«Ապրիլին Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրումը, նույնպես պատճառ դարձավ նոր ավերածությունների, մարդկային տառապանքների եւ տեղահանության` ներառյալ դեպի Հայաստան: Տեղահանված բնակչության ճնշող մեծամասնությունը կանայք, երեխաներ եւ ծերեր են, որոնցից շատերը շփման գծին հարակից` Մարտակերտի Թալիշ եւ Մատաղիս գյուղերից են»,- այսօր ՄԱԿ-ի գրասենյակում ասաց Միավորված ազգերի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրիվիրթը:
Փախստականների համաշխարհային օրվա առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ, Քրիստոֆ Բիրիվիրթն ասաց, որ այդ փախստականներից շատերը` հղի կանայք եւ կերակրող մայրեր, հիվանդ եւ հաշմանդամություն ունեցող մարդիկ ունեն հատուկ կարիքներ. «Տեղահանված ընտանիքների մեծամասնությունը հյուրընկալվել են իրենց հարազատներին կամ ընկերներին, որոնք, նույնպես ունեն սոցիալական խնդիրներ»:
Օրվա առիթով պարոն Բիրիվիրթը մարդկանց կոչ է անում կանգնել փախստականների կողքին եւ ամեն ինչ չթողնել կառավարության վրա:
«Դեռ ինչքան տառապանք անհրաժեշտ կլինի, որ կողմերը գան կոմպրոմիսի: Թուրքիայի եւ Ռուսաստանի լարված հարաբերություններն ավելի են սրել իրավիճակը»,- պատասխանելով հարցին, թե ի՞նչ արձագանք եղավ այն միջադեպին , երբ հույն ձկնորսներն ասացին, որ ծովից սիրիացի փախստականների` այդ թվում եւ երեխաների կտրատված մարմիններ են գտել, ինչի համար մեղադրում էին թուրքական կողմին:
Քրիստոֆ Բիրիվիրթի խոսքերով, ողջ աշխարհում կան փախստականներ, որոնք ենթարկվում են թրաֆիքինգի, սեռական բռնության եւ այլ չարաշահումների եւ որպեսզի կանխվի նմանատիպ քրեական ցանցերի գործունեությունը, ամեն մի երկրի իշխանություն պետք է ունենա փախստականների պաշտպանության գործուն մեխանիզմներ. «Որպեսզի փախստականը կարողանա հանգիստ տեղաշարժվել, գրանցվել, այլ ոչ թե թաքնվի»:
Կարդացեք նաև
Ըստ Քրիստոֆ Բիրիվիրթի, փախստականների նկատմամբ վերաբերմունքը Հայաստանում բարվոք է եւ ծանր դեպքեր չկան, բայց կան մարդիկ, որոնք ենթարկվել են ընտանեկան, սեռական բռնության:
Հայաստանյան գրասենյակի ղեկավարն ասաց, որ ապրիլյան պատերազմի հետեւանքով տուժած 1400 մարդու աջակցություն են ցուցաբերել: Հետագա անելիքների մասին պարոն Բիրիվիրթը դժվարացավ խոսել, միայն ասաց, որ իրենք պատրաստվել են անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերել: Նա հույս հայտնեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից ու Հռոմի պապի այցելությունից հետո, լարվածությունը կթուլանա:
Այս տարվա կարգախոսն է՝ «Մենք կանգնած ենք փախստականների կողքին»: Այդ առիթով ՄԱԿ-ի գրասենյակում ցուցադրվեցին կարճ տեսանյութեր: Երգչուհի Զարուհի Բաբայանը, որն ընդգրկված է այդ նախագծում, կառավարությանը կոչ է անում լինել փախստականների կողքին:
Մեկ այլ տեսանյութում էլ Սիրիայից փախստական Նժդեհ Պետրոսյանի ընտանիքն է, որը Հայաստանում փոքրիկ բիզնես է հիմնել: Ընտանիքն ասում է, որ Հայաստանում ապահով ու պաշտպանված են զգում, սակայն, եթե Սիրիայում խաղաղություն լինի` հնարավոր է վերադառնան:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ