Եվրո-2016-ին մասնակցելու նպատակով Ֆրանսիա մեկնած Թուրքիայի ազգային հավաքականի ցուցադրած արդյունքները լուրջ դժգոհություն են առաջացել այդ երկրում՝ քննադատության հսկայական տարափ ուղղելով ֆուտբոլիստների և հավաքականի մարզիչ Ֆաթիհ Թերիմի հասցեին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։
Թուրքիայի ազգային հավաքականի հանդեպ դժգոհությունն առաջացավ, երբ առաջին տուրում Խորվաթիայի հավաքականից կրած պարտությունից հետո, թուրքերը խոշոր՝ 0-3 հաշվով պարտվեցին Իսպանիայի ազգային հավաքականին, երկու խաղում չկարողանալով գոնե 1 անգամ գրավել մրցակցի դարպասը։ Ընդ որում, Իսպանիայից 0-4 պարտությունն առաջին խոշոր հաշիվն էր, որ գրանցվեց ֆուտբոլի Եվրոպայի 2016թ. առաջնության ընթացքում։
Ֆուտբոլիստների և ազգային հավաքականի հանդեպ առաջացած դժգոհությունն անհանգստացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որը ելույթներից մեկի ժամանակ պաշտպանել է իր երկրի ազգային հավաքականին և քննադատել այն երկրպագուներին, որոնք անվայել պահվածք են դրսևորում սեփական երկրի հավաքականի հանդեպ։
Կարդացեք նաև
Էրդողանն իր խոսքում անդրադարձել է նաև թիմի ավագ և Բարսելոնայի ֆուտբոլիստ Արդա Թուրանի շուրջ ստեղծված իրավիճակին, երբ Իսպանիայի հետ հանդիպման ժամանակ մարզադաշտի թուրք երկրպագուները սուլում էին, երբ գնդակը հայտնվում էր Թուրանի մոտ և պահանջում էին, որպեսզի ֆուտբոլիստը լքի թիմը։
Երկրպագուները մեղադրում են ֆուտբոլիստին հավաքականի խաղերին չնվիրվելու համար։ Այս կապակցությամբ Էրդողանն ասել է. «Առաջին երկու խաղերում մեր հավաքականը, ցավոք, մեկը մյուսի հետևից, երկու պարտություն կրեց։ Ես ոչ մի կերպ չեմ կարող բացատրել երկրորդ խաղի ընթացքում մեր ավագի հասցեին հնչած արտահայտությունները, երբ դրանից առաջ մինչև երկինք էինք հասցնում նրան։ Այդ ի՞նչ եղավ, որ հնչեցին «դուրս արի» բացականչությունները։ Դուք չեք ամաչո՞ւմ»։
Տեղեկացնենք, որ Եվրո-2016-ի շրջանակներում Թուրքիայի ազգային հավաքականն իր վերջին հանդիպումը կանցկացնի հունիսի 21-ին՝ Չեխիայի ազգային հավաքականի հետ։