Թուրքիայի սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները 2016թ. հունիսի 19-ին քայլերթ են անցկացրել Ստամբուլի Թաքսիմ հրապարակի շրջակայքում, որի ժամանակ քաղաքի ոստիկանությունը բռնություններ է կիրառել ցուցարարների հանդեպ։ Այս մասին տեղեկացնում է «Հաբերթուրքը»։
Սեռական փոքրամասնությունների կազմակերպված քայլերթը չի արտոնվել քաղաքային իշխանությունների կողմից։ Իրենց այս որոշումը իշխանությունները պարզաբանել են՝ նշելով, որ երթը նպատակահարմար չէ իրականացնել՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
Այս որոշումը չի խանգարել սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներին և նրանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մարդկանց անցկացնել իրենց ցույցը, որի արդյունքում շուրջ 100 մասնակից է հավաքվել Ստամբուլի կենտրոնում։
Ոստիկանությունն արտակարգ միջոցներ է կիրառել և վերջիվերջո ցրել քայլերթը։ Հետաքրքիր է, որ այդ ժամերին Թաքսիմի մերձակայքում մեկ այլ խումբ է եղել, որի նպատակն իրենց բողոքն արտահայտելն էր նույնասեռականների ակցիայի հանդեպ։ Ոստիկանության իրականացրած գործողությունների արդյունքում այս խմբից բերման է ենթարկվել 11 քաղաքացի։
Կարդացեք նաև
Տեղեկացնենք նաև, որ հունիսի 19-ից 26-ն ընկած ժամանակահատվածում Ստամբուլի ոստիկանությունը հատուկ տեխնիկա և լրացուցիչ ուժեր է կուտակել Թաքսիմի մերձակայքում, որպեսզի կարողանա արգելել նման բնույթի ցույցերը։ Ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում նաև դեպի Թաքսիմ բերող մետրոյի մուտքերի առջև՝ նկատի ունենալով, որ այդ ցույցերին մասնակցող ակտիվիստների մեծ մասը հրապարակ է գալիս մետրոյի միջոցով։
https://www.youtube.com/watch?v=6mnB9Y2PQ9g