Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով`
«Համախմբումը» կարող է հավակնել ՀՀԿ-ին հակակշիռ դառնալ
«Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո այս լրջագույն իրավիճակում Հայաստանի իշխանությունները, դժբախտաբար, այդպես էլ չկարողացան համարժեք արձագանքել իրավիճակին: Շարժեր, ինչ-որ տակտիկական սխալների շտկումներ լինում են: Բայց ՀՀ իշխանություններն այդպես էլ չհասկացան, որ պետության ռազմավարությունը պետք է փոխվի, մանավանդ ակնհայտ է, որ Ադրբեջանն իր քաղաքականությունն այլեւս չի փոխելու: Ռազմավարական հարցեր է պետք փոխել, որոնք զսպիչ մեխանիզմ դառնան, ոչ թե ձեւական բաներ անել` իբրեւ թե պայքարում ես»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցություն» կազմակերպության նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը` պարզաբանելով, թե ինչ մտադրությամբ, մտայնությամբ կամ ակնկալիքներով էր ինքն ընդունել «Համախմբում» կուսակցության հիմնադիր համագումարին մասնակցության հրավերը: Քաղաքագետը չի շտապում համալրել որեւէ քաղաքական ուժի շարքերը, առայժմ միայն հետեւում է` ո՞ր քաղաքական ուժը ի վիճակի կլինի ավելի համարժեք արձագանքել մերօրյա իրողություններին: Իշխանությունների` իրադարձություններին ոչ համարժեք մոտեցում մեր զրուցակիցը համարում է Ընտրական օրենսգրքի նկատմամբ իշխանության փնթի վերաբերմունքը եւ Հարկային օրենսգրքի առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծն ու դրա շուրջ առաջացած աղմուկը:
«Դա է պատճառը, որ նաեւ փորձագետներն այսօր չպետք է չեզոք վերաբերմունք դրսեւորեն քաղաքական դաշտում ընթացող զարգացումներին եւ փոփոխություններին»,- ասում է Ստեփան Գրիգորյանը: Իշխանությունների` իրավիճակին ոչ համարժեք մի դրսեւորում էլ մեր զրուցակիցը համարում է ՀՕՊ համաձայնագիրը. «ՌԴ-ն դժգոհ է, որ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն վերջերս ՀՕՊ համակարգ տեղակայեցին Ռումինիայում, հիմա էլ Լեհաստանում են տեղակայում: ՌԴ-ից ասացին` մենք համարժեք կպատասխանենք:
Ուժեղացնելով Հարավային զինվորական օկրուգը, որի մեջ Հայաստանն էլ է մտնում, ՀՕՊ համակարգի տեղադրմամբ ՌԴ-ն փաստորեն պատասխանում է Արեւմուտքին: Ես ցավում եմ, որ Հայաստանում հարցին այս տեսանկյունից չեն նայում»: Դիտարկմանը, որ ՀՀ իշխանությունները չեն շտապում համաձայնագիրը վավերացնել, միգուցե դրա քննարկումը խորհրդարանում հիմա քաղաքական նպատակ էր հետապնդում, որպեսզի ի ցույց դրվեր այն ճշմարտությունը, ինչ Հայաստանում մտածում են ՌԴ-ի մասին, մեր զրուցակիցը հակադարձեց. «Չեմ բացառում: Բայց պրակտիկան ցույց է տալիս, որ հզորությունների հանձնման, այսպես ասած, շղթան շարունակվում է` էներգետիկա, կապ, ռազմական ոլորտ եւ այլն միակողմանի հանձնվում են ՌԴ-ին` դրա դիմաց ոչինչ չստանալով: Ի՞նչ անհրաժեշտություն կար դա հիմա բերել պառլամենտ: Ուրեմն ՌԴ-ն ինչ-որ բան պահանջում է: Ի դեպ, պարտադիր չէ, որ այդ համաձայնագրում ամեն ինչ բացասական լինի, գուցե նաեւ դրական բաներ կան, բայց մենք ոչ միայն ներքին, այլեւ արտաքին քաղաքականության տեսանկյունից պիտի դիտարկենք` ՀՕՊ-ը մեզ կպաշտպանի՞: ՌԴ-ն շահագրգռված է, քանի որ սա իր պատասխանն է Արեւմուտքին: Մենք ինչո՞ւ ենք մտնում ՌԴ-Արեւմուտք հակամարտության դաշտ»: Քաղաքագետը նույնպես նկատում է` քառօրյա պատերազմի փորձն ունենք` ՌԴ-ին շատ բաներ էինք զիջել, բայց պատերազմի օրերին ՌԴ-ի դիրքորոշումը դժվար է պրո-հայկական անվանել. «Մենք շարունակում ենք անկախության տարրեր զիջել այդ երկրին. քառօրյա պատերազմի սթրեսը ոչինչ չսովորեցրեց»:
Կարդացեք նաև
«Համախմբում» կուսակցության հիմնադիր նախագահ Վարդան Օսկանյանը, հիշեցնենք, հայտարարել էր, որ նորաստեղծ կուսակցությունն իշխանությունը վերցնելու հայտ է ներկայացնում: Թե ինչ կստացվի` ժամանակը ցույց կտա, բայց քաղաքագետը, իբրեւ «Համախմբման» դրական կողմ, նկատում է` այն մեկ անձի կուսակցություն չէ. «Վարդան Օսկանյանին բոլորը ճանաչում են, բայց միայն ինքը չէ. կան քաղաքական գործիչներ` Էլինար Վարդանյան, Ստեփան Մարգարյան, նախկին դեսպան Ռուբեն Կարապետյան եւ այլք: Կարեւոր է կորիզը, որի շուրջը ձեւավորվում է կուսակցությունը, դա նաեւ երաշխիք է, որ կուսակցությունում ներքին ժողովրդավարությունը կզարգանա: Եթե մենք ցանկանում ենք երկրում ժողովրդավարություն հաստատվի, նաեւ կուսակցական համակարգում ներքին ժողովրդավարությունն է կարեւոր»: Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ նորաստեղծ կուսակցությունում մոտեցումներն ու գաղափարները ճիշտ են: Նա, ի դեպ, նույնպես չի շտապում նորաստեղծ կուսակցության ետեւում տեսնել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ստվերը:
Հայաստանում ընթացող ներքաղաքական վերադասավորումների ֆոնին մեր զրուցակիցն էլ ավելի է կարեւորում հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Նրան հատկապես մտահոգում է այն փաստը, որ հանդիպման գլխավոր նախաձեռնողը Ռուսաստանն է: Նրա գնահատմամբ՝ հիմա ՌԴ-ի դերն ավելի մեծ է կարգավորման գործընթացում, քան ապրիլյան պատերազմից հետո էր, եւ «մանեւրելու» հնարավորությունները Հայաստանի համար հիմա ավելի քիչ են, քանի որ ՌԴ-ն չեզոք չէ, իր շահերն ունի: Հիմնական վտանգը, քաղաքագետի կարծիքով, գալիս է նրանից, որ ՌԴ-ն հետեւողական տանում է Ադրբեջանին սիրաշահելու եւ ԵԱՏՄ-ում ներառելու իր ծրագիրը. «Դա երեւում է ՌԴ-ից հնչող տարօրինակ հայտարարություններից. երկու օր առաջ Լավրովը Դումայում հայտարարեց, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, մինչդեռ ՌԴ-ն շարունակում է Հայաստանին եւ Ադրբեջանին զենք վաճառել: Ինչպե՞ս են իրենք պատկերացնում հարցի խաղաղ կարգավորումը, երբ նպաստում են միլիտարիզացիային: ՌԴ պաշտպանության նախարարի հայաստանցի եւ ադրբեջանցի գործընկերների հետ վերջին հանդիպումների ժամանակ էլ կրկնեցին` Հայաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, Ադրբեջանը մեր ռազմավարական գործընկերն է, բայց մենք կշարունակենք զենք վաճառել երկուսին էլ…
Խոսքի եւ գործի հակասությունները բավական մտահոգիչ են»: Քաղաքագետը դրական սպասելիքներ նախագահների հանդիպումից չունի նաեւ այն պատճառով, որ մինչ հանդիպման օրը հստակեցվելը Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները հասցրեցին փոխադարձ վիրավորանքներով հանդես գալ: Նախաձեռնությունն, իհարկե, Ադրբեջանից եկավ, հայկական կողմը պատասխանողի դերում էր, բայց այդպիսով մինչեւ հանդիպումը սրվեցին ոչ միայն պետությունների, այլ նաեւ նախագահների հարաբերություններն անձնապես. «Անկեղծ ասած, ես որեւէ հնարավորություն չեմ տեսնում, որ իրենք ընդհանուր հայտարարի կգան, եթե անձնապես են սկսել իրար վիրավորել: Ինչի՞ ենք հանդիպում, ի՞նչ է դա տալու… ես կարող եմ ենթադրել, որ նախագահները կամավոր չեն գնում, կոպիտ ասած` Պուտինն է երկուսին էլ на ковер բերում: Հիմա` ի՞նչ կա Պուտինի գլխում, կամ ՌԴ-ն ի՞նչ զիջումներ է ուզում Հայաստանից կորզել, որ Ադրբեջանը մտնի ԵԱՏՄ, միայն ենթադրել կարելի է: Ես ոչ մի լավ բան, համենայնդեպս, չեմ սպասում»: Մեր զրուցակիցն իրավացիորեն նկատում է, որ Վիեննայի հանդիպումից հետո Ադրբեջանը փաստացի հրաժարվել է շփման գծում միջադեպերի հետաքննման մեխանիզմների տեղադրումից, համանախագահներն էլ հայտարարում են, որ ռեսուրս չունեն, ու վերահաստատում է իր կարծիքը` Հայաստանի իշխանությունը հարցը սխալ է դնում, պետք է դիպուկահարներին շփման գծից ետ կանչելու հարցն առաջ մղել. դա ավելի իրատեսական է: Իսկ հիմա գնալ Սանկտ Պետերբուրգ` ՌԴ-ի պարտադրանքով կամ զուտ բանակցելու պատրաստակամություն ցուցաբերելու համար, նա ճիշտ չի համարում:
Ի դեպ, պատերազմական լայնածավալ գործողությունների սկսվելու հավանականությունները Ստեփան Գրիգորյանը շատ մեծ է գնահատում, քանի որ հակակշիռների մեխանիզմներն այդպես էլ չստեղծվեցին, ավելին՝ դրանց տարրերը կորցնում ենք. «Այո, բանակը, դիրքերն ամրապնդում ենք, դա հակակշիռ է, բայց փորձը ցույց է տալիս, որ երբ շատ տարրեր բացակայում են, պատերազմը սկսվում է: Ի՞նչ է, Ադրբեջանում չգիտեի՞ն, որ մենք ուժեղ բանակ ունենք ու հուժկու հակահարված կտանք, բայց գնացին այդ քայլին»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ»
16.06.2016