«Գերմանիան Բունդեսթագի բանաձեւի ընդունումից հետո պետք է զբաղվի Հայաստանի անվտանգության ապահովմամբ, պաշտպանունակության մեծացմամբ, թեեւ բնականաբար ոչ այնչափ, որչափ որ Իսրայելի պարագայում է, քանի որ այս դեպքում ցեղասպան երկիրը նա չէ, բայցեւայնպես: Գերմանիայի կողմից Հայաստանի պարագայում տվյալ հարցերով զբաղվելը կարող է դրսեւորվել նույն տեսքով՝ զենքերի մատակարարմամբ, ֆինանսավորմամբ: Նման պահանջներով սկզբնական փուլում կարող է հանդես գալ Հայկական սփյուռքը՝ համապատասխան հիմք ստեղծելու ու կարծիքները շոշափելու համար, ապա «խաղի» մեջ կմտնի Հայաստանը», «Առավոտ»-ին տված հարցազրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Հայկ Գաբրիելյանը:
«Այստեղ ուշագրավ է մեկ դրվագ: Մենք գիտենք, որ Գերմանիան խուսափել եւ խուսափում է հակամարտությունների գոտի զենք ուղարկելուց, եւ դա կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ Հայաստանին զենքով օգնելու համար: Որպես հարցի լուծում՝ վերստին տեսնում եմ Իսրայելի նախադեպը. երբ 1960-ական թվականներին գերմանական մամուլում լուրեր սպրդեցին, որ Գերմանիան սպառազինություն է մատակարարում Իսրայելին եւ մեծ աղմուկ բարձրացավ, Գերմանիայում որոշեցին խզել պայմանագիրը այն հիմնավորմամբ, որ Գերմանիան չպետք է զենք մատակարարի տարածաշրջանային հակամարտությունների գոտի», նկատեց մեր զրուցակիցը:
«Հարցը լուծվեց այն բանից հետո, երբ Իսրայելը (պաշտպանության փոխնախարար Շիմոն Պերես) դրան առարկեց նրանով, որ գերմանացիները պետք է վերականգնեն պատմական անարդարությունը, որը նրանք գործել են հրեա ժողովրդի հանդեպ եւ ոչ թե փորձեն սեփական միջազգային դիրքն ամրապնդել իրենց հաշվին, որ տանկերի, ինքնագնաց հրետանու ու սուզանավերի մատակարարման մասին համաձայնագիրը կենսական կարեւորություն ունի Իսրայելի համար, եւ որ Գերմանիան Իսրայելին չպետք է դիտարկի միայն որպես «տարածաշրջանային հակամարտության մասնակից», քանի որ երկրին մշտական ոչնչացման վտանգ է սպառնում եգիպտական բռնապետական ռեժիմի կողմից:
Կարծում եմ, որ մենք էլ կարող ենք Գերմանիայի առջեւ հարցը բարձրացնել նման տեսանկյունից` հիշեցնելով Ադրբեջանի իշխանությունների կողմից ոչ միայն ԼՂՀ-ին, այլեւ` ՀՀ-ին ուղղված սպառնալիքների (այդ թվում նաեւ Երեւանի մասով), Թուրքիայի իշխանությունների կողմից այդ հայտարարություններին աջակցություն հայտնելու մասին, որոնք ի ցույց են դնում, որ ՀՀ-ն ու ԼՂՀ-ն իրականում գոյապայքարի մեջ են, եւ հարցին պետք է նայել հենց այդ տեսանկյունից: Չպետք է մոռանալ, որ Թուրքիայի զինված ուժերի 26-րդ (2008-2010թթ.) Գլխավոր շտաբի պետ Իլքեր Բաշբուղը վերջերս խոստովանեց, որ իր ամենամեծ երազանքը եղել է Թուրքիայի ու Ադրբեջանի միավորումը: Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են», նշեց մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Թուրքագետ Հայկ Գաբրիելյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք` հունիսի 21-ի տպագիր «Առավոտ»-ում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ