Ռուսաստանի Դաշնության «Լիբերալ-դեմոկրատական» կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին անդրադարձել է ռուս-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորմանը։ Այս մասին տեղեկացնում է Sputnik միջազգային լրատվական գործակալության թուրքական ծառայությունը։
Ժիրինովսկու խոսքերով՝ իր համար պատիվ կլինի, եթե կարողանա հաշտեցնել Ռուսաստանին և Թուրքիային։ Ժիրինովսկին ասել է, որ 2016թ. հունիսի սկզբին հանդիպում է ունեցել Մոսկվայում Թուրքիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ումիթ Յարդըմի հետ, որի ժամանակ քննարկել են ռուս-թուրքական հարաբերությունների վերականգնմանն ուղղված մի շարք հարցեր։ Այս հանդիպման մասին տեղեկությունները հաստատել են նաև ՌԴ-ում Թուրքիայի դեսպանատնից։
Ժիրինովսկու կարծիքով՝ ռուս-թուրքական հարաբերությունների լարված բնույթը ձեռնտու է ԱՄՆ-ին։ Ռուսաստանի «Լիբերալ-դեմոկրատական» կուսակցության ղեկավարն անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության խնդրին՝ ասելով, որ 20-րդ դարի սկզբին սպանվել են ոչ միայն հայեր, այլև ռուսներ և թուրքեր։