, որ մինչեւ Արցախի Հանրապետության պետական տարածքի ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Արցախի Հանրապետության իրավազորության ներքո:
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համարում է, որ հայ ժողովուրդը պետք է անհրաժեշտ ջանքերը գործադրի Արցախի Հանրապետության փաստացի իրավազորության ներքո գտնվող տարածքներում նոր բնակավայրեր հիմնելու, գոյություն ունեցող բնակավայրերի բնակչության թիվը հարաճուն կերպով ավելացնելու, այդ տարածքում հուսալի ենթակառուցվածքներ, աշխատատեղեր ստեղծելու, Արցախի Հանրապետության բնակչության անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելու համար:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչություն