Հունիսի 17-ին Հայաստանում ֆրանսիական համալսարանում կայացած միջոցառմամբ տրվեց «Աջակցություն Հայաստանի հանրակրթական դպրոցներում եւ համալսարաններում ԵՄ-ի մասին դասընթացների կազմակերպմանը» ծրագրի մեկնարկը:
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից եւ իրականացվում է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության հետ համագործակցաբար:
«Աջակցություն Հայաստանի հանրակրթական դպրոցներում եւ համալսարաններում ԵՄ-ի մասին դասընթացների կազմակերպմանը» ծրագրի նպատակն է ընդլայնել հայաստանյան հանրակրթական, միջին մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում Եվրոպական միության (ԵՄ) վերաբերյալ դասավանդումը: Այն հիմնված է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացված «Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը` Հայաստանում բարեփոխումների վերաբերյալ» ծրագրի՝ կրթական բաղադրիչի մասով ձեռքբերումների վրա:
Ծրագրի արդյունքում ակնկալվում է ԵՄ մասին գործող առարկայական ծրագրերի, դպրոցական մոդուլային դասագրքի եւ համալսարանական ձեռնարկի բարելավում, վերապատրաստումների միջոցով ներգրավված ուսումնական հաստատությունների դասավանդողների կարողությունների զարգացում: ԵՄ մասին դասավանդումը հանրակրթական, միջին մասնագիտական ու բարձրագույն ուսումնական հաստատությունների սովորողներին կնպաստի Եվրոպական միության, վերջինիս արժեքների, քաղաքականության եւ հաստատությունների, ինչպես նաեւ ԵՄ-Հայաստան համագործակցության վերաբերյալ իրազեկվածության ու իմացության բարձրացմանը Հայաստանի երիտասարդ սերունդի մոտ: Հատուկ կարիքներ ունեցող սովորողների համար հարմարեցված մեթոդաբանության եւ ուսանողակենտրոն դասավանդման ու ուսումնառության մոտեցումների մշակման ծրագիրը իր ներդրումը կունենա Հայաստանի կրթական համակարգում:
Կարդացեք նաև
«Առավոտ»
18.06.2016