Լրահոս
Օրվա լրահոսը

Տղերք կան, որ մի ամբողջ հայրենիք են

Հունիս 20,2016 08:51

Մարտակերտի անձրևը ձյան փխրունություն ուներ, բայց ոչ ձյունը, ոչ անձրևը զգալի չէին, երբ կողքիդ քեզ տարեկից հերոսներն են:

Հակառակորդի երկու տանկ խոցած, հարյուրավոր մարդկային զոհեր պատճառած կապուտաչյա նշանառու Սամվել Սաղաթելի Սահակյանը, և պատերազմի ծխի սևությունը դեռ չհաղթահարած մեխանիկ-վարորդ Գևորգ Մարտիկի Խաչատրյանը:

Samvel SahakyanԶրույցի սկզբում Սամվելի հայացքն անորոշ ու փնտրող էր, պատասխանները՝ կցկտուր: Երբ Գևորգը միացավ մեզ, Սամվելը խաղաղվեց. հետո պիտի հասկանայինք, որ ընկերոջն էր սպասում: Մարտական ընկերները միասին են վերադարձրել կորցրած դիրքերը, խոցել հակառակորդի երկու տանկ, պատճառել մոտ 300 մարդկային զոհ՝ չորս օր ապրելով տանկում՝ առանց մայրամուտի, արևածագի ու ծխախոտի:

Հակառակորդի կորուստներից տղերքն առավել կարևորում էին պատճառած մարդկային կորուստները. երկուսն էլ, իհարկե, կարևոր են, բայց երկաթը՝ երկաթ,մարդը՝ մարդ, ու երբ գիտակցում ես, որ մարդն է քեզ ընտրում որպես թիրախ, թշնամանքը մեծանում է:

-Ամեն կրակոցից հետո աչքերներս փակում էինք՝ հասկանալու՝ կպավ, թե չէ:

Samvel Sahakyan-1Սամվելի աչքերը րոպեի ընթացքում մի քանի գույն էին ստանում. ասում է, թե կրակելիս աչքերի առաջ ունեցել է հորեղբոր դիմագիծը.

Տարիներ առաջ նույն հողում իր կյանքը հայրենիքն է նվիրաբերել Սամվելի հորեղբայրը, որը 1994թ.-ի հունվարի 28-ին ընտրել է հավերժի ճամփան: Հորեղբոր անունը պատվով կրող Սամվելը շարունակողն է նրա անավարտ գործի:

Gevorg KhachatryanԻսկ Գևորգի աչքերի գույնը պատերազմի օրերին փոխվել է՝ մի տեսակ ավելի մգացել: Սամվելն ասում է, թե ընկերոջ ամենալավ լուսանկարն իր մոտ է. ժպտում են. լուսանկարում ծխահարված Գևորգին ճանաչելն անհնար է:

Տղերքն առաջարկեցին Թալիշ տանող ճանապարհին ուշադիր լինել. աջ կողմում իրենց շարքից հանած տանկն է:

Գևորգն ու Սամվելն իրենց խոցած տանկերը նվիրում են այն տղերքին, որ հետմահու արժանացան հերոսի կոչման :

Իրենք էլ են արժանացել հերոսի կոչման այսուհետ՝ Մարտական խաչ շքանշանի կրողներ են:

Gevorg Khachatryan-1Գևորգը շքանշանը տվել է դասակի հրամանատարին, որ մինչև ծառայության ավարտը ապահով ձեռքերում լինի, Սամվելը թեպետ կրում էր շքանշանը, բայց առավել կարևորում այդ օրերի հաջողությունները. Նշանառուն գիտակցել է, որ իր դիպուկությունն իր մարտական ընկերների կյանքն արժե, ամեն զարկից առաջ մտովի հասել է իր ամեն ընկերոջ ընտանիք ու հասկացել՝ ելքը մեկն է .

-Հո՞ չէինք թողնելու թուրքերը մեր հող մտնեին, մեր ընտանիքներ հասնեին:

Տղերքը վարպետացել են իրենց մարտական գործում, բայց կատակում են, թե դեռ վարպետանալու խնդիր կա աղջիկների հարցում. սպասող ընկերուհիներ չունեն, փոխարենը Գևորգին բոլորից շատ սպասում է եղբոր 4-ամյա դուստրը:

Իրենց ընտրությունը տղաների մեքենաներով պայմանավորող աղջիկների համար Սամվելն ասելիք ունի. իր ընկերները գուցե 80,000 դոլար արժեցող մեքենա են վարում, բայց ինքը երկու տարի անձնական վարորդով 800,000 դոլար արժեցող տանկով է երթևեկել:

Սամվելը զորացրվելուց հետո ամենից շատ Շուշիի բարձունքի տանկն է կարոտելու, իսկ Արցախ դեռ վերադառնալու է ՝ ընկերոջ ետևից….

16 օրից տղերքը քաղաքացիական կյանքով կապրեն, բայց բանակային հիշողությունները աննվաճ կմնան, ինչպես աննվաճ մնաց 162-րդ մարտական դիրքը, որտեղ տղերքը փայլուն մարտ են վարել՝ երախտապարտ մնալով իրենց հրամանատարին, որ իր մեքենայով առաջնորդել է ՝ միշտ պատրաստ կրելու առաջին հարվածը:

Մարտակերտի անձրևը ձյան փխրունություն ուներ, բայց ոչ ձյունը, ոչ անձրևը զգալի չէին, երբ կողքիդ քեզ տարեկից հերոսներն են:

Հերոսներն էլ երազանքներ ունեն.

Երբ Գևորգին հարցրինք, թե ինչ երազանք ունես, Սամվելը ժպտաց ու խնդրեց ընկերոջ փոխարեն ինքը պատասխանի.

-Ընկերս երազում է տղա ունենալ, որ իմ անունով կոչի:

Մարտակերտից բաժանվեցինք՝ մեզ հետ բերելով հերոսների ապրումները, հիշողությունները, երազանքներն ու Սամվելի շքանշաններից մեկը:

Պատիվ ունեին՝ Մերի Աբրահամյանը, Լիլիթ Հարությունյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930