Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը լքեց նաեւ նախաձեռնող խմբի անդամներից մեկը

Հունիս 20,2016 15:50

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռանալու որոշում է  ընդունել նաեւ  ՔՊ նախաձեռնող խմբի անդամ Շանթ Գրիգորյանը:

«Խոսել ժողովրդավարությունից և լինել ժողովրդավար, հայտնի է, որ տարբեր բաներ են, այդ տարբերությունը վերջին 3 ամիսների ընթացքում զգացի իմ մաշկի վրա, երբ պահի ազդեցության տակ հարգանքի և փոխվստահության մթնոլորտը, որը ստեղծվել էր ՔՊ-ում հիմնադրումից ի վեր, լցվեց տարատեսակ խարդավանքներով, դավադրություններով, կանոնադրության կամայական մեկնաբանություններով,  ինչը խորացրեց կուսակցության վարչության և տարածքային կառույցների մեծ մասի միջև անվստահության մթնոլորտը։

Ինձ համար ակնհայտ էր, որ Կուսակցության վարչությունը, որը փաստացի համարվում է կուսակցության ղեկավար մարմինը, շարքային կուսակցականների համար կորցնում էր իր լեգիտիմությունը։ Այդ լեգիտիմությունը վերջնականապես սպառվեց հատկապես 2 պատճառներով.

Օրենքի պահանջով կուսակցությունը գրանցվելուց հետո 6 ամիսների ընթացքում պետք է ունենար ոչ պակաս, քան 2000 անդամ, սակայն այս պահանջը կատարված չէ մինչ օրս։ Վերջերս այդ թիվը չէր գերազանցում 600-ը:

Հրազդան քաղաքի քաղաքապետի ընտրություններում կուսակցության թեկնածուի պարտությունը»,-իր որոշումն այսպես է հիմնավորում Շանթ Գրիգորյանը: Ըստ նրա, Հրազդանի քաղաքապետի ընտրությունում արձանագրված պարտությունը

ոչ պատշաճ քաղաքական քարոզարշավի հետևանք էր, որի ողջ պատասխանատվությունը կրում են ընտրարշավը կազմակերպած նախընտրական շտաբը և շտաբի պետը:

«…Հաջորդիվ, կարճ ժամանակ անց, կուսակցության վարչությունը քննարկելով Վանաձորի տարածքային կառույցի հարցը՝ որոշվեց լուծարել տարածքային կառույցը, ինչը իմ կարծիքով, բացառապես էմոցիոնալ, անհիմն որոշում էր  և կոպիտ ռազմավարական սխալ, առաջիկա ՏԻՄ ընտրություններին ընդառաջ։ Տարբեր պատճառներով վարչությունը չի հաստատում նաև Գյումրիի տարածքային կառույցի ղեկավարի թեկնածությունը, նշեմ նաև, որ այս տարածքային կառույցը արդեն 2-րդ անգամ էր կազմակերպում խորհրդի ընտրություններ և վարչությունը դրա փաստացի արդյունքները չի հաստատում, չբերելով ընկալելի հիմնավորումներ։

Արդյունքում Կուսակցության վարչության ագրեսիվ գործելաոճի և իմ գնահատմամբ՝ էմոցիոնալ գործողությունների արդյունքում լուծարվեց Վանաձորի տարածքային կառույցը, որի խորհրդի 3 անդամներ և վերահսկիչը հայտարարեցին, որ դուրս են գալիս կուսակցությունից, որոնց օրինակին հետևեցին Վանաձորի տարածքայինի մոտ 5 տասնյակ անդամներ: Վայոց Ձորի և Էջմիածնի տարածքային կառույցների նախագահները հրաժարական տվեցին և դուրս եկան կուսակցությունից, Գյումրիի տարածքայինը հետ կանչեց խորհրդի նախագահի թեկնածուին, Արաբկիրի տարածքային կառույցի ղեկավարը լուծարեց տարածքային կառույցը։ Մոտ 15 օր տևողությամբ այս իրադարձությունները, իմ գնահատմամբ, այսքանով չեն ավարտվի։

Այս ընթացքում կուսակցությունը լքեցին բազմաթիվ կուսակցականներ և այս թիվը աճի միտում ունի։ Ավելի հստակ լինելու համար նշեմ, որ այս տարածքային կառույցներն ունեին ամենամեծ թվով անդամներ և արտահերթ համագումարի դեպքում, միավորվելով, կարող էին ունենալ նոր վարչություն ընտրելու համար անհրաժեշտ քվոտաների բացարձակ մեծամասնությունը»;

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930