Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի կինոռեժիսորը լրացնում է մշակութային «բացերը»

Հունիս 20,2016 13:30

Արման Մազմանյանը նաեւ այկիդոյի
սեւ գոտիների ազգային ֆեդերացիայի նախագահն է

Կինոռեժիսոր Արման Մազմանյանի (լուսանկարում) գործունեությունը միայն մշակույթի ոլորտում չէ: Նա 2006-15թթ. Հայաստանում Իտալիայի հյուպատոսարանում (նստավայրը՝ Գյումրի) վարել է Իտալիայի հյուպատոսի ներկայացուցչի պաշտոնը, 2012-ից էլ այկիդոյի սեւ գոտիների ազգային ֆեդերացիայի նախագահն է: Կինոռեժիսորը վերջերս համագործակցելով Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Մլքեյանի հետ, լրացրեց մանկական օպերաների «բացը»՝ ազգային օպերային թատրոնում բեմադրելով Ազատ Մանուկյանի «Չարի վերջը» («Առավոտ», 14.06.2016թ.), հիմա էլ ձեռնամուխ է եղել ֆիլմ-օպերայի աշխատանքներին:

Արման Մազմանյանը, որ հեղինակ է մի քանի տասնյակ փաստավավերագրական ֆիլմերի, վերջին շրջանում մի «բաց» էլ է լրացնում: Իրականացնում է զբոսաշրջությանն աջակցող նախագիծ: Այս առիթով «Առավոտի» հետ զրույցում նա հայտնեց, որ նախագծի շրջանակներում ֆիլմերը ճանաչողական բնույթի են: «20 ֆիլմ եմ նկարահանել Սանկտ Պետերբուրգում, 25-ը՝ Հայաստանում: Գերնպատակս է ֆիլմերիս միջոցով բացահայտել առաջին հայացքից այնպիսի բաներ, որ թվում է, թե հայտնի են բոլորին: Բայց սա միայն թվում է: Համոզված եմ, որ նման ֆիլմերը կհետաքրքրեն ոչ միայն հայ եւ ռուս զբոսաշրջիկներին»,- հայտնեց մեր զրուցակիցը: Հավելեց նաեւ, որ մինչեւ տարեվերջ կբացվի հիշյալ նախագծի վեբ-կայքը:

S 3

Արման Մազմանյանը (աջից)՝ Ճապոնիայի եւ ՌԴ-ի ֆեդերացիաների գործընկերների հետ:

Կինոռեժիսորի աշխատանքները քանիցս արժանացել են միջազգային կինոփառատոների բարձր մրցանակների: Շուրջ 50 ֆիլմերից նշենք 1-2-ը. Հայաստանի եւ Հայ առաքելական եկեղեցու մասին պատմող «Հավերժ սիրո ճանապարհ» ֆիլմը, որը 2007թ. Իտալիայում մրցանակ ստանալուց բացի, շուրջ մեկ տարի չէր իջնում իտալական TV-ների էկրաններից: Կամ՝ Հունգարիայում 2009թ. կայացած միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր «Արարատի երկու կողմերը» ֆիլմը, Իտալիայի պատմական վայրերն ու այնտեղ եղած հայկական հետքերը փաստող «Իմ ճանապարհորդությունը Իտալիա» աշխատանքն էլ 2010թ. պարզապես «շրջեց» ողջ աշխարհը: «Արարատի երկու կողմերը» ֆիլմի առիթով ռեժիսորը հիշեց. «Երբ հյուրի կարգավիճակով հրավեր ստացա մասնակցել Կարսի միջազգային կինոփառատոնին, այնտեղ գաղափար մտահղացավ հաջորդ տարի այդ փառատոնին ներկայանալ մեր պատմական հողերի մասին պատմող ժապավենով:

Լուծման ձեւն էլ էի գտել, ինչն արտահայտվեց երաժշտության ու կադրերի միջոցով, բնականաբար, հասկանալի պատճառով՝ տեքստ չէր կարող լինել: Նկարահանեցի ֆիլմը, բայց քանի որ կինոփառատոնը հովանավորող Կարսի գործող քաղաքապետին փոխարինեց նորը, որը դադարեցրեց փառատոնի ֆինանսավորումը, «Արարատի երկու կողմերը» Հունգարիայում գլխավոր մրցանակ ստանալուց հետո, «շրջագայեց» շատ երկրներ»: Արվեստագետը հիշեցրեց իր նախաձեռնությամբ 2004թ. հանրապետության բոլոր մարզերում անցկացված լուսանկարչական եւ 2008թ. կինոփառատոների մասին. «Բացի այն, որ այդ միջոցառումների նպատակն էր ծանոթանալ նշված ոլորտներում ստեղծագործող երիտասարդներին եւ լավագույն աշխատանքները ցուցադրել մարզկենտրոններում, այլեւ խնդիր էինք դրել աջակցել նրանց անվճար դասընթացների ձեւաչափով, ինչն իրականացրինք որոշ մանկատների եւ դպրոցների սաների հետ: Նրանցից շատերն ընդունվեցին մշակութային բուհեր: Այսօր էլ 2007թ. իմ կողմից հիմնած «Մազմանյան հոլդինգ» կինոստուդիայում (Գյումրի) ստեղծագործում են այդ փառատոների երբեմնի մասնակից որոշ շնորհալի պատանիներ: Ի դեպ, 2012թ. կինոստուդիայի մասնաճյուղն եմ հիմնել Սանկտ Պետերբուրգում»:

Հարցին՝ 2015թ. ի՞նքը հրաժարվեց Հայաստանում Իտալիայի հյուպատոսի ներկայացուցչի պաշտոնից, Արման Մազմանյանը նախ նշեց, թե պաշտոնավարելու առաջարկը ստացել է իտալացիների կողմից, երբ շուրջ 10 տարի առաջ այդ երկրում ներկայացնում էր իր ֆիլմը, հետո էլ ժպտալով հավաստիացրեց. «Ներսիս արվեստագետը ի վերջո հաղթեց, մանավանդ՝ երբ Սանկտ Պետերբուրգում բացեցի կինոստուդիայիս մասնաճյուղը»:

2012թ.-ից այկիդոյի սեւ գոտիների ազգային ֆեդերացիայի նախագահից հետաքրքրվեցինք մարտարվեստի այս ձեւի հայ մարզիկների հաջողություններով: Այկիդոյի միջազգային կարգի սեւ գոտի 4-րդ դանի վարպետ Արման Մազմանյանը հակիրճ պատասխանեց. «Մեր մարզիկները համապատասխանում են միջազգային ստանդարտներին եւ ինչ-որ տեղ ավելին են…»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

18.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930