Մայրաքաղաքի «Միկա» մարզադահլիճում կայացավ ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ» մրցույթի եզրափակիչը: Առաջին եւ երկրորդ փուլերում հանդես են եկել Հայաստանի բոլոր մարզերի եւ Լեռնային Ղարաբաղի 241 նախադպրոցական հիմնարկների 2892 սաներ: Մարզային փուլում հաղթած 11 մանկապարտեզներ այսօր որոշեցին լավագույններին:
Հինգ խաղային, շարժողական մրցաձեւերում ամենից արագ ու ճարպիկ էին Շիրակի մարզի Ախուրյան համայնքի մանուկները: Երկրորդ տեղն զբաղեցրին Լոռու մարզի Վանաձոր քաղաքի թիվ 31, երրորդը՝ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի թիվ 2 նախադպրոցական հիմնարկները, որոնց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը պարգեւատրեց գավաթով, հավաստագրով եւ դրամական խոշոր մրցանակով: Հավաստագրերի արժանացան նաեւ եզրափակչի բոլոր մասնակից նախադպրոցական հիմնարկները, որոնք նվեր ստացան նաեւ մարզահագուստներ:
Նախարար Գաբրիել Ղազարյանը Aravot.am-ի հետ զրույցում կարեւորելով այս տարիքային խմբի երեխաներին առողջ ապրելակերպի ոլորտ ներգրավելու ՀՀ նախագահի նախաձեռնությունը՝ նշեց. «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի արմատավորումը հասարակություն ակնկալվող արդյունքը չի տա առանց նախադպրոցական հիմնարկներում երեխաների ֆիզիկական ակտիվությունը արմատավորելու եւ խթանելու: Իսկապես առողջ քաղաքացի կարող է ձեւավորվել միայն այն ժամանակ, երբ մարդը ֆիզիկապես ակտիվ է հենց այս տարիքից: ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն նախադպրոցական հիմնարկ» մրցույթն էլ հենց այդ նպատակն է հետապնդում: Այս, ինչպես նաեւ առաջին ու մարզային փուլին մասնակցած հազարավոր մանուկների համար ֆիզիկական կուլտուրան, ակտիվությունը դառնում է պահանջ ու նրանց ֆիզիկական ակտիվությունը ավելի լավ արդյունքներ կարձանագրի ինչպես դպրոցական, այնպես էլ ուսանողական տարիքում ու ամբողջ կյանքում: Սա է մեր նպատակն ու ծրագիրը»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ