Հունիսի 20-ին, ժամը 12.30-ից Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերի բնակիչները Նոյեմբերյան քաղաքում, քաղաքապետարանի շենքից ներքեւ փակել են միջպետական ճանապարհը: Նրանք բողոքում են համայնքների խոշորացման դեմ:
Ակցիայի մասնակիցների մեջ շատ են սահմանամերձ Բարեկամավան, Կոթի գյուղերի բնակիչները: Նրանք ասացին, որ համայնքների խոշորացման կապակցությամբ այսօր նախատեսված էր տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանի այցը, սակայն նա Նոյեմբերյան չի ժամանել:
Կարդացեք նաև
Միջպետական ավտոճանապարհի փակման կապակցությամբ այդտեղ էին գտնվում ճանապարհային ոստիկաններ, պետավտոտեսչության դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանը: Այդտեղ էր ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Կամո Ցուցուլյանը:
Ժամը 13.30-ի դրությամբ միջպետական ճանապարհը բացվել էր:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ