Լրահոս
Օրվա լրահոսը

Հաթերքից չեն արտագաղթում. (Տեսանյութ)

Հունիս 20,2016 14:30

«Այստեղ վախեցող բնակիչ չկա»,-
ասում է Ղարաբաղի Հաթերք համայնքի ղեկավար Ռադիկ Գրիգորյանը

Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքի ճանապարհները, որոնք դժվար է ճանապարհ անվանել, քարուքանդ վիճակում են: Մռավ լեռան հարավային լանջին` 1000 մետր բարձրության վրա գտնվող համայնքի առաջնային խնդիրը, գյուղապետ Ռադիկ Գրիգորյանի բնորոշմամբ՝ հենց ճանապարհներն են:

«Անձրեւները ճանապարհները լրիվ ավերել են»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասում է նա: Ռադիկ Գրիգորյանի ներկայացմամբ՝ մոտ 1600 բնակիչ ունեցող Հաթերքում մոտ 450 գործող տնտեսություն կա. «Բոլորն աշխատում են: Այնպիսի տնտեսություն չունենք, որում աշխատող չլինի: Հիմնականում աշխատում են չորս միկրո ՀԷԿ-երում, Սարսանգի ՀԷԿ-ում: Կարելի է ասել` արտագաղթ չունենք, որովհետեւ աշխատատեղեր կան: Եղանակը վատն է, բայց արդեն 100 հեկտարի աշնանացան ունենք, գրեթե այդքան էլ` գարնանացան»:

4-13
Ճանապարհներից հետո Հաթերքի մյուս կարեւորագույն ու հրատապ լուծում պահանջող խնդիրներից գյուղապետը նշում է խմելու ջուրը: «Ներքին ցանցի խողովակները մաշվել են, նորոգելու կարիք կա: Կարելի է ասել, որ 24-ժամյա ջրամատակարարում ունենք, բայց ջուրն ամեն թաղամաս չի հասնում: Որ թաղամասը մոտ է ջրամբարին՝ վիճակը նորմալ է, որը հեռու է՝ պետք է խողովակներով ջուրը հասցնել, բայց քանի որ խողովակները փոխելու կարիք կա, մեծ խնդիր է առաջանում: Որոշ թաղամասեր անգամ ոռոգման ջուր չի հասնում»,- պատմում է գյուղապետը:

2015 թվականի ծրագրով Հաթերքում նախատեսվում էր ծխախոտագործություն զարգացնել, սակայն Գրիգորյանի բնորոշմամբ` ծրագիրը կյանքի կոչելուն խանգարեցին եղանակային պայմանները եւ համայնքը ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտից հեռու գտնվելու հանգամանքը. «Գուցե եկող տարի ծրագիրը վերսկսվի»:

DCIM106MEDIA
Խոսելով ապրիլյան պատերազմից` Ռադիկ Գրիգորյանն ասում է, որ ապրիլի 2-ին Հաթերքի ազատամարտիկները համախմբվել են եւ մեկնել առաջնագիծ. այսօր էլ զինվորների հետ մարտական հերթապահություն են իրականացնում, այդ թվում` հաշմանդամություն ունեցող ազատամարտիկները, որոնք Արցախյան պատերազմի ժամանակ մասնակցել են Հաթերքի ազատագրմանը: «Սփյուռքահայերի եւ արցախցիների միասնականությունն ամենամեծ ձեռքբերումն է: Շատ է ասվել, որ հայերը միասնական են, բայց այսպիսի միասնականությունը եզակի դեպք է: Չնայած ասում են` դիրքեր ենք տվել, հող ենք տվել, բայց մեր միասնականությունը հայ ժողովրդի հաղթանակն է: Այստեղ վախեցող բնակիչ չկա: Հաթերքում, եւ ոչ միայն, բոլորը կարծես յուրօրինակ զինծառայող լինեն: Այդպիսին է մարդկանց տրամադրվածությունը, նրանք պատրաստ են պաշտպանել հայրենիքը»,- վստահեցնում է մեր զրուցակիցը:

Ապրիլյան պատերազմում Հաթերքն էլ զոհ ունեցավ. համայնքի հերոսը Արամ Նիկոլայի Առուշանյանն է, որը ապրիլի 25-ի լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունների խախտման հետեւանքով է զոհվել: Նա փոխգնդապետ էր, 4 երեխայի հայր ու ապրիլյան պատերազմի ժամանակ կամավոր էր մեկնել առաջնագիծ:
ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ»

16.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930