Լրահոս
Օրվա լրահոսը

«Աթեշյանն առաջին պատրիարքի փոխանորդը չէ, որ նման կեցվածք է ընդունել». Տիրան Լոքմագյոզյան

Հունիս 20,2016 16:24

«Պոլսո հայոց պատրիարքարանի դրությունը բավական դժվար է Թուրքիայի նման երկրում: Ինչպես որ խորհրդային տարիներին որևէ հիմնարկ կամ անձնավորություն չէր կարող Խորհրդային Միության դեմ խոսել, այնպես էլ Թուրքիայում է: Հատկապես եթե հաշվի ենք առնում, որ Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը պետության աջակցությամբ եկավ այն տեղը, որտեղ այժմ նստած է»,- «Երկու երես» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ հայտնեց «Ակօս» թերթի նախկին աշխատակից Տիրան Լոքմագյոզյանը՝ անդրադառնալով Աթեշյանի՝ Էրդողանին գրած նամակին՝ կապված Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման հետ:

«Աթեշյանն առաջին պատրիարքի փոխանորդը չէ, որ նման կեցվածք է ընդունել,- շարունակեց Լոքմագյոզյանը.- նախորդ պատրիարքներն էլ նման արտահայտություններ, նման մոտեցումներ ունեցել են: Թեկուզ Մեսրոպ սրբազանը, որն այժմ հիվանդ է ու չի կարողանում պաշտոնավարել, համարյա նույն մոտեցումներն է ունեցել:

Ես ամենևին չեմ ուզում արդարացնել Արամ սրբազանին: Նա բավական թերի կողմեր ունի, և ես էլ ժամանակին մի քանի անգամ քննադատել եմ նրան: Սակայն մենք պետք է փորձենք ճիշտը սխալից տարանջատել: Պատրիարքը պատասխանատու է Պոլսո հայ համայնքի համար ու պետք է մտածի նաև վերջինիս սպառնացող վտանգների մասին: Եթե Արամ սրբազանն իր համայնքի մասին է մտածում, ուրեմն ճիշտ է անում, եթե իր մասին է մտածում, սխալ է անում, որովհետև, որպես համայնքի հոգևոր ղեկավար, նա չպետք է իր անձի մասին մտածի, պետք է ավելի պինդ կեցվածք ունենա»:

Իսկ չէ՞ր կարող պարզապես լռել:

«Պարզապես լռել չի լինի, եթե ձեզ թելադրում են ինչ-որ բան ասել: Իմ կարծիքով այդ նամակը Արամ սրբազանի կողմից չէր պատրաստված: Նրան ուղղակի հանձնել են ու ասել, որ ստորագրի, ներկայացնի»,- կարծում է Լոքմագյոզյանը:

Հարցին՝ ինչո՞ւ է Աթեշյանը գալիս Հայաստան և կանգնում Ցեղասպանության 1.5 զոհերին սրբադասած հոգևորականի կողքին, եթե չի ընդունում, որ այդքան հայեր ցեղասպանվել են, Լոքմագյոզյանը պատասխանեց. «Նա չի կարող չընդունել այդ փաստը: Մանավանդ որ նրա ընտանիքի անդամների մի մասը ցեղասպանվել է, մյուսներն էլ՝ բռնի ուժով մուսուլմանացվել:

Երբ Աթեշյանը եկավ Ստամբուլ, անգամ հայերեն չգիտեր: Ստամբուլում սովորեց: Ինչ վերաբերում է Հայաստան գալուն, մենք տարբեր ժամանակներում տարբեր երկրներում հոգևորականներ ենք ունեցել, որոնք, քաղաքական պատճառներից ելնելով, նույն կարծիքները չեն ունեցել: Արամ սրբազանը գալիս է Հայաստան իր հոգևոր եղբայրների հետ հոգևորականների ժողովին մասնակցելու: Չեմ կարծում, որ մենք կարող ենք նրան ինչ-որ բան թույլատրել կամ արգելել: Եթե եկեղեցու անդամներն ուզում են նրա դեմ ինչ-որ բան անել, կարող են անել, դա իրենց խնդիրն է»:

Հարց-դիտարկմանը, թե Թուրքիայում հայոց պատրիարքարանը հայ համայնքը միասնական պահելու համար է, սակայն իր գործառույթը չի կատարում, ուրեմն ինչի՞ է պետք այն, Լոքմագյոզյանը պատասխանեց. «Պատրիարքարանը առաջին հերթին կրոնական հաստատություն է, ոչ թե ազգային: Թուրքիայում հայերն ազգային հաստատություն չեն էլ կարող ունենալ, դրա համար համախմբված են եկեղեցու շուրջ՝ որպես իրենց միակ՝ թե´ կրոնական, թե´ ազգային հաստատության: Պատրիարքարանն ազգային որևէ խնդիր լուծելու մտադրություն չունի. թուրքական պետությունը նրան չի էլ թույլատրի:

Մյուս կողմից՝ եթե ինչ-որ ղեկավար որևէ սխալ քայլ է անում, դա պատճառ չէ, որ այդ ամբողջ կառույցը վերացվի: Հայաստանն էլ սխալ քայլեր անող ղեկավարներ ունի, բայց չենք մտածում, չէ՞, Հայաստան պետությունը վերացնելու մասին»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930