Լրահոս
Օրվա լրահոսը

«Համարում եմ՝ մեր նախագահը, հերթական անգամ այցելելով, պնդում է, որ, այո, տարածքներն օկուպացված են». Մարիամ Ավագյան

Հունիս 20,2016 13:25

«Վերջին քսանհինգ տարիների վերաբերմունքը փախստականների նկատմամբ մի տեսակ չափանիշ էր, թե որքանով մարդկայնություն կա աշխարհում: Ոչ երեք նախագահները, ոչ արտաքին գործերի նախարարությունները, ոչ խորհրդարանը որեւէ ձեւով մեր հարցին չանդրադարձան: Նրանք կամակատար արտաքին թելադրանքին ընդունեցին դիրքորոշումներ»,-այսօր «Անդրադարձ» ակումբում ասաց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը:

Նա Սերժ Սարգսյան-Ալիեւ հանդիպումն էլ ազգադավ հանդիպում է համարում՝ բացատրելով. «Որովհետեւ մեր երկրի նախագահը հերթական անգամ գնալու է մի միջոցառման, որի հիմքում դրված է օկուպացված տարածք հասկացողությունը, որի հիմքում չկան հայ փախստականները, որոնց արգելված է ազատագրված տարածքներում ապրել, որոնց բռնի տեղահանումն ու ցեղասպանությունը բացարձակ չի ասվում: Դրանով համարում եմ՝ մեր նախագահը, հերթական անգամ այցելելով, պնդում է, որ, այո, տարածքներն օկուպացված են, չկան 660.000 հայ փախստականներ ու նրանք իրավունք չունեն այդտեղ ապրելու»:

Մարիամ Ավագյանի խոսքով, ՀՀ իշխանությունները մի հարց են միայն լուծում՝ իրենց անձնական շահերն ու անձնական կարգավիճակը. «Եթե մեր իշխանությունները ճանաչեին, որ 1988-92 թթ Սումգայիթում, Բաքվում, Գանձակում եղել է ցեղասպանություն, ապա Ադրբեջանը չէր շարունակի հոխորտալ»:

«Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն էլ խայտառակություն համարեց այն, որ դեռ անտուն փախստականներ կան. «Խայտառակություն է մեր իշխանությունների համար, որ մինչ օրս ունենք փախստականներ, որոնց շենքային խնդիրը չի լուծվել, պատահաբար չէ, որ նրանք բորբոքված են: Կարելի՞ է քսանութ տարի այդ խնդիրը թողնել չլուծված: Հազարավոր են այդ փախստականները, որոնք տներ չունեն: Ասում են բյուջեն չկա, բա ո՞ւր է գնում կապիտալը, որը արտահանվում է ոչ անօրինական ձեւով»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930