Լրահոս
Օրվա լրահոսը

Գորգագետ. «Շաքի-Շամախի» անունով ադրբեջանական գորգ չկա»

Հունիս 20,2016 15:19

Ըստ Պետեկամուտների կոմիտեի տվյալների՝ «15.10.2014թ. «Մատենադարան» Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի կողմից որպես մշակութային արժեք ԱՄՆ-ից ՀՀ է ներմուծվել 3.17 քմ մակերեսով եւ 596.45 ԱՄՆ դոլար արժողությամբ «Գորգ 1940-50-ական թվականներ, «Շաքի-Շամախի», որի ծագման երկիր է հանդիսանում Ադրբեջանը»:

Aravot.am-ը Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի գլխավոր մասնագետ, պատմական գիտությունների թեկնածու, գորգագետ Աշխունջ Պողոսյանից հետաքրքրվեց՝ կա,՞ արդյոք, «Շաքի-Շամախի» անունով գորգ, եւ ներմուծված գորգը որքանո՞վ է առնչվում ադրբեջանական մշակույթի հետ:

Աշխունջ Պողոսյանն ասաց, որ ադրբեջանական գորգ հասկացություն ինքը չի ընդունում եւ օգտագործում է Հարավ-Արեւելյան Կովկաս ձեւակերպումը:

«Ինչ վերաբերում է 1940-50-ականներին գործված գորգին, հստակորեն կպարզաբանեի հարցը՝ գորգը տեսնելուց հետո: Բայց քանի որ այն նշված է «Շաքի-Շամախի», դա արդեն ինչ-որ բան ասում է: Շաքին եւ Շամախին քաղաքներ են, որոնք տարածաշրջանի արեւմտյան մասում են գտնվում եւ գորգագործական մշակույթի կենտրոններ են եղել ավանդաբար: Այդ տարածաշրջանը խիտ հայաբնակ է եղել մինչեւ վերջին դեպքերը, թեեւ այլ ժողովուրդներ են ապրել՝ թաթեր, լեզգիներ, ուդիներ, պարսիկներ: 1920 թ.-ից հետո պատկերը փոխվել է, բայց Շաքին ու Շամախին լինելով գորգագործական կենտրոններ՝ ավանդույթը շարունակել են մինչեւ 40-50, ինչ-որ տեղ նաեւ 60-ական թվականները:

Շաքին եւ Շամախին հատուկ իրենց անուններով գորգեր չունեն եւ չեն ունեցել: Ես երկար տարիներ գորգերի ուսումնասիրությամբ եմ զբաղվում, ընդ որում՝ նաեւ այդ տարածաշրջանի գորգերի, ինձ նման անուններով գորգեր մինչեւ հիմա հայտնի չեն: Այդ տարածքում եղել են գորգ արտադրող հաստատություններ, որոնք ծագումնաբանական առումով առնչվում են Արցախի եւ Սյունիքի գորգագործական կենտրոնների հետ:

Հնարավոր է՝ թուրքերը կամ «դրսի» մասնագետներն են «Շաքի-Շամախի» գրել՝ նկատի ունենալով գորգի ստեղծման տարածաշրջանը: Ըստ երեւույթին, դա տնայնագործական արտադրանք է եղել, հակառակ դեպքում կգրվեր «Ազեր խալիչա», ինչպես մեզ մոտ գրվում էր «Հայ գորգ»: Եթե չի գրվել «Ազեր խալիչա», այլ գրվել է «Շաքի-Շամախի», ուրեմն փորձագետը որոշակի հարցադրումներ է ունեցել:

Շաքի-Շամախի հասկացությունները գորգի ստեղծման տարածաշրջանն են նշանակում, անուրանալի է, որ դրանք գորգագործական կենտրոններ են եղել, այլ հարց է, որ Ադրբեջանը դրա հետ առնչություն չունի»,-հայտնեց մասնագետը:

Զրույցի ավարտին էլ Աշխունջ Պողոսյանը հատուկ շեշտեց՝ «Շաքի-Շամախի» անունով ադրբեջանական գորգ չկա:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Աշխունջ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Karen says:

    Հարգելի Գոհար,

    Ձեր գրածը տվեք Նելլի Բաբայանին էլ, թող կարդա,
    իհարկե, մյուսներին էլ, որպեսզի անկապ ու կեղծ-աղմկահարույց վերնագրեր /՛՛Մատենադարանն ադրբեջանական գորգ է ներմուծել՝ որպես մշակութային արժեք՛՛/ չհորինեն:
    Դրանից ՛՛Առավոտն՛՛ ու դուք հաստատ տուժում եք:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930