Հունիսի 19-ին ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները և Հոլանդիայի հայկական դպրոցների հետ քույրացած Երևանի՝ Կաթողիկոս Վազգեն առաջինի անվան թիվ 168 դպրոցի տնօրեն Սոնա Գալստյանը, Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 դպրոցի տնօրեն Իռեն Հակոբյանը, Ֆրիտյոֆ Նանսենի անվան թիվ 150 դպրոցի ուսմասվար Նարինե Փարսայանը հեռակապով մասնակցեցին Հոլանդիայի հայկական կրթական «Հարթակ» միության միջոցառմանը:
Մասնակիցները դիտեցին Նայմեխենի ՄՀՀ միության սրահում կազմակերպված Հոլանդիայի հայկական դպրոցների տարեվերջյան միջոցառումը, որը նվիրված էր Հայրենիքին և կրթական «Հարթակի» 6-ամյակին: Միջոցառմանը մասնակցում էին Նիդերլանդներում Հայ Առաքելական Եկեղեցու Հոգեշնորհ հայր Արեն վարդապետ Շահինյանը և Հոլանդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, համայնքի ներկայացուցիչներ, ծնողներ, աշակերտներ:
Տեսակապին միացավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով ներկաներին՝ նախարարը շնորհավորեց «Հարթակի» դպրոցների աշակերտներին, ծնողներին և մանկավարժներին ուսումնական տարին հաջողությամբ ավարտելու առիթով և կարևորեց օտար երկրում մայրենի լեզվի ու մշակույթի պահպանությունը: Տիկին Հակոբյանն արտահայտեց նաև իր ոգևորությունը, որ «Հարթակի» 3 դպրոցներ Հայաստանում ունեն իրենց քույր դպրոցները, որոնք համատեղ իրականացնում են փոխօգնության ու համագործակցության ծրագրեր:
Կրթական «Հարթակը» հիմնադրվել է 2010-2011 ուսումնական տարում Սվետա Աբրահամյանի նախաձեռնությամբ: Կառույցի նպատակն է հայազգի երեխաների կրթությունն ավելի բարձր որակով կազմակերպելն ու միասնական ծրագրով առաջնորդվելը: Կրթական «Հարթակ»-ում ընդգրկված են Նայմեխենի «Վան» դպրոցը (տնօրեն՝ Սվետա Աբրահամյան), Ալմելոյի Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» դպրոցը (տնօրեն՝ Մանուկ Մկրտչյան), Ասսենի կիրակնօրյա դպրոցը (տնօրեն՝ Նիկոլա Ռոմաշուկ), Մաստրիխտի դպրոցը (տնօրեն` Արտակ Մանուկյան), Վեստերֆորտի «Նոր Այգ» Հայ տիկնանց միության դպրոցը (տնօրեն՝ Ալիս Թովմասյան):
Կարդացեք նաև
Վերջում միջոցառման վերաբերյալ իրենց տպավորություններով ու զգացողություններով կիսվեցին ՀՀ դեսպան տիկին Ձյունիկ Աղաջանյանը, Արեն վարդապետ Շահինյանը, երևանյան քույր դպրոցների ղեկավարները՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել Հոլանդիայի հայկական դպրոցների հայապահպան գործունեությանը և առավել արդյունավետ համագործակցել:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ