Այսօր առավոտյան ՀՀ վարչախումբը կատարեց բռնապետությանը հարիր իր հերթական քայլը՝ ձերբակալելով ազատամարտիկ-հրամանատար, ընդդիմադիր գործիչ Ժիրայր Սեֆիլյանին: Պաշտոնական հաղորդագրությունից պարզ երևում է, որ մեկ ամիս առաջ տեղի ունեցած ճանապարհային պատահարի արդյունքում հայտնաբերված զենքերը փոխադրողները մեկ ամիս շարունակ լավ “մշակվել են” քննիչների կողմից, և նման գործելաոճը հասարակությանը քաջ հայտնի է։
Մյուս կողմից ԵՀՄՖ Նախագահությունը մտավախություն ունի, որ ընդդիմադիր գործչի և նրա համակիրների ձերբակալությունը հուշում է այն մասին, որ ներկա պահին Արցախյան հարցի առնչությամբ Սանկտ-Պետերբուրգում ընթացող եռակողմ բանակցություններում Սերժ Սարգսյանը տեղի է տվել տարածքներ հանձնելու ճնշումներին, հետևաբար մինչ նրա Երևան վերադառնալը անհրաժեշտ է հասարակությանը զրկել ընդդիմադիր գործիչներից։
Համոզված ենք, որ գործընթացը շարունակություն է ունենալու և գործեր հարուցվելու են նաև այն առաջնորդների դեմ, որոնք բացահայտելու են ազատագրված տարածքները հանձնելու սարգսյանական միտումները։ Կարծում ենք՝ սա լուրջ հանցագործություն է ոչ թե Սեֆիլյանի և այլ ընդդիմադիր դաշտի հայրենասերների, այլ այն իշխանական թևի ներկայացուցիչների կողմից, որոնք տրամադրված են հանուն իշխանության վաճառել մեր հայրենիքը։ ԵՀՄՖ Նախագահությունը ՀՀ վարչակազմի նման գործելաոճը գնահատում է որպես ճղճիմ քայլ, պահանջում է շտապ ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին և իր համակիրներին՝ միաժամանակ զգուշացնելով, որ հետևելու է վերոհիշյալ գործընթացների զարգացմանը և համապատասխան արձագանքներ է պատրաստելու։
ԵվրոպայիՀայկականՄիություններիՖորումիՆախագահություն
Կարդացեք նաև