Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոմերսանտի» անդրադարձը պետերբուրգյան հանդիպումից առաջ

Հունիս 20,2016 12:09

2016թ. հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում նախատեսված Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության նախագահներ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի հանդիպումից առաջ ռուսական «Կոմերսանտը» ծավալուն հոդված է հրապարակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ։

Թերթը նշում է, որ պատերազմի շեմին գտնվող հակամարտող կողմերի համաձայնությունը՝ բանակցությունները շարունակել Ռուսաստանում, արդեն իսկ Մոսկվային է վերադարձնում հակամարտության կարգավորմանը նպաստող առաջատարի դերը։ Մոսկվայի առջև բարդ խնդիր է դրված, որովհետև Ռուսաստանը պետք է ամրապնդի ոչ միայն հրադադարի ռեժիմը, թույլ չտա, որ ծավալվեն ռազմական նոր գործողություններ, այլև առաջընթաց գրանցի բանակցային գործընթացում և հստակեցնի ապագա կարգավորման ճանապարհային քարտեզը։

Թերթը նաև որոշ մանրամասներ է հրապարակել հանդիպման ձևաչափի վերաբերյալ։ Սպասվում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ, իսկ երեկոյան նրանք կհանդիպեն եռակողմ ձևաչափով, որին ներկա կլինեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

PetersburgՀոդվածագիրը խիստ կարևոր է համարում հանգամանքը, որ հանդիպումը տեղի է ունենալու Ռուսաստանում, որովհետև 2016թ. մայիսի 16-ին Վիեննայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում լրջորեն քննարկվում էր, թե որտեղ պետք է տեղի ունենա նախագահների հաջորդ հանդիպումը։ Որպես հնարավոր տարբերակ նշվում էր Փարիզը, սակայն Ադրբեջանի նախագահի՝ Գերմանիա կատարած այցի ընթացքում կանցլեր Մերկելը հայտարարեց, որ հակամարտության կարգավորման գործում առաջատարի դիրքը Մոսկվայինն է։ Ռուսական պարբերականի կարծիքով՝ պետերբուրգյան հանդիպումը Մերկելի խոսքերի ապացույցն է։

Հոդվածում հիշել են նաև 2011թ. Կազանում տեղի ունեցած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը, երբ թվում էր թե լուրջ առաջընթաց է գրանցվել բանակցային գործընթացում, բայց կողմերին կրկին չհաջողվեց համաձայնության գալ. «5 տարի անց իրավիճակը նկատելիորեն փոխվել է տարածաշրջանում՝ այդպիսով ավելի փխրուն դարձնելով ստատուս-քվոն, կողմերի հռետորաբանությունը ավելի կոշտ է դարձել»։

Ռուսական պարբերականի ծավալուն անդրադարձում ներառվել են մի շարք փորձագետների կարծիքները։ Մասնավորապես միջազգային հարցերով ռուսական խորհրդի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը նշել է. «Ռուսաստանի շահը հակամարտությունը սառեցնելն է, չկատարել վերջնական ընտրություն Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Արագ առաջընթացն անհնար է, որովհետև փոխզիջումների համար անհրաժեշտ կամքը բացակայում է և´ Հայաստանում, և´ Ադրբեջանում»։

Ռուս վերլուծաբաններից մեկն էլ նշել է, որ հանդիպման գլխավոր նպատակը պետք է լինի հրադադարի ռեժիմի ամրապնդումն ու կայունության վերականգնումը ու եթե Վլադիմիր Պուտինը ներդրել է իր քաղաքական կապիտալը եռակողմ այդ հանդիպմանը, ապա չի կարող թույլ տալ, որ նախագահների միջեւ հանդիպումը ձախողվի։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930