Երեւան, 20 հունիսի, 2016թ.: Հունիսի 19-ին Արցախի Կարմիր Շուկա համայնքում Ֆրանսիայից ժամանած պատվիրակության մասնակցությամբ մեծ հանդիսությամբ բացվեց նորակառույց համայնքային կենտրոնը, որը կյանքի է կոչվել Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի եւ ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Հանդիսությանը ներկա էին Հիմնադրամի գործադիր վարչության եւ Ֆրանսիայի տեղական մարմնի ներկայացուցիչները, բարերարներ, համայնքի բնակիչներ:
Նորակառույցը Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ կառուցված ութերորդ համայնքային կենտրոնն է վերջին երեք տարիներին ֆրանսահայերի միջոցներով Արցախում իրականացված մեկ տասնյակից ավել ենթակառուցվածքային եւ սոցիալական ծրագրերի շարքում, այդ թվում՝ ջրամատակարարում, կրթություն, առողջապահություն: Ֆրանսահայ մեր հայրենակիցներն իրենց աջակցությունն Արցախին բերեցին նաեւ ապրիլյան պատերազմից անմիջապես հետո: Այդ օրերին Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանը շտապեց Արցախ՝ ծանոթանալու հրատապ կարիքներին, ինչին հաջորդեց մեծաքանակ դեղորայքի, բժշկական սարքերի ու պարագաների, երկու շտապօգնության մեքենաների նվիրաբերումը:
Համայնքային կենտրոնը կրում է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հիմնադիրներից Էդի Ջոլոլեանի անունը, ով հանդիսանում է նաեւ Ֆրանսիայի «Նավասարդ» պարախմբի հիմնադիրը: Գյուղապետարանից զատ, կենտրոնում կգործեն գրադարանը, համակարգչային սենյակը, խաղասենյակը, շախմատի սենյակը: Հանդիսությունների դահլիճն էլ՝ հանդերձարաններով ու ետնաբեմի սենյակով, կարող է հյուրընկալել տարբեր միջոցառումներ ու ներկայացումներ 160 եւ ավելի հանդիսատեսի համար: Բացման հանդիսության իսկ օրը արտերկրից ժամանած հյուրերի ներկայությամբ համայնքը հնարավորություն ունեցավ այստեղ տեսնելու իր շնորհաշատ պատանիների կատարումները:
«Այսպիսի կենտրոնները, որոնց թիվն Արցախում արդեն հասնում է երկու տասնյակի, հրաշալի լուծում են գյուղական համայնքների համար, թե՛ ծախսերի օպտիմալացման եւ թե՛ համայնքի առօրյան աշխուժացնելու առումով: Կենտրոնում նախատեսում ենք կազմակերպել նաեւ խմբակներ երեխաների համար»,- մեկնաբանում է Կարմիր Շուկայի գյուղապետ Սամվել Հակոբջանյանը:
Կարդացեք նաև
Շուրջ 1150 բնակիչ ունեցող համայնքը նախկինում Հիմնադրամի իրականացրած ձեռնարկների շնորհիվ այսօր ունի նաեւ կանոնավոր ջրամատակարարում եւ բարեկարգ գյուղամիջյան ճանապարհ /Հյուսիս-հարավ ճանապարհահատված/: Ֆրանսահայ երիտասարդների նախաձեռնությամբ էլ վերանորոգման աշխատանքներ են տարվել գյուղի մանկապարտեզում:
«Հայաստան» համահայկական հիմնադրամ