Հունիսի 20-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ 2016թ. «Արի տուն» ծրագրի երկրորդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Ծրագրի երկրորդ փուլին մասնակցում են 95 պատանի ու աղջիկ՝ Ռուսաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Հունգարիայից, Մոլդովայից, ԱՄՆ-ից:
Ողջունելով արիտունցիներին՝ ՀՀ սփյուռքի նախարարն ասաց. «Բարով եք եկել ձեր Հայրենիք: Հայաստանը աշխարհի բոլոր հայերի Հայրենիքն է, և մեր նախարարության հիմնական խնդիրն է կանչել և Հայաստան բերել հատկապես աշխարհասփյուռ երիտասարդերին: Մենք՝ հայերս, աշխարհի բոլոր ծայրերում պիտի օգնենք ու թիկունք կանգնենք մեկս մյուսին: Միայն այդ դեպքում կլինենք հզոր, և ոչ մի հակառակորդ չի կարողանա հաղթել մեզ: Այս 14 օրերը հիանալի հնարավորություն են ընձեռում իրար հետ ընկերանալու, մտերմանալու համար: Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում ձեր ուսուցիչներին և ծնողներին, ովքեր արձագանքեցին մեր կանչին և մեզ վստահելով՝ ձեզ Հայրենիք ուղարկեցին: Խորին շնորհակալություն հյուրընկալ ընտանիքներին՝ իրենց տանիքի տակ ձեզ 10 օր հարազատ զավակների նման պահելու պատրաստակամության համար: Համոզված եմ, որ Հայաստանում գտնված ողջ ժամանակահատվածում դուք պիտի խոսեք հայերեն՝ թեկուզ մի փոքր դժվարությամբ: Ամեն առավոտ Չարենցի անվան դպրոցում մեր կողմից կազմակերպված հայրենագիտության դասընթացները պիտի գան լրացնելու այն բացը, որ դուք ունեք: Վստահ եմ, որ այս ծրագիրը նոր ուժով ձեզ պիտի կապի Հայաստանի հետ և վերադառնալով ձեր բնակության երկրներ՝ դուք պետք է մտածեք Հայաստան վերադառնալու մասին»:
Այնուհետև արիտունցիները դիտեցին ծրագրի մասին պատմող ֆիլմ, որից հետո նախարարը, ավանդույթի համաձայն, ծրագրի ամենակրտսեր մասնակցին՝ 13-ամյա Նարեկ Դեդեյանին (Հունգարիա) հագցրեց «Արի տուն» տարբերանշանով շապիկը և գլխարկը:
Կարդացեք նաև
Հունգարիայից ժամանած Նարեկը հուզմունքով շնորհակալություն հայտնեց ծրագրի կազմակերպիչներին և ասաց. «Ես զգում եմ, որ Հայաստանն իմ տունն է»:
Ելույթ ունեցավ Հունգարիայից ժամանած պատանիների և աղջիկների խմբի ղեկավար Սոսե Սուսանյանը: «Անչափ զգացված ենք այն ջերմ վերաբերմունքի համար, որով պարուրել եք մեզ Հայրենիք մտած առաջին իսկ օրից: Մենք նպատակ ունենք այցելելու և մեր հարգանքի տուրքը մատուցելու նաև Գուրգեն Մարգարյանի ծնվողներին»,- նշեց նա:
Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունն արտասանեց Ռուսաստանից Արաքսյա Ասատրյանը: Ասմունքի ավարտին ծրագրի բոլոր մասնակիցները միացան Արաքսյային և միաձայն վանկարկեցին. «Ես իմ Մասիս սարն եմ սիրում»:
Վրաստանից ժամանած Աիդա Բազոյանը երգեց «Երազ իմ երկիր, Հայրենիք»-ը, իսկ Թուրքիայից Սեդա Սաֆարյանը և Ջուլիա Բերգամալյանը՝ «Մարտիկի երգը»:
Հայ զինվորին և Արցախի քառօրյա պատերազմին նվիրված իր բանաստեղծությամբ հանդես եկավ Ավետիս Պետրոսյանը Ախալցխայից:
Արիտունցիների ինքնաբուխ ելույթներն ընդունվեցին բարձր ծափողջույններով, որից հետո աղոթքով և Սփյուռքից ժամանած մեր պատանի հայրենակիցներին ուղղված սրտի խոսքով հանդես եկավ Տեր Մեսրոպ քահանա Մանասյանը՝ Կոտայքի թեմից:
ՀՀ սփյուռքի նախարարն ուրախությամբ ընդգծեց, որ այս տարի մեր հոգևոր դասը նույնպես ցանկություն է հայտնել հյուրընկալել արիտունցիներին: «Համոզված եմ, որ մեր պատանիներն առանձնապես շատ բան կսովորեն հոգևոր հայրերից», – նշեց նա:
Հանդիսավոր բացումից անմիջապես հետո ծրագրի մասնակիցներն ուղեւորվեցին Հայաստանի պատմության թանգարան, որից հետո կլինեն Օշականում, ծաղիկներ կդնեն Մեսրոպ Մաշտոցի շիրիմին, կայցելեն Մուղնի:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ