Հունիսի 16-ին ավարտվեց Հաշմանդամների հանրապետական 14-րդ մարզական փառատոնը, որի կազմակերպիչն էր Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն:
Հայկական Կարմիր խաչի ընկերության միջազգային վերականգնողական կենտրոնում անցկացված եռօրյա փառատոնին մայրաքաղաքը և տարբեր մարզեր ներկայացնող թիմերը մրցում էին շոու դաուն, սեղանի թենիս, բասկետբոլ, շախմատ, լող, ծանրամարտ և բազկամարտ մարզաձևերում:
Մրցումներին մասնակցում էր նաև ՀՀ ԱԻ նախարարության 8 աշխատակից, ովքեր հանդես գալով տարբեր թիմերում` լուրջ արդյունքներ են գրանցել, գրավել մրցանակային տեղեր և արժանացել բարձր պարգևների.
- Սևակ Մխիթարյան – բասկետբոլ և ծանրամարտ՝ ոսկե մեդալ (Կոտայքի մարզ)
- Հարություն Մխիթարյան – ծանրամարտ և բազկամարտ՝ ոսկե մեդալ (Լոռու մարզ)
- Սարգիս Միրիբյան – ծանրամարտ՝ ոսկե մեդալ (Գեղարքունիքի մարզ)
- Հովհաննես Խզմալյան – բասկետբոլ՝ արծաթե մեդալ (Երևան)
- Գրետա Վարդանյան – ծանրամարտ և բազկամարտ՝ ոսկե մեդալ (Շիրակի մարզ)
- Նուբար Կիրակոսյան – սեղանի թենիս՝ ոսկե, բասկետբոլ՝ արծաթե մեդալ (Արագածոտնի մարզ):
Փառատոնի մասնակից Գրետա Վարդանյանը, ով ապրիլի 7-ին յուրատեսակ նվեր է ստացել՝ աշխատանքի ընդունվելով Արտակարգ իրավիճակների նախարարություն, այս տարի Հայաստանը կներկայացնի Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ամառային պարալիմպիկ խաղերում: Գրետան մեծ ոգևորությամբ սպասում է խաղերի մեկնարկին և տրամադրված է միայն լուրջ արդյունքների, քանի որ տանը նրան սպասում է ամենահավատարիմ և սրտացավ փոքրիկ երկրպագուն: Վեցամյա Օֆելյան մայրիկին սպասում է միայն հաղթանակած:
ՀՀ ԱԻ նախարարությունում ստեղծված են բոլոր պայմանները հաշմանդամ աշխատակիցների ազատ տեղաշարժման և աշխատանքի, ինչպես նաև՝ ամենօրյա մարզումների համար:
Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում նորանոր հաջողություններ:
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն