2016թ. հունիսի 20-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հետ։
Մինչև երեք պետության նախագահների միջև կայանալիք եռակողմ հանդիպումը, որին կմասնակցեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, Վլադիմիր Պուտինի հետ առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահները։
Սերժ Սարգսյանի հետ կայացած հանդիպումից հետո Վլադիմիր Պուտինն ընդունել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Ալիև-Պուտին հանդիպմանը ընթացքում Ադրբեջանի առաջնորդն ասել է, որ հակամարտության ստատուս-քվոն անհրաժեշտ է հաղթահարել, բայց դրա համար անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը դուրս բերի այդ տարածքներից իր զորքերը։
Շարունակելով թեման՝ Ալիևն ասել է. «Հակամարտությունը ձգձգվել է, ինչպես հայտարարում են Ռուսաստանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները։ Ստատուս-քվոն անընդունելի է և մենք ամբողջովին աջակցում ենք այս հայտարարությանը։ Որպեսզի փոխվի ստատուս-քվոն, անհրաժեշտ է, սկսել Ադրբեջանի տարածքների ապաբռնազավթումը, որոնք ավելի քան 20 տարի է` բռնազավթված են։ Մենք հույս ունենք, որ կհաջողվի կառուցողական լիցք հաղորդել բանակցային գործընթացին, որը վերջին երկու տարիներին փաստացի դադարեցված էր»։
Կարդացեք նաև
Իր խոսքի ավարտին Ադրբեջանի նախագահը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի ներդրած ավանդի համար։
Տեղեկացնենք նաև, որ այսօր երեկոյան նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ նախագահների եռակողմ հանդիպումը, որին կմասնակցեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։