Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ հունիսի 20-ին շարունակվում էր ստվարաթղթե հրասայլով ԱԱԾ դարպասներին հարվածելու գործի քննությունը:
Դատական նիստի ընթացքում հարցաքննվեց վկա Արման Ղարիբյանը: Նա նշեց, որ 2016 թվականի դեկտեմբերի 9-ին հանդիպել է Արտակ Գեւորգյանին, ինչից հետ փողոցներով շարժվել են դեպի Ազգային անվտանգության շենք. «Հանդիպեցինք Սարյանում, Սարյանից գնացինք Թումանյան, հետո գնացինք Օպերա, հետո բարձրացանք ԿԸՀ, հետո նախագահական, հետո իջանք Ազգային անվտանգության շենք»:
Արման Ղարիբյանը նշեց, որ Արտակ Գեւորգյանը հրասայլը այդ փողոցներով հրելով էր գնում. «Ըստ ինձ, դա արվեստի գործ էր»:
Պատասխանելով Արտակ Գեւորգյանի ներկայացուցիչ Տիգրան Սաֆարյանի հարցին` վկան պատասխանեց. բոլորը ուրախ էին, ոչ ոք չվախեցավ, նույնիսկ նկարում էին, մարդիկ շատ ոգեւորված էին, եւ հանդիպել են ոստիկաններին. «Ոչ մի խնդիր չկա, ընդամենը ասացին՝ հետեւը «օտրաժատել» ա պետք դնել»:
Կարդացեք նաև
Արման Ղարիբյանը ասաց, որ հրասայլը ոչ թե հարվածել է ԱԱԾ դարպասին, այլ՝ ԱԱԾ շենքին:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ