Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Աթեշյանին. Մենք ստիպված ենք Զվարթնոցում ձեզ դիմավորել հոտած ձվերով և ճզմված լոլիկներով

Հունիս 20,2016 12:54

Պոլսի պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանի բաց նամակը ուղղված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդոդանին` բողոքի ալիք է բարձրացրել թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում:

Դժվար է որակել հայ հոգևորականի ազգադավ արարքը, այդուհանդերձ, այսօր մեկտեղվել ենք մեր ցասումն արտահայտելու Պոլսի պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանի ինքնագործունեության և սրբապիղծ քայլերին ըստ արժանվույն պատասխանելու համար: Սա անմարսելի իրողություն է ոչ միայն հայերիս համար, այլև՝ ողջ մարդկության, մանավանդ, երբ շատ երկրներ սկսել են ճանաչել հայոց ցեղասպանությունը: Անգամ այս մասին խոսում է թուրք առաջադեմ հասարակությունը, ինչի համար նրանցից ոմանք հալածանքների են ենթարկվում ու չեն ընկրկում:

Այս աշխարհացունց ներողությունը, այլ բառ չենք գտնում, ո՞ւմ և ինչի՞ համար էր պետք: Ձեր դիրքերն էի՞ք ամրապնդում պրն Արամ, եթե ցանկանու՞մ էիք էլ ավելի հաճոյանալ Թուրքիայի նախագահին, այլ կերպ անեիք: Միայն Ձեր անունից, մեկուսի, հանդիպեիք նրան, մանավանդ, որ ձեր լավ կապերը գորշ գայլերի և մյուսների հետ հայտնի են: Դուք խայտառակեցիք ողջ հայությանը, Հայ Առաքելական եկեղեցին, որ սրբադասել է մեկ ու կես միլիոն անմեղ զոհերին, դուք դեմ գնացիք մեր եկեղեցուն: Դուք ձեր չմտածված կամ գուցե «լավ» մտածված քայլով սրբապղծեցիք մեր նահատակների և մարտիրոսվածների հիշատակը:

Մի ադամանդ էլ ավել նվիրեիք ձեր անունից, բայց զերծ մնայիք ոչ հայության՝ մասնավորապես պոլսահայության անունից հանդես գալ: Ո՞վ էր ձեզ իրավունք տվել պղծել ննջեցելոց՝ ազգիս անգամ գերեզման չունեցող անթաղ զոհերի հիշատակը: Մի՞թե չեք գիտակցում, որ այդ քայլով պառակտում եք նաև հավատացյալ ժողովրդին, հակադրում և հակադրվում Հայ Առաքելական եկեղեցուն: Վերջինս կարծես թե խաղալիք եք դարձրել ձեր ձեռքում:

Մեկ արհեստականորեն խոչընդոտում վերջապես դարձի եկող դավանափոխ հայերի մկրտվելուն՝ նրանցից անհիմն ու անհեթեթ տեղեկանքներ պահանջելով, մեկ էլ հրովարտակ եք ուղարկում Հայաստանյաց առաքելական եկեղեցիներին՝ թե չմկրտեք դավանափոխ եղած իրենց արմատները վերագտնել ցանկացող արևմտահայերին, մինչև ձեր համաձայնությունը չլինի: Բայց ո՞վ եք դուք, որ բռնանում եք մարդկանց կամքին, չափից ավելի լիազորություններ չե՞ք վերապահում ձեզ: Այստեղ էլ, անհասկանալիորեն հեզ ու խոնարհ հետևում են ձեզ, անգամ պետական կառույցներն են փորձում միջամտել, այն դեպքում, երբ աշխարհի գրեթե բոլոր երկրների սահմանադրություններում, ինչպես նաև ՀՀ, գրված է որ մարդն ունի խղճի, դավանանքի ազատության իրավունք, որ դա իր նեղ անձնական գործն է:

Հարց. կարծում եք հաճոյացա՞ք Թուրքիայի նախագահին ու ժողովրդին… Նախագահին՝ չգիտեմ, բայց վստահ եմ՝ ժողովրդի մեջ կգտնվեն շատ շատերը, որ այդ հրապարակային նվաստացման մեջ կտեսնեն նաև Թուրքիայի նվաստացումը, քանզի ձեր քայլն աշխարհին ապացուցեց, որ 101 տարի հետո էլ հայը Թուրքիայում դեռ այնպես է վախեցած, որ չի կարող ոչ միայն բարձրաձայնել իր ցավը, այլև՝ սարսափած է, երբ այդ անում են ուրիշները: Դուք ճիշտ ու ճիշտ արջի ծառայություն մատուցեցիք, ավելին՝ խայտառակեցիք նաև ներկայիս Թուրքիան: Որ այդ երկիրը չի եղել ու չի կարող լինել ժողովրդավար:

Այսպիսով՝ պարոն Ա.Ա., մեր առաջարկն ու հորդորն է. հանկարծ չգաք Հայաստան, չփորձեք պղծել մեր հողը: Մենք ստիպված ենք Զվարթնոցում ձեզ դիմավորել հոտած ձվերով և ճզմված լոլիկներով:

Իսկ եթե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը շարունակի որպես ռազմական գաղտնիք պահել ձեր ժամանումը, մենք ստիպված ենք այդ գործողությունը անել Սուրբ Էջմիածնում՝ հենց Մայր Աթոռի դարպասների մոտ՝ ամենայն հայոց կաթողիկոսի նստավայրում: Լավագույն խորհուրդը ձեզ՝ չգաք Հայաստան, մի վտանգվեք ու վտանգեք մեզ:

    storagrutyunnnerstoragrutyunnner (1)   Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ  

          Վեհափառ տեր,

Ձեզ ենք դիմում «Թույլ չենք տալու Արամ Աթեշյանին Հայաստան մտնել» հասարակական–քաղաքացիական շարժման նախաձեռնող խմբի անդամներս, օրերս  Պոլսի պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանի բաց նամակի առիթով՝ ուղղված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդոդանին: Դժվար է որակել հայ հոգևորականի ազգադավ արարքը, մեր ցասումն  ու բողոքն ենք արտահայտում Պոլսի պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանի ինքնագործունեության և սրբապիղծ քայլի համար:

Սա անմարսելի իրողություն է ոչ միայն հայերիս համար, այլև՝ ողջ մարդկության, մանավանդ, երբ շատ երկրներ սկսել են ճանաչել հայոց ցեղասպանությունը: Անգամ այս մասին խոսում է թուրք առաջադեմ հասարակությունը, ինչի համար նրանցից ոմանք հալածանքների են ենթարկվում ու չեն ընկրկում: Այս աշխարհացունց ներողությունով նա խայտառակեց ողջ հայությանը, Հայ Առաքելական եկեղեցին, որ սրբադասել է մեր մեկ ու կես միլիոն անմեղ զոհերին, ասել է, թե նա դեմ գնաց մեր եկեղեցուն:

Պրն. Աթեշյանը (մեղք է նրան սրբազան անվանելը) իր չմտածված կամ գուցե «լավ» մտածված քայլով սրբապղծեց մեր նահատակների և մարտիրոսվածների հիշատակը: Հասկանալի է, որ նա չի ծառայում հայ համայնքին, այլ փորձում է ամրապնդել իր աթոռը և շարունակել հաճոյանալ թուրք կառավարիչներին, մոռանալով, որ իրենից առաջ եղել են պատրիարքներ,  ոչ թե փոխանորդներ, բայց ոչ մեկն իր նման չի եղել:

Տարիներ շարունակ տեղական մամուլի հրապարակումներից իմանում ենք, որ նա արհեստականորեն խոչընդոտում է դարձի եկող դավանափոխ հայերի մկրտվելուն՝ անհիմն ու անհեթեթ տեղեկանքներ պահանջելով, մեկ էլ հանդգնում է հրովարտակ ուղարկել Հայաստանյաց առաքելական եկեղեցիներին՝ թե չմկրտե՛ք դավանափոխ եղած, իրենց արմատները վերագտնել ցանկացող արևմտահայերին, մինչև իր համաձայնությունը չլինի:

Կարծեք թե Հայ Առաքելական եկեղեցին խաղալիք է դարձրել իր ձեռքում: Բայց ո՞վ է նա, որ բռնանա մարդկանց կամքին, չափից ավելի լիազորություններ չի՞ վերապահել ինքն իրեն: Այստեղ էլ անհասկանալիորեն հեզ ու խոնարհ հետևում են սույն ազգադավի պատգամներին, անգամ պետական կառույցներն են փորձում միջամտել, այն դեպքում, երբ աշխարհի գրեթե բոլոր երկրների սահմանադրություններում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության, գրված է, որ մարդն ունի խղճի, դավանանքի ազատության իրավունք, որ դա իր նեղ անձնական գործն է:

Այդ մարդու գործելաոճը հակասում է թե՛ հոգևոր , թե՛աշխարհիկ օրենքներին: Հիմա էլ համարձակվում է ժամանել Հայաստան, չգիտակցելով մեր ցավն ու վիրավորվածության աստիճանը: Իսկ մենք նրան հավուր պատշաճին կմատուցենք թե՛ օդանավակայանում, թե՛ Ձեր նստավայրում, թող չպղծի մեր սուրբ հողն ու ավետյաց երկիրը…

Վեհափառ տեր, աշխարհասփյուռ հայության  վիրավորված ինքնության միակ մխիթարանքն է, ինչպես նաև մեր եկեղեցու պատիվը բարձր պահելու հրամայական՝ ապաշնորհ ու տգետ հոգևորականին ժամ առաջ կարգալույծ անելը, նրա հարցը բարձրացնելով Մայր Աթոռ  սուրբ Էջմիածնի Եպիսկոպոսաց Ժողովում:

Վեհափառ տեր, լիահույս ենք, որ աչքաթող չեք անի հայի անունն ու պատիվը արատավորողի սրբապիղծ արարքն ու կկատարեք նրան արժանի պատժիչ քայլը:

 

«Թույլ չենք տալու Արամ Աթեշյանին Հայաստան մտնել» հասարակական–քաղաքացիական նախաձեռնություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930