Կարելիայի լճերից մեկի շրջակայքում կազմակերպված էքսկուրսիայի ժամանակ զոհվել է 11 երեխա և մեկ մեծահասակ։ Այդ մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։
Տեղի ունեցածի մասին առաջին տեղեկություններն է հայտնել գործի կապակցությամբ ընթացող հետաքննության պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը։ Հաղորդվում է, որ դեպի Կարելիայի լճերից մեկն ուղևորված զբոսաշրջիկների չգրանցված խումբը, որտեղ երեխաներ են եղել, որոշել է նավակներով ժամանակ անցկացնել լճում։ Եղանակային պայմաններն անսպասելի վատացել են, փոթորիկ է սկսվել, որի հետևանքով նավակները շրջվել են։
Ձեռնարկած գործողությունների արդյունքում Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ-ին հաջողվել է փրկել 36 մարդու։ Նշվում է, որ խեղդվողների թվում հիմնականում եղել են այն երեխաները, որոնք չեն ունեցել փրկարարական համազգեստ։
Կարդացեք նաև
Տեղի ունեցածի կապակցությամբ իր ցավակցություններն է հայտնել նաև Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը՝ նշելով, որ զոհված երեխաները բնակվում էին Մոսկվայում։
Տեղեկացնենք նաև, որ դեպքի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին իր ցավակցություններն է հայտնել նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։